Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-262-22.05.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-142-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ.1» կետով.

«դ.1) Թերթերի, ամսագրերի, ինտերնետային կայքէջերի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը այլ թերթերում, ամսագրերում, ինտերնետային կայքէջերում թույլատրվում է իրականացնել միայն նպատակն արդարացնող ծավալով: Անկախ վերարտադրման ծավալից՝ հոդվածներից քաղվածքների վերարտադրումը չպետք է ամբողջությամբ բացահայտի հոդվածի էությունը՝ չսպառելով հոդվածի սկզբնաղբյուրից օգտվելու անհրաժեշտությունը: Թերթերում, ամսագրերում, ինտերնետային կայքէջերում այլ թերթերի, ամսագրերի, ինտերնետային կայքէջերի հոդվածներից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել հոդվածի սկզբնաղբյուրին: Ինտերնետային կայքէջերի հոդվածներից քաղվածքներ մեջբերելիս ինտերնետային կայքէջի ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է»:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հեղինակային իրավունքների եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում ոչ միայն առավել մանրամասն սահմանել թերթերի, ամսագրերի հոդվածներից քաղվածքների օգտագործման կարգը, այլ նաեւ կարգավորում է ինտերնետային կայքէջերի հոդվածների օգտագործման կարգը: Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ բազմաթիվ լրատվական կայքերի առկայությունը հնարավորություն են տալիս ազատորեն վերարտադրել սկզբնաղբյուր հանդիսացող թերթերի տեղեկատվական, նույնիսկ վերլուծական հոդվածները տարբեր կայքերում: Ընդ որում հոդվածները շատ հաճախ վերարտադրվում են ամբողջությամբ, այլ ոչ թե նպատակը արդարացնող ծավալով, ինչպես դա նախատեսված է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, իսկ երբեմն էլ նույնիսկ չի նշվում հոդվածի սկզբնաղբյուրը: Այս խնդիրը առկա է նաեւ լրատվական կայքէջերի համար, քանի որ շատ հաճախ ամբողջությամբ վերարտադրվում են ոչ միայն թերթերի, այլ նաեւ սկզբնաղբյուր կայքէջերի տեղեկատվական, վերլուծական հոդվածները: Այս պարագայում ընթերցողին ամբողջ լրատվական դաշտում առկա տեղեկատվությանը ծանոթանալու համար բավարար է այցելել միայն մեկ կայքէջ, ինչի հետեւանքով աճում են միայն որոշակի կայքերի այցելությունների քանակը: Ստեղծված իրավիճակում մեծ վնաս է հասցվում հոդվածների սկզբնաղբյուրներին, քանի որ նրանց կողմից հրապարակված հոդվածները կորցնում են իրենց էքսկլուզիվությունը, էականորեն կրճատվում է թերթերի տպաքանակը, կայքէջերի այցելությունների քանակը: ՀՀ օրենսդրությամբ առկա ներկայիս կարգավորումը բավարար չէ հոդվածների սկզբնաղբյուրների իրավունքների եւ օրինական շահերի ամբողջական պաշտպանությունը ապահովելու համար, ուստի նախագծով առաջարկվող լուծումները որոշակի հստակություն կմտցնեն այս ոլորտի կարգավորման հարցում, կնպաստեն հեղինակային իրավունքեների առավել համապարփակ պաշտպանությանը: