Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-285-14.06.2013-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի 62-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «մինչեւ 2013 թվականի» բառերը փոխարինել «մինչեւ 2016 թվականի» բառերով,

2) 3-րդ, 6-րդ, 10-րդ 11-րդ եւ 13-րդ մասերում «հունվարի 1-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով, իսկ 15-րդ մասում «հունվարի 1-ից» բառերը՝ «հուլիսի 1-ից» բառերով,

3) 12-րդ մասում «2013 թվականի» բառերը փոխարինել «2016 թվականի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորոդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ։

Համաձայն գործող օրենքի, հեռուստահաղորդումների թվային հեռարձակումը գործարկվել է 2010 թվականից, իսկ ռադիո հեռարձակման համար նախատեսվել է անցումային ժամանակաշրջան՝ մինչեւ 2013 թվականի հուլիսի 20-ը։ Նշված ժամանակահատվածում կարող են երկարաձգվել ռադիոհեռարձակում իրականացնող կազմակերպությունների լիցենցիայի գործողության ժամկետները, ինչպես նաեւ սահմանվել ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները, այդ թվում` ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի արդյունքում լիցենզավորվող ռադիոընկերությունների թեմատիկ ուղղվածությունն ու քանակը: Գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս ռադիոընկերություններին՝ մինչ նշված պայմանների ապահովումը, նշված ժամեկտում շարունակել գործունեությունը իրենց լիցենզիաների պայմաններին համապատասխան։

Հեռուստառադիոհեռարձակման թվայնացման ոլորտում ընթացող իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ ՀՀ տարածքում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրումը կապված է տեխնիկական, նյութական եւ ֆինանսական էական դժվարությունների հետ։ Դրանք դեռեւս անհաղթահարելի են թե պետության, թե հեռարձակողների եւ թե սպառողների համար։

Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ 2012 թվականին գնումների գործընթացով հայտարարված «Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստա-ռադիոհեռարձակման համակարգի ներդրման եւ կառավարման ծառայությունների» ձեռք բերման մրցույթը 2 ամսիների ընթացքում այդպես էլ չկայացավ՝ համապատասխան եւ բավարար հայտեր չստացվելու պատճառով։

Թվայանցման գործընթացում գտնվող նույնիսկ առաջար երկրների մեծ մասում ռադիոհեռարձակման թվայնացումը նույն խնդիրներն ունեն: Դրանք կամ հայտնվել են ճգնաժամի մեջ՝ կորցնելով էական լսարան կամ չեն մեկնարկել։

Դժվարությունները վերաբերում են ոչ միայն թվային ցանցերի ներդման պայմաններին ու ծախսերին, այլ նաեւ յուրաքանչյուր սպառողի, ռադիոունկնդրի անձնական միջոցներին։ Հայտնի է, որ ռադիոընդունիչները շարժական սարքավորումներ լինելուց բացի հիմնականում կիրառվում են ամրակցված տեսքով, որոնց մեջ առավել մասսայականը ավտոմեքենաների ռադիոհանգույցներն են։ Դրանց բոլորի փոխարինումը թվային սարքերով ենթադրում է լրացուցիչ ծախսեր։

Հաշվի առնելով վերոնշյալը եւ ռադիոհեռարձակման թվայնացման հետ կապված անցումային ժամկետների ավարտը, օրենսդրական նախաձեռնությունը դառնում է հրատապ։ Օրենքում փոփոխություն կատարելով հնարավոր կլինի անցումային դրույթը երկարաձգել մինչեւ 3 տարով՝ մինչեւ 2016 թվականի հուլիսի 20-ը։

Օրենսդրական նախաձեռնությամբ վեց ամսով երկարաձգվում է նաեւ անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցնելու, ինչպես նաեւ մարզային հեռուստաընկերությունների անալոգային լիցենզիաների գործողության ժամկետները՝ 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը փոփոխելու միջոցով։

Օրենսդրական նախաձեռնության շուրջ խորհրդակցել ենք թե պետական եւ թե միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ամբողջությամբ կիսում են մեր մտահոգությունները եւ ողջունում նախաձեռնությունը։