Հոդված 1. «Արտոնագրային վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-209-Ն oրենքի թիվ 8 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7-րդ կետով.
«7) Հայաստանի Հանրապետության ոչ առեւտրային կազմակերպությունների (բացառությամբ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների) եւ առանձին բարերարների կողմից մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում բացառապես անվճար հիմունքներով իրականացվող ատամնաբուժական գործունեությունը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված (ճանաչված) չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության եւ բարեգործական բնույթի, որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված կարգով իրականացված ատամնաբուժական գործունեության մասով մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարված արտոնագրային վճարների մասով վերահաշվարկներ չեն կատարվում:
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը բարեգործական եւ բացառապես անվճար հիմունքներով ատամնաբուժական գործունեություն իրականացնող անձանց գործունեության այդ տեսակի մասով արտոնագրային վճարներ կատարելու պարտավորությունից ազատելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի համաձայն, ատամնաբուժական գործունեության իրականացումը համարվում է արտոնագրային վճարի օբյեկտ` անկախ այն հանգամանքից, որ այդ գործունեությունը կարող է իրականացվել բարեգործական ծրագրի շրջանակներում եւ բացառապես անվճար հիմունքներով:
Խնդիրը կայանում է նրանում, որ բարեգործական ծրագրի շրջանակներում եւ բացառապես անվճար հիմունքներով ատամնաբուժական գործունեություն իրականացնող անձանցից արտոնագրային վճարների գանձումը կարող է վտանգել նշյալ բարեգործական ծրագրերի շարունակականությունը:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ` բարեգործական), կրոնական եւ նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում բացառապես անվճար հիմունքներով իրականացվող ատամնաբուժական գործունեությունը արտոնագրային վճարի օբյեկտ չի համարվում:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում բացառապես անվճար հիմունքներով իրականացվող ատամնաբուժական գործունեության հարկման համակարգն է:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել բարեգործական ծրագրի շրջանակներում եւ բացառապես անվճար հիմունքներով ատամնաբուժական գործունեություն իրականացնող անձանց կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շարունակականության ապահովմանը: