Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում կատարել հետեւյալ լրացումները.
32-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետում «հետեւանքների վերացման» բառերից հետո լրացնել «, սեյսմիկ անվտանգության ապահովման» բառերը:
33-րդ հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետում «տարերային եւ տեխնոլոգիական» բառերից առաջ լրացնել «սեյսմիկ ռիսկը նվազեցնելու,» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրության 2-րդ կետին համապատասխան մշակված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1760-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագրի» 12-րդ կետի` «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի» 6-րդ հոդվածի 7-րդ կետով, 18-րդ հոդվածով, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՆԱ-6 հանձնարարականի 1-ին կետի, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի N ԱԽ-1/403 12.04.2011թ. հանձնարարականի 1-ին կետի:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ոլորտը ներառում է ընթացիկ իրավիճակի ստորեւ բերված նկարագրությունը եւ խնդիրները, որոնք կարող են լուծվել նախագծի ընդունմամբ՝ հստակ սահմանազատված չեն սեյսմիկ անվտանգության ապահովման հարցերով պետական կառավարման հանրապետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաեւ նրանց համագործակցության հարցերը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում քաղաքականությունն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախատեսվող օրենքի նախագծը նպատակ ունի հստակեցնելու լիազորությունները` ամրագրելով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունները որպես պարտադիր լիազորություններ, կատարելագործել բնագավառը կարգավորող իրավական դաշտը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում:
6. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվում է սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունների հստակեցում:
7. Այլ տեղեկություններ
Այլ տեղեկություններ չկան: