Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման
«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով ըստ էության առաջարկվում է ոչ առեւտրային կազմակերպությունների նկատմամբ չկիրառել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթը այն մասին, որ հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք ունի որակավորված գլխավոր հաշվապահը: Իրավական տեսանկյունից, նշյալ դրույթը վերաբերում է բոլոր կազմակերպություններին (առեւտրային եւ ոչ առեւտրային), սակայն ըստ էության օրենքի տրամաբանությունից բխում է, որ նշված ֆինանսական հաշվետվությունները հիմնականում վերաբերում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առեւտրային) կազմակերպություններին, քանի որ օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ պարբերության համաձայն՝ Ֆինանսական հաշվետվությունների տարրերն են կազմակերպության ակտիվները, սեփական կապիտալը, պարտավորությունները, եկամուտները եւ ծախսերը, իսկ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ֆինանսական հաշվետվությունների նպատակը կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների փոփոխությունների վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններն օգտագործողներին, մասնավորապես՝ ներդրողներին եւ ֆինանսական հաշվետվությունների այլ օգտագործողներին, անկողմնակալ տեղեկատվությամբ ապահովումն է, որը նրանց օգտակար է տնտեսական որոշումներ կայացնելու համար: Պարզ է, որ առեւտրային կազմակերպություններին է բնորոշ սեփական կապիտալ, ներդրողներ եւ գործունեության ֆինանսական արդյունքներ (շահույթ կամ վնաս) ունենալը, եկամուտներ ստանալը եւ տնտեսական որոշումներ կայացնելը:
Վերոշարադրյալի մասին է վկայում նաեւ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ 1998թ. օրենքից բխող (դեռեւս ուժի մեջ է) ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշումը (7-րդ կետ), որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունները , ելնելով կազմակերպական-իրավական ձեւից, պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել եւ ֆինանսական հաշվետվությունները կազմել ու ներկայացնել Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների, հաշվային պլանի եւ ֆինանսական հաշվետվությունների լրամշակված ձեւերի, ինչպես նաեւ վերջիններիս չհակասող այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Նշվածից հետեւում է, որ վերոհիշյալ պահանջները չեն վերաբերում ոչ առեւտրային կազմակերպություններին, քանի որ ոչ առեւտրային կազմակերպությունները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի համաձայն՝ շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, իսկ ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար նրանք ստեղծում են տնտեսական ընկերություններ կամ դառնում նրանց մասնակիցը:
Ելնելով վերոշարադրյալից, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16913
-րդ հոդվածով սահմանված է տուգանքի նշանակում ֆինանսական հաշվետվությունները չորակավորված հաշվապահի կողմից ստորագրելու կամ անստորագիր ներկայացնելու համար (50 հազար դրամ, իսկ կրկնակի խախտման համար՝ 250 հազար դրամ), առաջարկում ենք հստակեցնել հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները ստորագրելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված նորմը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահի որակավորում ունենալու մասին եւ այն տարածել միայն առեւտրային կազմակերպությունների հաշվապահների վրա: