Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-288-18.06.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այուհետ` Օրենսգիրք) 50-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 50. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակը եւ իրավասությունը

1. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը։ Իր այդ առաքելությունն իրականացնելիս վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը։

2. Վճռաբեկ դատարանն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով վճռաբեկ բողոքի հիման վրա վերանայում է վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի վճիռների եւ որոշումների վերանայման արդյունքում կայացրած որոշումները, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի` օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը։

3. Վճռաբեկ դատարանը դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում։

4. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է»։

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 50.1-րդ հոդվածով.

«Հոդված 50.1 Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գալիս է հետեւության, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար,

2) առերույթ թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, կամ

3)առկա է նոր կամ նոր երեւան եկած հանգամանք։

2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես եթե`

1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միեւնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին) .

3) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.

4) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին).

5) վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով դատական սխալը յուրաքանչյուր դատավարության համար սահմանվում են համապատասխան դատավարական օրենսգրքով։

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։

5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունվելու դեպքում վճռաբեկ դատարանի վերջնական դատական ակտի պատճառաբանական մասը պետք է պարունակի տվյալ գործով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առկայության հիմնավորումը։»։

Հոդված 3. Օրենսգրքի 68-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասը.

«1.1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում վճռաբեկ բողոքը պարտադիր հրապարակվում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել գործի քննությունը դռնփակ անցկացնելու մասին: Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է վճռաբեկ բողոքին կից ներկայացված էլեկտրոնային կրիչում առկա վճռաբեկ բողոքը: Եթե գրավոր ներկայացված վճռաբեկ բողոքի եւ էլեկտրոնային կրիչում առկա նույն վճռաբեկ բողոքի միջեւ առկա է անհամապատասխանություն, ապա Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվում է գրավոր ներկայացված վճռաբեկ բողոքը»։

Հոդված 4. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատյանի դատարանների կողմից կայացվող դատական ակտերի, դրանց դեմ բերվող վերաքննիչ բողոքների եւ այդ բողոքների քննարկման արդյունքում կայացվող դատական ակտերի, վերաքննիչ դատարանի ակտերի դեմ բերվող վճռաբեկ բողոքների եւ այդ բողոքների քննարկման արդյունքում կայացվող դատական ակտերի վրա։

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության մասին

Ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

«Հայաստանի Հանրապետության իրավական եվ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եվ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրությամբ որպես առանձին գործողություն է սահմանվել վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Սահմանվել է, որ օրենքի միատեսակ կիրառության եւ մեկնաբանության ապահովման հարցում վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթների ապահովման եւ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ուսումնասիրել լավագույն միջազգային փորձը՝ ըստ անհրաժեշտության իրականացնելով վճռաբեկ բողոքարկման ինստիտուտի կատարելագործմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ:

Գործող դատավարական օրենսգրքերում անհրաժեշտ է հստակեցնել վճռաբեկ բողոքին ներկայացվող չափանիշները՝ պարզելով, թե արդյոք դրանք ձեւական (ֆորմալ) բնույթ ունեն, թե դրանց պետք է ներկայացվեն նաեւ բովանդակային պահանջներ:

Վերոհիշյալ խնդիրների լուծմանը կարող են օժանդակել առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների դատական ակտերի կառուցվածքին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները, հատկապես նույնական փաստական հանգամանքներով այլ դատական ակտեր կայացնելիս, ինչպես նաեւ վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջների հստակեցումը, վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումների հրապարակումը:

Ինչպես ՀՀ դատական օրենսգրքով, այնպես էլ դատավարական օրենսգրքերով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը նախատեսված են ինչպես ՀՀ դատական օրենսգրքում, այնպես էլ դատավարական օրենսգրքերում: Ընդ որում նշված 4 օրենսդրական ակտերում էլ դրանք նույնն են:

Դրանք են`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար.

2) վերանայվող դատական ակտն առերեւույթ (prima facie) հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին.

3) ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերեւույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանքներ: Նոր եւ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայումը որպես բացառիկ վերանայման տարատեսակ եւ սույն հիմնախնդրին չի վերաբերում:

Կարծում ենք նշված հիմքերի առումով առկա են հետեւյալ թերությունները`

1. Վարույթ ընդունելու երկրորդ հիմքը` վերանայվող դատական ակտն առերեւույթ (prima facie) հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումները, ուղղակիորեն պայմանավորված է օրենքի միատեսակ կիրառելու վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթի իրականացման անհրաժեշտությամբ եւ հնարավորություն է տալիս վճռաբեկ դատարանին հետեւողական լինել ստորդաս դատարանների կողմից իր կայացրած որոշումների կատարման հարցում: Այսինքն նշված հիմքն, ըստ էության, վարույթ ընդունելու առաջին հիմքի (բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար) տարատեսակ է:

2. Նշված հիմքերը չափազանց ընդհանուր են ձեւակերպված: Օրենսդրական ակտերում սահմանված չէ, թե ինչ պայմանների դեպքում ներկայացված բողոքը վարույթ ընդունելը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար կամ ինչի հիման վրա պետք է որոշվի ծանր հետեւանքներ առաջացնող առերեւույթ դատական սխալը:

Ելնելով դատավարական օրենքներով սահմանված կարգավորումներից եւ ձեւավորված իրավակիրառ պրակտիկայից` վճռաբեկ դատարանը ներկայումս պատճառաբանում է միայն բողոքները վերադարձնելու մասին որոշումները[1] եւ ընդհանրապես չի պատճառաբանում վարույթ ընդունելու մասին որոշումները (դատավարական օրենքներում բացակայում է նման օրենսդրական պահանջ), իսկ վճռաբեկ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերում, որպես կանոն, չի պատճառաբանում, թե ինչ հիմքով եւ պատճառաբանությամբ է վճռաբեկ դատարանը կոնկրետ բողոքը ընդունել վարույթ:

Այսպես որեւիցե դատավարական օրենք վճռաբեկ դատարանի գործն ըստ էության լուծող որոշման պարդատիր տարր չի սահմանում կոնկրետ բողոքը վարույթ ընդունելու հիմքի պատճառաբանումը: Արդյունքում վճռաբեկ դատարանի կողմից կոնկրետ գործով կայացվող որեւիցե որոշման մեջ չի պատճառաբանվում է, թե ինչու է վճռաբեկ դատարանը կոնկրետ բողոքը ընդունել իր վարույթ եւ ինչ հիմքով:

Նշված կարգավորումը դատավարության մասնակիցների մոտ կարող է հանգեցնել այն եզրահանգման, որ վճռաբեկ դատարանը ներկայացված բողոքները վարույթ է ընդունում կամայականորեն` վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պայմաններում կամ առանց վարույթ ընդունելու հիմքերի հարցի լուծման:

ՀՀ գործող քաղաքացիական եւ վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված է միայն բողոքը վերադարձնելու որոշումը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենքով ինչպես բողոքը վերադարձնելու, այնպես էլ առանց քննության թողնելու մասին որոշումը: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու բովանդակային հիմքերին չհամապատասխանելու հիմքով վերադարձվելու դեպքում վճռաբեկ դատարանը կայացնում է «վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում», որը մեր կարծիքով նույնպես ճիշտ չէ: Բացի այդ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումն ըստ էության հանդիսանում է վերջնական դատական ակտ, սակայն այն չի կայացվում հանուն Հայաստանի Հանրապետության: Ուստի անհրաժեշտ է օրենդրական փոփոխությունների միջոցով շտկել այդ թերությունները եւ միատեսակություն ապահովել տարբեր դատավարություններում:

ՀՀ քաղաքացիական եւ վարչական դատավարության օրենսգրքերում առկա են որոշակի խնդիրներ դատական ծանուցագրերի հետ կապված, ինչը հանգեցնում է դատական նիստերի հետաձգման եւ հիմք է հանդիսանում ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի հոդվածով սահմանված գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրաիրավական պահանջին: Այդ նպատակով նշված դատավարական օրենսգրքերում անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում կբարձրանա դատական ծանուցումների արդյունավետությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը սահմանում է դատական նիստերի հետաձգման հիմք հանդիսացող հանգամանքները: Սակայն իրավակիրառ պրակտիկանում արդարադացիորեն առաջանում են դատական նիստերի հետաձգման այլ հիմքեր, որոնք օրենքով նախատեսված չեն: Այդ նպատակով անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով հնարավորինս սպառիչ սահմանել դատական նիստերի հետաձգման համար հիմք հանդիսացող հանգամանքները:

Սռաջարկվող լուծումները.

ՀՀ քաղաքացիական եւ վարչական դատավարությունների օրենսգրքերում դատական ծանուցումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է կատարել հետեւյալ փոփոխությունները:

1. դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցները հաջորդ դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին դատարանի կողմից ծանուցվում են բանավոր կարգով: Տվյալ նորմի նախատեսման պարագայում դատարանը պարտավոր կլինի հաջորդ դատական նիստ նշանակել եւ հետեւաբար կողմերի հաջորդ դատական նիստի մասին ծանուցել տվյալ դատական նիստի վերջում, որի պարագայում նշված դեպքերում չի առաջանա դատական ծանուցումներ կատարելու անհրաժեշտություն: Որպես բացառություն առաջարկվում է սահմանել այն դեպքերը, երբ դատական նիստը համակարգչային ձայնագրման եղանակով չի արձանագրվում, որի դեպքում դատարանը դատական նիստին ներկայացած դատավարության մասնակցին հաջորդ դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին ծանուցում է դատական նիստի ավարտից հետո դատական ծանուցագիրը առձեռն հանձնելով:

2. իրավաբանական անձինք դատական նիստերի անցկացման վերաբերյալ ծանուցվում են միայն էլեկտրոնային եղանակով: Նշված նորմի նախատեսումը կբացառի իրավաբանական անձնաց ծանուցման հետ կապված դժվարությունները եւ կնվազեցնի դատական ծախսերը:

3.եթե հնարավոր չէ ծանուցել դատավարության մասնակից ֆիզիկական անձին, ապա դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, գյուղական համայնքում հաշվառված անձանց դեպքում` նաեւ գյուղական համայնքի ղեկավարին, իսկ քաղաքներում հաշվառված անձանց դեպքում` նաեւ համապատասխան վարչական շրջանի ղեկավարությանը (մարզերում` քաղաքապետին), որի պարագայում այդ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Ի կատարումն «Հայաստանի հանրապետության իրավական եվ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եվ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության 5.1.3.-րդ կետի ՀՀ քաղաքացիական եւ վարչական դատավարության օրենսգրքերում մշակել դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք հնարավորություն կտան այլ դատական ակտերին հղում կատարելիս ապահովել տարբեր գործերի փաստական հանգամանքների համադրելիությունը: Մասնավորապես առաջարկվում է նախագծով կատարելագործել վճռի եւ վերաքննիչ դատարանների որոշումների նկարագրական եւ պատճառաբանական մասերի նկարագրությունը եւ ներկայացվող պահանջները, որի պարագայում կբարձրանա դատարանի վճռիների եւ որոշումների պատճառաբանվածության եւ հիմնավորվածության աստիճանը: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, ապա դրա հետ կապված համապատասխան առաջարկությունները նախատեսվել են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում:

Նախագծով առաջարկվող ընդլայնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված դատական նիստ հետաձգման համար հիմք հանդիսացող հանգամանքները: Որպես դատական նիստի հետաձգման հիմք առաջարկվում է նախատեսել`

1) գործին մասնակցող անձանցից որեւէ մեկը կամ նրա ներկայացուցիչը դատա-րանի կողմից հարգելի ճանաչված պատճառով չի ներկայացել դատական նիստին եւ ներկայացրել է գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն.

2) այն չի կարող քննվել տվյալ նիստում` վկաների, փորձագետների կամ թարգմանիչների չներկայանալու պատճառով.

3) դա թելադրված է ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.

4) դա թելադրված է գործին մասնակցող անձի կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցներին գործին մասնակցող այլ անձանց ծանոթանալու անհրաժեշտությամբ.

5) գործին մասնակցող անձանցից որեւէ մեկը միջնորդում է տրամադրել ողջա-միտ ժամկետ` վեճը հաշտությամբ լուծելու համար, եւ գործին մասնակցող մյուս անձինք չեն առարկում.

6) ներկայացվել է հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ.

7) հայցվորը ներկայացրել է հայցի առարկան կամ հիմքը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն.

8) ավարտվել է աշխատանքային օրը, եթե օրենքով գործի քննության հատուկ ժամկետներ սահմանված չեն.

9) դատական նիստը չի կարող շարունակվել նիստերի դահլիճում ներկա գտնվող անձանց կողմից թույլ տրվող դատական նիստի կարգի զանգվածային խախտումների պատճառով.

10) առաջին ատյանի դատարանը որոշել է գործի քննությանը ներգրավել գործին մասնակցող նոր անձ.

11) առկա են առողջական վիճակի հետ կապված կամ այլ անձնական բնույթի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում դատարանի կողմից գործի քննությունը:

Ելնելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու բովանդակային հիմքերը կատարելագործելու անհրաժեշտությունից` անհրաժեշտ է սահմանել, որ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքները վարույթ է ընդունում միայն երկու պարագայում`

ա. դա անհրաժեշտ է վճռաբեկ դատարանի ՀՀ Սահմանադրության 92-րդ մասի 2-րդ մասով սահմանված սահմանադրական գործառույթի` օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար:

բ. դա անհրաժեշտ է արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալների վերացման համար: Այս հիմքով վճռաբեկ դատարանը ներկայացված բողոքներն ընդունում է վարույթ, եթե բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծման ժամանակ հիմնավորվում է, որ ստորադաս դատարանը ենթադրաբար թույլ է տվել նյութական կամ դատավարական բնույթի այնպիսի հիմնարար խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Ուստի անհրաժեշտ է որպես առանձին հիմք վերացնել երկրորդ հիմքը` (վերանայվող դատական ակտն առերեւույթ (prima facie) հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշմանը) այն ներառելով առաջին հիմքի մեջ:

Բացի այդ, անհրաժեշտ է օրենսդրորեն բացահայտել այն հիմքերը, որոնք վկայում են կոնկրետ հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառման անհրաժեշտության վերաբերյալ, մասնավորապես սահմանելով` մասնավորապես եթե`

1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միեւնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին) .

3) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.

4) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին).

5) վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Առաջարկվում է կատարելագործել վճռաբեկ բողոքին ներկայացված պահանջները: Մասնավորապես վճռաբեկ բողոք ներկայացրած անձը վճռաբեկ բողոքում պետք է հնարավորինս մանրամասն հիմնավորի տվյալ գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայությունը: Ելնելով վերագրյալից` առաջարկում ենք, որ այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքը բերվում է օրենքի միատեսակ կիրառության հիմքով, վճռաբեկ բողոքում պետք է հիմնավորվի`

1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միեւնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ` կցելով այդ դատական ակտերը եւ մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտում կիրառված միեւնույն նորմի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.

2) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին)` կցելով այդ դատական ակտերը եւ մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հակասության վերաբերյալ։

3) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը` կցելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը եւ մեջբերելով ստորադաս դատարանի դատական ակտի այն մասը, որը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի միջեւ առկա հակասության վերաբերյալ.

4) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին)` կցելով այդ դատական ակտերը եւ մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտի միջեւ առկա հակասության վերաբերյալ.

5) բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքը բերվում է նյութական կամ դատավարական օրենքի խախտման հիմքով, ապա վճռաբեկ բողոքում պետք է նշվի այն նյութական կամ դատավարական իրավունքի նորմը, որը խախտվել է` հիմնավորելով այդ խախտումը եւ այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա։

Առաջարկվում է օրենսդրորեն նախատեսել, որ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտում պարտավոր է նշել, թե վճռաբեկ դատարանը կոնկրետ գործով ներկայացված բողոքն ինչ հիմքով է ընդունել վարույթ` մանրամասն հիմնավորելով ներկայացված բողոքում վարույթ ընդունելու հիմքերի առկայությունը:

Նշված հանգամանքը ավելի կանխատեսելի կդարձնի վճռաբեկ դատարանի գործունեությունը եւ կբարձրացնի բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումների նկատմամբ վստահությունը:

Նշված խնդրի լուծմանն ուղղված երկրորդ կարգավորումը պետք է լինի վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունված վճռաբեկ բողողոքների Datalex կայքում տեղադրելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում դռնփակ կարգով քննվող գործերի: Նշված կարգավորումը նույնպես կնպաստի վճռաբեկ դատարանի գործունեության թափանցիկության բարձրացմանը:

Առաջարկվում է սահմանել, որ վճռաբեկ բողոքն օրենքով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու վճռաբեկ դատարանը կայացնում է հետեւյալ որոշումները.

1.վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին: Այդպիսի որոշում կայացվում, երբ վճռաբեկ բողոքը բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է, կամ բողոքարկվել է բողոքարկման ոչ ենթակա դատական ակտը, վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել:

2.վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին` թերությունները վերացնելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար, նման որոշում կայացվում է, երբ վճռաբեկ բողոքը ստորագրված չէ, բողոքին կցված չէ սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը, բողոքին կցված չէ պատճենը` գործը քննող դատարան եւ գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, պարզ չէ, թե որ դատական ակտն է բողոքարկվում:

3. վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը մերժելու մասին, եթե բացակայում են այն վարույթ ընդունելու բովանդակային հիմքերը, այն է` այդ հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը չի կարող էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար կամ ստորադաս դատարանը չի թույլ տվել ակնհայտ նյութական կամ դատավարական խախտում, որը կազդեր գործի ելքի վրա: Ընդ որում վճռաբեկ բողոքի վարույթը ընդունումը մերժելու մասին որոշում վճռաբեկ դատարանը կարող է կայացվել բողոքը ստանալու հետո 3 ամսյա ժամկետում:

Ակնկալվող արդյունքը.

Նշված նախագծերն ընդունվելու դեպքում կբարձացվի դատական ակտերին ներկայացվող հիմնավորվածության եւ պատճառաբանվածության աստիճանը, կբարելավվեն դատական ծանուցումները, կկատարելագործվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու բովանդակային հիմքերը, դատավարության մասնակիցների համար ավելի պարզ եւ կկանխատեսելի կդառնա որոշելը, թե ինչու կոնկրետ դեպքում վճռաբեկ բողոքն ընդունվեց վարույթ կամ դրա ընդունումը մերժվեց, կիջեցվի վճռաբեկ դատարանի դատավորների ծանրաբեռնվածությունը,:

--------------------------------------------------------------------------------

[1] Այդ պահանջները նախատեսված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-մաս, քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2.1-րդ մաս, Վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածնի 2-րդ մաս: