Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի «10» թիվը փոխարինել «15» թվով:
Հոդված 2. Օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի «տասը» բառը փոխարինել «տասնհինգ» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը
Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտի արտոնություններից օգտվող շահառուների թվի ավելացման հետ՝ պայմանավորված պատերազմական գործողություններին մասնակցած անձանց թվաքանակի աճով, սոցիալական վիճակի հնարավոր վատթարացմամբ: Հաշվի առնելով այս հանգամանքը նախագիծը դրական կազդի բուհերի կենսունակության բարձրացման վրա:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Համաձայն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի՝ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոսին ծառայության մատուցման հետ կապված ծախսի հաշվառման եւ նույն օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի՝ պետության կողմից բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոս հարկման բազայի չափով համախառն եկամտից նվազեցումները հնարավորություն են տալիս բուհերին սահմանել ուսման վարձերի փոխհատուցման ենթակա շահառուների շրջանակը: Հաշվի առնելով ուսման վարձերի արտոնություններից օգտվողների թվաքանակի ավելացումը նշված հանգամանքը կարող է եւ արդեն իսկ առաջացնում է խնդիրներ ԲՈՒՀ-ական համակարգում: Ըստ այդմ կարծում ենք ծախսագրման ենթակա գումարի մասնաբաժնի ավելացումը կնպաստի բուհերի կենսունակության բարձրացմանը, կրթության խթանմանը եւ մատչելիությանը:
Ակնկալվող արդյունքը
Սույն նախագծի ընդունման պայմաններում ակնկալվում է կրթության ոլորտի շահառուների համար ուսման վարձի փոխհատուցման լիարժեք պայմանների ապահովում՝ որի արդյունքում բուհերում խոցելի եւ արտոնություններից օգտվող ուսանողների թվաքանակի ավելացումը չի հանգեցնի ԲՈՒՀ-ի ֆինանսական կայունության խաթարմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.
1. օրենքի նախագիծը,
2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,
3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյան:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ | ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |