Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաշվի առնելով «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման եւ ստանձնած վարկային պարտավորությունների վերաբերյալ հանրային լուրջ հնչեղություն ունեցող բազմաթիվ հրապարակումները, անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու փաստը, ինչպես նաեւ նկատի ունենալով հանրապետության սոցիալ տնտեսական վիճակի վրա ընկերության զգալի դերակատարությունը եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածներով, ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ստեղծել «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):
2. Հանձնաժողովի խնդիրներն են, ուսումնասիրել՝
2.1. «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման գործընթացը, ՀՀ կառավարության եւ գնորդի ստանձնած պարտավորություններն (ըստ կատարման ժամանակացույցի) ու դրանց փաստացի կատարման վիճակը,
2.2. մասնավորեցումից մինչեւ այժմ ընկերության բաժնետերերի փոփոխության, կախյալ կամ դուստր ընկերությունների ձեւավորման գործընթացը եւ նպատակները,
2.3. «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության շուրջ դրա բաժնետերերի, ինչպես նաեւ կախյալ կամ դուստր ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունները եւ դրանց օգտագործման ուղղությունները,
2.4. գործարանի վերագործարկման համար ընկերության ստանձնած վարկային պարտավորությունները եւ դրանց օգտագործման արդյունավետությունը.
2.5. ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը եւ կառավարման արդյունավետությունը,
2.6.ընկերության վերագործարկման ուղղությամբ իրականացված միջոցառումներն եւ զարգացման ծրագրերն:
3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս՝
3.1. հարցումներով դիմում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերությանն, որոնք ողջամիտ ժամկետներում տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվությունը,
3.2. Հանձնաժողովի որոշմամբ հրավիրում է պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ եւ տեղեկատվություն ստանալու նպատակով,
3.3. իր աշխատանքներում ներգրավում է համապատասխան մասնագետների եւ փորձագետների,
3.4. «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալի տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառների գնահատականի վերաբերյալ իր գրավոր եզրակացությունը ներկայացնում է համապատասխան իրավասու մարմիններին:
4. Հանձնաժողովի անդամներն, ինչպես նաեւ Հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված մասնագետներն ու փորձագետները, Հանձնաժողովի որոշմամբ, կարող են այցելել «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերություն՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
5. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունն ունի Հանձնաժողովի կազմում 2, իսկ մնացած խմբակցությունները՝ մեկական ներկայացուցիչ ներկայացնելու իրավունք: Հանձնաժողովն իր կազմից, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրում է նախագահ:
6. Խմբակցությունները Հանձնաժողովի կազմում իրենց անդամներին ներկայացնում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11:00-ին:
7. Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:
8. Հանձնաժողովը իր գրավոր եզրակացությունը Ազգային ժողովի նիստում ներկայացնում է մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 5-ը: Եզրակացության վերաբերյալ դիտողություններ եւ առարկություններ ունեցող Հանձնաժողովի անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է Հանձնաժողովի եզրակացությանը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության մասին
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության սոցիալտնտեսական կյանքի վրա «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության ունեցած զգալի դերակատարությամբ, ինչպես նաեւ գործարանի պարապուրդի կամ տեւական ժամանակ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու հանգամանքների, ու ընկերության մասնավորեցման եւ ստանձնած վարկային պարտավորությունների վերաբերյալ մամուլում հանրային լուրջ հնչեղություն ունեցող հրապարակումներն ուսումնասիրելու եւ ընկերության վերագործարկման ուղղությամբ իրականացման ենթակա առաջարկությունների մշակման անհրաժեշտությամբ: