Հոդված 1. «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատասխանող» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան շնորհվող» բառերը:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «պաշտոններ՝» բառից հետո լրացնել «առնվազն միջնակարգ կրթություն, » բառերը:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «4-7-րդ եւ 9-րդ» բառերը փոխարինել «7-9-րդ եւ 11-րդ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ.
«3) Համապատասխան մարմնի այն զինծառայողին, որը միաժամանակ՝
ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,
բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն,
գ. համարվում է տվյալ ստորաբաժանման զինծատայող եւ զբաղեցնելու է հավասարազոր կամ հավասարազոր պաշտոնի խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ եւ 2-րդ ենթախմբերի, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում 2-րդ ենթախմբի պաշտոն:»:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի`
1) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«8. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:
Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ մասնագիտական գիտելիքները եւ ունակությունները, գործնական կարողությունները եւ կառավարչական հմտությունները ստուգելու նպատակով: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաեւ հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր:
Հարցատոմսի յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առավելագույնը 10 միավորով: Հարցազրույցն ավարտելուց հետո հրապարակվում են մասնակցի հավաքած միավորների ընդհանուր քանակը եւ դրա տոկոսային արտահայտությունը: Հարակից հարցերի պատասխանները գնահատվում են հարցատոմսի համապատասխան հարցի պատասխանի համատեքստում:
Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասունհինգ տոկոս՝ հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:
Մրցույթի հաղթող են ճանաչվում հարցազրույցի փուլը հաղթահարած այն երեք մասնակիցները, որոնց` թեստավորման եւ հարցազրույցի փուլերի արդյունքում ստացած տոկոսների հանրագումարը առավելագույնն է: Եթե միեւնույն առավելագույն տոկոսներ ստանալու դեպքում հնարավոր չէ պարզել մրցույթի երեք հաղթողներին, ապա միեւնույն առավելագույն տոկոսներ ստացած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:
Սույն հոդվածով սահմանված կարգով հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների թիվը 4-ից պակաս լինելու դեպքում հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:».
2) 10-րդ մասի երկրորդ պարբերությունում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով.
3) 13-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Եթե մրցույթի մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը չի ստացել հանձնաժողովի ներկա գտնվող անդամների գնահատականների առավելագույն հնարավոր միավորների առնվազն 75 տոկոսը եւ մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է նոր մրցույթ:»:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «, բացառությամբ սույն օրենքի 35?րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը հանել:
Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «երեք տարին մեկ» բառերը փոխարինել «երեք տարին լրանալուց հետո, բայց ոչ ուշ, քան չորս տարին լրանալը» բառերով,
2) 6-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ՝
«4) 63 տարին լրացած քաղաքացիական ծառայողները:»,
3) 10-րդ մասի առաջին պարբերությունում «աստիճան» բառից հետո լրացնել «կամ տվյալ պաշտոնում մեկ անգամ ատեստավորվել են» բառերը,
4) 11-րդ մասի 2-րդ կետի երրորդ պարբերությունում «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 7-րդ մասով եւ 8-րդ մասի առաջին ու երկրորդ պարբերություններով» բառերով,
5) 12-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հարցազրույցի արդյունքները (ճիշտ կամ սխալ լինելը) գնահատում է ատեստավորման հանձնաժողովը, որը հարցազրույցի արդյունքների հիման վրա յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Ատեստավորման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ: Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման եւ հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:»:
Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունում «մեկ անգամ` չորս տարի ժամկետով» բառերը հանել:
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2007թ. օրենքի ընդունումից հետո հանրային եւ քաղաքացիական ծառայությունների կազմակերպման ոլորտում կատարված մի շարք փոփոխություններ չեն ներառվել գործող օրենքում: Խնդիրը մասնավորապես վերաբերում է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի համար մրցույթի արդյունքների հաշվարկման, կրտսեր պաշտոնում նշանակման կարգի, ատեստավորման անցկացման հետ կապված հարաբերություններին:
2. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագծով նախատեսվում է ապահովել կադրային ճկուն քաղաքականություն եւ քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնները համալրել որակյալ կադրերով: Մասնավորապես, օրենքի նախագծով նախատեսվում է նույն ստորաբաժանման այն զինծառայողին, որը միաժամանակ բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները եւ այդ մասին տվել է գրավոր համաձայնություն, արտամրցութային կարգով նշանակել այդ պաշտոնին:
Օրենքի նախագծով նախատեսվում է նաեւ բարձրացնել թեստավորման առաջադրանքների համար սահմանված անցողիկ (ճիշտ պատասխանների) քանակը` 80%?ը փոխելով 90%-ով: Նախագծով նախատեսվում է նաեւ 63 տարին լրացած քաղաքացիական ծառայողին հերթական ատեստավորման չուղարկել՝ նկատի ունենալով, որ ակնկալվող հաջորդ ատեստավորումը, որը պետք է տեղի ունենա երեք տարի հետո (մինչեւ չորս տարին լրանալը), ըստ էության, դառնում է անհնար՝ սահմանային տարիքը լրանալու պատճառով: Բացի այդ, Նախագծով հստակեցվում է հերթական ատեստավորման ժամկետը, քանի որ գործող օրենքի համաձայն՝ մի դեպքում, քաղաքացիական ծառայողը ենթակա չէ հերթական ատեստավորման, եթե նախորդ ատեստավորումից չի անցել երեք տարին, մյուս դեպքում, քաղաքացիական ծառայողը ենթակա է ատեստավորման երեք տարին մեկ անգամ:
3. Նախագծի մշակման ընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության եւ ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության աշխատակիցների կողմից`
Ս. Սիմոնյան
Ա. Սեդրակյան
Հ. Թարվերդյան
4. Ակնկալվող արդյունքը
Ապահովել հանրային ծառայության կազմակերպման ոլորտում միասնական քաղաքականության իրականացումը, օրենսդրական կարգավորումների միատեսակությունը, կադրային ճկուն քաղաքականության իրականացումը: