Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-265-29.05.2013,14.06.2013-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

  Հոդված 1. «Երկրապահ» հասկացությունը

«Երկրապահ»` հայրենիքի պաշտպանության գործին կամավոր մասնակցած (անդամագրված) անձանց խիզախության, հայրենասիրության, անձնազոհության վրա հիմնված եւ պատմականորեն ձեւավորված բարոյական արժեհամակարգ, որն ընկած է Հայաստանի Հանրապետությունում պատանիների եւ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքում:

Հոդված 2. Երկրապահ կամավորականը

Սույն օրենքի իմաստով երկրապահ կամավորական են համարվում 1989-1994 թվականների ընթացքում՝

1. ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տեւողությամբ, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին մասնակցած անձինք, ինչպես նաեւ մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորվելու հետեւանքով հաշմանդամ դարձած անձինք՝ անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից, ովքեր՝

1) գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում.

2) ընդգրկվել են մարդատար օդանավերի կամ ուղղաթիռների անձնակազմերում եւ իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկում:

2. ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տեւողությամբ, մարտական գործողությունների անցկացման վայրում մարտական գործողությունների կամ դրանցում ընդգրկված անձանց սպասարկում իրականացրած կամ օժանդակություն ցուցաբերած անձինք:

Հոդված 3. Երկրապահ կամավորականի եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության երաշխիքները

Երկրապահ կամավորականի եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության երաշխիքները սահմանվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 4. Երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու կարգը

1. Երկրապահ կամավորականի կարգավիճակը տրվում է պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երկրապահ կամավորականի կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փաստաթղթերը միջգերատեսչական հանձնաժողով են ներկայացվում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետով:

3. Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու նպատակով ֆիզիկական անձը պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

4. Դիմումի ձեւը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:

5. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից երկրապահ կամավորականի կարգավիճակի տրամադրումը մերժվում է, եթե`

1)չեն ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր փաստաթղթերը.

2) ներկայացվել են կեղծ փաստաթղթեր.

3) առկա է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված մերժման հիմքը.

4) փաստաթղթերը ներկայացվել են սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետից ուշ:

6. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ ամբողջական, ապա պետական կառավարման լիազորված մարմնի կողմից դիմողին առաջարկվում է քսանօրյա ժամկետում ներկայացնել ամբողջական փաստաթղթերը կամ վերացնել նշված թերությունները:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ամբողջական փաստաթղթերը չներկայացնելու կամ նշված թերությունները չվերացնելու դեպքում՝ դիմումը մերժվում է:

8. Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումները ներկայացվում են պետական կառավարման լիազորված մարմնին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման պահից սկսած մեկ տարվա ընթացքում:

Հոդված 5. Եզրափակիչ դրույթ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացելու կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման


«Կամավորական» հասկացությունը, որպես այդպիսին, ՀՀ օրենսդրության մեջ գրեթե չի օգտագործվում, իսկ այն իրավական ակտերը, որոնցում այդ հասկացությունն օգտագործված է, բավականին հին են եւ կիրառական նշանակություն այլեւս չունեն:

Ըստ էության, գործող օրենսդրությամբ «կամավորական» հասկացությունը նույնացված է «Հայաuտանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մաuնակից» հասկացությանը, որոնք «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն համարվում են «զինծառայողներին հավասարեցված անձինք», իսկ 2-րդ մասի համաձայն ՀՀ պաշտպանության մարտերին եւ Արցախի ազատագրմանը մաuնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակը տրվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով: Վերջինս հաստատվել է ՀՀ կառավարության 27 նոյեմբերի 2000 թվականի N 778 որոշմամբ, համաձայն որի` մարտական գործողությունների մաuնակից են համարվում 1990-1994 թվականների ընթացքում Հայաuտանի Հանրապետության uահմանների պաշտպանության մարտերին` ոչ պակաu, քան 3 ամիu ընդհանուր տեւողությամբ, մաuնակցած անձինք, ինչպեu նաեւ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելու հետեւանքով հաշմանդամ դարձած անձինք` անկախ մարտական գործողություններին մաuնակցելու ժամկետից:

Այսինքն, կամավորականները, ըստ գործող օրենսդրության, Հայաuտանի Հանրապետության պաշտպանության մարտերին մաuնակցած եւ զինծառայողներին հավասարեցված անձինք են (այսուհետ` հեշտության համար կանվանենք կամավորական կամ ազատամարտիկ), որոնց կենսաթոշակային ապահովության եւ դրամական օգնության հետ կապված հարաբերությունները կարգավորված են ՀՀ տարբեր օրենքներով եւ կառավարության որոշումներով` ըստ ազատամարտիկների/կամավորականների տարբեր կատեգորիաների: Խնդրո առարկայի տեսանկյունից կարելի է առանձնացնել ազատամարտիկների հետեւյալ 5 հիմնական կատեգորիաները`

1. ազատամարտիկներ/կամավորականներ, որոնք մասնակցել են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին եւ Արցախի ազատագրմանը, այնուհետեւ` վերադարձել են քաղաքացիական աշխատանքի կամ չեն աշխատում եւ չեն հասել կենսաթոշակային տարիքի,

2. Կամավորականներ, որոնք մասնակցել են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին եւ Արցախի ազատագրմանը, այնուհետեւ` վերադարձել են քաղաքացիական աշխատանքի կամ չեն աշխատում եւ անցել են կենսաթոշակի,

3. Կամավորականներ, որոնք մասնակցել են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին եւ Արցախի ազատագրմանը, այնուհետեւ` վերադարձել են քաղաքացիական աշխատանքի կամ չեն աշխատում եւ ունեն հաշմանդամության կարգ,

4. Կամավորականներ, որոնք մասնակցել են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին եւ Արցախի ազատագրմանը, այնուհետեւ` շարունակել են զինվորական ծառայությունը եւ կենսաթոշակի են անցել որպես զինծառայողներ,

5. Կամավորականներ, որոնք զոհվել են ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների եւ Արցախի ազատագրման ժամանակ (այս կատեգորիան ունի 4 չափանիշներ, որոնցով որոշվում է ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհվածի կարգավիճակը) եւ որոնց ընտանիքների անդամները որոշակի նպաստի, թոշակի կամ դրամական օգնության իրավունք ունեն:

1. Կամավորականներ, որոնք մասնակցել են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին, այնուհետեւ` վերադարձել են քաղաքացիական աշխատանքի կամ չեն աշխատում եւ չեն հասել կենսաթոշակային տարիքի

Այս կատեգորիայի կամավորականների համար որեւէ կենսաթոշակ կամ նպաստ սահմանված չէ, նրանց ընդամենը տրվում է դրամական օգնություն` ամսական 5.000 դրամի չափով[1] : Եթե տվյալ կամավորականներն արժանացել են Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման, ապա նշված 5.000 դրամի փոխարեն ստանում են դրամական օգնություն. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները` ամսական 150.000 դրամի չափով:

Այս կատեգորիայի կամավորականները հետագայում կենսաթոշակի են անցնում ընդհանուր կարգով` որպես քաղաքացիական անձինք:

Բացի այդ, տվյալ կատեգորիայի կամավորականների վրա, որպես զինծառայողներին հավասարեցված անձանց, տարածվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված մի քանի արտոնություններ:

Վերը նշվածը թույլ է տալիս եզրակացնել, որ`

1. Կամավորականների սոցիալական, տնտեսական եւ մյուս հարցերը չունեն հատուկ օրենսդրական կարգավորում (առանձին օրենք կամ իրավական այլ ակտեր),

2. Կամավորականները հավասարեցված են զինծառայողներին եւ ընդամենը օգտվում են զինծառայողների համար օրենքով սահմանված արտոնությունների մի մասից,

3. Կամավորականների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է ընդհանուր կարգով, իսկ զինվորական ծառայությունը շարունակած կամավորականները` զինծառայողների կենսաթոշակային ապահովության ընդհանուր կարգով,

4. տարբեր կատեգորիայի կամավորականների կենսաթոշակային ապահովության եւ դրամական օգնության գումարների չափերի միջեւ առկա է բավականին մեծ տարբերություններ, ինչը սոցիալական արդարության տեսանկյունից շատ խոցելի երեւույթ է,

5. ընդհանուր առմամբ երկրի մասշտաբով չի գործում եկամտային քաղաքականության որեւէ հայեցակարգ, սկզբունք կամ համակարգ, որի արդյունքում հնարավոր կլիներ ապահովել պետական բյուջեից եկամուտ ստացողների հիմնավորված դասակարգումը (ըստ առանձին կատեգորիաներ), համապատասխան կատեգորիայի անձանց եկամուտների արդարացի մակարդակը, այդ եկամուտների ինդեքսավորման կարգը եւ այլն:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ աշխարհի տարբեր երկրներում, որոնք ունեցել են պատերազմներ, նշված հարցերը, որպես կանոն, կարգավորվում են առանձին օրենքներով կամ իրավական այլ ակտերով` բավականին մեծ նշանակություն տալով պատերազմի մասնակիցներին եւ վետերաններին,Մասնավորապես,

ԱՄՆ-ում, Կանադայում եւ այլ երկրներում պատերազմի վետերանները նույնպես ստանում են բավականին բարձր կենսաթոշակ` հատուկ օրենքներով սահմանված կարգով: Որպես կանոն, այդ օրենքերում կենսաթոշակների կոնկրետ չափեր ամրագրված չեն, դրա փոխարեն սահմանված է կենսաթոշակի հաշվարկման բանաձեւեր, ինչը թույլ է տալիս հաշվի առնել մի շարք գործոններ եւ յուրաքանչյուր վետերանի ցուցաբերել անհատական մոտեցում: Օրինակ` ԱՄՆ-ում 20 տարվա ծառայության ստաժ ունեցող սերժանտից մինչեւ գեներալի կենսաթոշակները (այսինքն` կենսաթոշակների նվազագույն եւ առավելագույն չափերը), կախված տարբեր հանգամանքներից, կազմում է ամսական 600-5.000 դոլար եւ այլն:

Վերը նշվածը վկայում է, որ ՀՀ կամավորականների կարգավիճակը եւ դերը անհամեմատ ցածր են տարբեր երկրներում նմանատիպ կարգավիճակ ունեցող անձանց կարգավիճակից, ինչը, բնականաբար, պայմանավորված է առաջին հերթին ՀՀ բյուջետային եկամուտների ցածր մակարդակով, սոցիալական խնդիրների ծանր բեռով եւ հայտնի մյուս հանգամանքներով:

Ըստ էության, գործող օրենսդրությամբ 1989-94 թթ-ի ազատագրական պայքարին մասնակացած «կամավորականներ»-ն օրենքով սահմանված կարգավիճակ չունեն, այլ միայն կառավարության որոշմամբ օգտվում են որոշակի արտոնություններից:

Ի պատասխան մեր հարցումներին, համաձայն ՀՀ ՊՆ արխիվի, ՀՀ ազգային արխիվի, ԼՂՀ ազգային արխիվի եւ ՀՀ ԵԿՄ-ն տրված տեղեկանքների հաշվառվում են 2145 կամավորականներ, որոնք մասնակցել են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին եւ Արցախի ազատագրմանը, այնուհետեւ` վերադարձել են քաղաքացիական աշխատանքի կամ չեն աշխատում եւ չեն հասել կենսաթոշակային տարիքի, այսինքն պատերազմին կամավորական մանսնակցած ամենաանտեսված կատեգորիան:

Ելնելով վերոնշյալից, այսօր անհրաժեշտություն է առաջացել օրենքով կարգավիճակ տալ մեր կամավորականներին, կամավորականներին տարանջատել պատերազմի մասնակիցներից, մասնավորապես ներդրվի ՀՀ Օրենք « ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ »-ի մասին:

--------------------------------------------------------------------------------

[1] Դրամական օգնության չափերը, վճարման կարգը եւ մյուս հարաբերությունները սահմանված են «Զինծառայողներին նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու եւ վճարելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 5 մայիսի 2011 թվականի N 668-Ն որոշմամբ: