Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-278-06.06.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը 35-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36-րդ եւ 37-րդ կետերով.

«36) օտարերկրացի՝ սույն օրենքի իմաստով՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի,

37) քաղաքացիություն չունեցող անձ` սույն օրենքի իմաստով՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող քաղաքացիություն չունեցող անձ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ իրավական ակտի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը

Նախագծերի փաթեթը ներկայացվում է ՀՀ-ում բնակության իրավունք (կացության քարտ) չունեցող օտարերկյա քաղաքացիների՝ պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցության իրավունքի հստակեցման, ինչպես նաեւ՝ եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում գրանցելու կապակցությամբ առկա խնդիրները լուծելու նպատակներով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիրության սկզբունքով մաս են կազմում նաեւ օտարերկրյա քաղաքացիները:

Գործատուները, որպես հարկային գործակալներ, պետք է մասնակիցներին վճարված եկամուտներից հաշվարկեն եւ փոխանցեն կուտակային վճարը՝ հարկային մարմնում գրանցելով իրենց հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին եւ պայմանագրային եկամուտ ստացողներին, ինչպես նաեւ՝ նրանց համար ներկայացնելով անձնավորված հաշվարկ:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել`

1) նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) համար գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ.

2) եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող (բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացողի) ֆիզիկական անձանց համար հաշվարկված (քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարված) եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաեւ հաշվարկված եւ պահված կուտակային վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ:

Ըստ այդմ, գործատուները պարտավոր են օտարերկրյա քաղաքացիներին եւս գրանցել եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում՝ օտարերկրյա քաղաքացիների համար ներկայացնելով գրանցման հայտ եւ անձնավորված հաշվարկ:

Համաձայն ՀՀ օրենսդրության՝ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող վարձու աշխատողը կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատող անձը գրանցվում է համակարգում ՀՀ-ում բնակության իրավունքը հաստատող փաստաթղթի (կացության քարտի) հիման վրա (բացառություն է արված միայն ՌԴ քաղաքացիների համար՝ համաձայն միջպետական պայմանագրի):

Սակայն գործնականում լինում են դեպքեր, երբ օտարերկրյա քաղաքացին աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա ՀՀ գործատուներից ստանում է եկամուտներ առանց ՀՀ-ում բնակության իրավունքը հաստատող փաստաթղթի (կացության քարտի):

Առկա են նաեւ դեպքեր, երբ հայաստանյան կազմակերպությունները կարճ ժամկետով (օրինակ՝ 7 օրով) հրավիրում են մասնագետների կամ եկամուտներ են վճարում ՀՀ-ում չգտնվող անձանց (օրինակ՝ ինտերնետով): Այսինքն, այդ անձինք չեն համարվում ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող (չեն ստանում կացության քարտ):

Միաժամանակ, բանկային օրենսդրության համաձայն՝ կան բանկերի խորհրդի վարձատրվող օտարերկրացի անդամներ, ովքեր չունեն ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ), քանի որ ՀՀ են այցելելու կարճ ժամկետով:

Մյուս կողմից, վիճելի է ՀՀ-ում բնակության իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիներին պարտադիր կուտակային բաղադրիչում ընդգրկելու (հետեւաբար՝ նրանց համար եւս ՀՀ պետական բյուջեից կուտակային վճար կատարելու) նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ՝

1) որպես կանոն, այդ անձանց վճարվող եկամուտները կրում են միանվագ բնույթ.

2) քիչ հավանական է, որ այդ անձինք հետագայում բնակվելու են ՀՀ-ում եւ ստանալու են իրենց կենսաթոշակը (որպես կանոն՝ այդ անձանց կուտակային միջոցները, ներառյալ ՀՀ պետական բյուջեից վճարված միջոցները, վճարվելու են այլ պետությունում գործող կուտակային հաշիվներին փոխանցվելու միջոցով կամ վճարվելու են միանվագ եղանակով),

3) կուտակային միջոցները ստանալիս այդ անձանց նույնականացնելու հետ կապված առաջանալու են խնդիրներ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականությունը միտված է կենսաթոշակային տարիքում ՀՀ-ում բնակվող անձանց բավարար եկամուտներով ապահովելուն:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի մասին» եւ «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքներում՝ լուծելով ՀՀ-ում բնակության իրավունք (կացության քարտ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների՝ պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցության իրավունքի խնդիրը, ինչպես նաեւ՝ եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում գրանցելու կապակցությամբ առկա խնդիրները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր կուտակային բաղադրիչին կարող են մասնակցել միայն ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք: Ըստ այդմ, ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող մասնակցել կուտակային բաղադրիչին, հետեւաբար՝ այդ անձանց համար կուտակային վճար չի հաշվարկելու (ՀՀ պետական բյուջեից չի վճարվելու), ինչպես նաեւ՝ վերանալու է այդ անձանց եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում գրացնելու (նրանց համար գրանցման հայտ եւ անձնավորված հաշվարկ ներկայացնելու) անհրաժեշտությունը:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար գրանցման հայտ չի ներկայացվում, իսկ ներկայացվող հաշվետվություններում այդ անձանց վճարված եկամուտներից հաշվարկված հարկը արտացոլվում է ամփոփ՝ պասիվ եկամուտների նման:

«Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում ներառվում են միայն ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց անհատական տվյալները:

Ներկայացվող նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում կլուծվեն ՀՀ-ում բնակության իրավունք (կացության քարտ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների՝ պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցության իրավունքի խնդիրը, ինչպես նաեւ եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում գրանցելու կապակցությամբ առկա խնդիրները: