Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի մայիuի 14-ի ՀO-118 oրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «եւ գանձվում» բառերը:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի առաջին պարբերությունը վերաշարադրել նոր խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում ներմուծված ապրանքների համար սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հարկվող գործարքներից (գործառնություններից) առաջացող ավելացված արժեքի հարկը ենթակա է վճարման օրենքով սահմանված ընդհանուր կարգով, իսկ բացթողումը թույլատրելուց 90 օրացուցային օրվա ընթացքում տվյալ ապրանքների մասով հարկվող գործարք (գործառնություն) տեղի չունենալու դեպքում` տվյալ ապրանքի համար մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկը ենթակա է գանձման ոչ ուշ քան ապրանքների բացթողումը թույլատրելու 90-րդ օրը` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Եթե նախապես հայտարարված մաքսային ռեժիմը (որի համաձայն մաքսային սահմանով բացթողման ժամանակ ապրանքներից ԱԱՀ չի գանձվում) փոխարինվում է ազատ շրջանառության համար բացթողման (ներմուծման) ռեժիմով, ապա վճարողները (կամ մաքսային օրենսդրությամբ սահմանված վճարումների համար պատասխանատու այլ անձինք) պարտավոր են ԱԱՀ-ի չգանձված գումարները վճարել ներմուծման մաքսային ռեժիմով ապրանքների վերահայտարարագրման կամ այդ մասին հայտնի դառնալուց հետո սույն հոդվածով սահմանված կարգով:
Ընդ որում, մաքսային մարմինների կողմից հաշվարկված եւ 90-օրյա ժամկետում գանձման ենթակա ԱԱՀ-ի գումարները վճարվում են որպես մաքսային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ, իսկ սահմանված ժամկետում չվճարված գումարների նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են որպես հարկային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ավելացված արժեքի հարկի` սահմանի վրա հաշվարկման եւ գանձման մասին «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը գործում է դեռեւս 1997 թվականի հուլիսի 1-ից: Անհրաժեշտ է նշել, որ անցած 16 տարիների ընթացքում ՀՀ հարկային եւ մաքսային համակարգում, քաղաքականության մեջ տեղի են ունեցել լուրջ բարեփոխումներ, ներմուծվել է նոր, ժամանակակից գործիքակազմ, կատարելագործվել են օրենսդրությունը եւ վարչարարությունը:
Միաժամանակ ակնհայտ է, որ սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումը ոչ այլ ինչ է, քան ներկրող տնտեսվարող սուբյեկտների կողմից պետությանը «վարկավորում»: Դրա հետեւանքով տնտեսվարող սուբյեկտները զրկվում են համապատասխան ծավալի շրջանառու միջոցներից: Պետությունը կամ պետք է վճարի տնտեսվարող սուբյեկտների վարկավորման տոկոսադրույքները կամ, պարզապես, ճկուն լուծումներով վերաձեւակերպումներ տա սահմանին ԱԱՀ-ի գանձման մեխանիզմին /կամ գործընթացին/:
Սույն օրենքով նախատեսվում է ԱԱՀ-ի օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 30-րդ հոդվածի առաջին պարբերությունում համապատասխան փոփոխություններ կատարելով` ապահովել սահմանի վրա ԱԱՀ-ի հաշվարկման, իսկ հետագայում՝ դրա հարկագանձման առավել արդարացի եւ տնտեսապես հիմնավորված մեխանիզմ:
Միաժամանակ հասկանալի է, որ ՀՀ պետական բյուջեի մուտքերի առումով ժամանակային (լագի) կտրվածքով կառաջանա մուտքային ժամանակավոր պակասուրդ /դեֆիցիտ/, որի հետեւանքով ՀՀ պետական բյուջեով նախատեսված որոշակի ծախսերի իրականացումը կհետաձգվի: Ուստի, նախ առաջարկվում է սույն օրենքի կիրառությունը սահմանել 2014 թվականի հունվարի 1-ից, որպեսզի 2014 թվականին նախորդող ժամանակահատվածի բյուջետային գործընթացում հաշվարկվեն եւ հաշվի առնվեն սույն օրենքի կիրառման հետեւանքով ձեւավորվող «իրերի վիճակը», այդ վիճակի մեղմացման համար սահմանել, որ ԱԱՀ-ի գանձումը կիրականացվի հայտարարագրվող ապրանքների` (ապրանքախմբերի) սահմանին մաքսային ձեւակերպումներից հետո, ոչ ուշ քան 90 օրվա ընթացքում՝ հաշվի առնելով ապրանքների իրացման միջին տեւողությունը /պարբերաշրջանը/, բացառությամբ այն ապրանքախմբերի, որոնք կիրացվեն մինչ 90 օրը: