Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ու գույքի ձեռք բերման եւ ծառայությունների ստացման գործարքների գծով հարկային եւ մաքսային արտոնությունների տրամադրման եւ դրանց կիրառության հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Սույն օրենքի կիրառության իմաստով՝
1) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիր (այսուհետ՝ ծրագիր) է համարվում առնվազն 40 մլրդ. ՀՀ դրամի ներդրմամբ Դիլիջան քաղաքում միջազգային դպրոցի կառուցումն ու շահագործումը,
2) ծրագիր իրականացնող կազմակերպություններ (այսուհետ՝ կազմակերպություններ) են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված այն ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք անմիջականորեն իրականացնում են ծրագիրը:
Հոդված 3. Սույն օրենքով սահմանված հարկային եւ մաքսային արտոնությունների շրջանակը, ըստ յուրաքանչյուր կազմակերպության, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ կազմակերպությունների կողմից նախապես Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվող՝ գործարքների ու գործառնությունների ծրագրերի հիման վրա:
Սույն հոդվածի առաջին մասով սահմանված՝ գործարքների ու գործառնությունների ծրագրերը նախապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատելու պահանջը չի տարածվում 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված գործարքներին ու գործառնություններին վերաբերող ծրագրերի վրա, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն են ներկայացվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվող գործարքների ու գործառնությունների ծրագրի հետ միասին:
Ծրագրի իրականացման շրջանակներում՝
1) կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից եւ մաքսատուրքից,
2) կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումը եւ ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից,
3) կազմակերպությունների զուտ շահույթը մինչեւ հարկումը (կամ դրա մի մասը) ազատվում է շահութահարկով հարկումից, եթե այն (կամ դրա մի մասը) մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում,
4) կազմակերպությունների կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող՝ գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից,
5) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանցից հողի ձեռքբերման համար վճարվող եկամուտներն ազատվում եկամտային հարկով հարկումից:
Հոդված 4. Ծրագիրը չկատարելու դեպքում կազմակերպություններին առաջադրվում են լրացուցիչ պարտավորություններ՝ հարկային եւ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 5. Սույն օրենքով սահմանված հարկային եւ մաքսային արտոնությունների կիրառության կարգը՝ ներառյալ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող՝ գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
2013 թվականի հունվարի 1-ից հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարված՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված գործարքների ու գործառնությունների մասով կատարվում է հարկային եւ մաքսային վճարների գծով պարտավորությունների վերահաշվարկ, եւ կազմակերպությունների կողմից նշյալ գործարքների ու գործառնությունների մասով նախկինում վճարված հարկերի ու մաքսային վճարների գումարները ուղղվում են կազմակերպությունների՝ ապագայում առաջացող հարկային պարտավորությունների մարմանը:
2013 թվականի հունվարի 1-ից հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասի 2-րդ կետով սահմանված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվների վրա «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ եւ 29-րդ հոդվածի դրույթները չեն տարածվում: