Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 78-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 78. Դատական ծանուցումը
1. Գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի եւ վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով։ Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաեւ վկաները, փորձագետները եւ թարգմանիչները։
2. Դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ,
2) հանձնվում է առձեռն, կամ
3) ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 4-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերով սահմանված դեպքերում եւ կարգով։
3. Դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով։
4. Իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասինե ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով։
5. Դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը։ Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին։
6. Եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը հետ է վերադարձվել դատարան կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաեւ համապատասխան համայնքի ղեկավարին(Երեւան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին) ։
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
8.Դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցները հաջորդ դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին դատարանի կողմից ծանուցվում են բանավոր կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական նիստը համակարգչային ձայնագրման եղանակով չի արձանագրվում, որի դեպքում դատարանը դատական նիստին ներկայացած դատավարության մասնակցին հաջորդ դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին ծանուցում է դատական նիստի ավարտից հետո դատական ծանուցագիրը առձեռն հանձնելով։
9. Դատավարության մասնակցի գրավոր դիմումի հիման վրա դատական ծանուցումը կարող է կատարվել հեռախոսագրի, կարճ հաղորդագրության կամ էլեկտրոնային հեռահաղորդակցության այլ միջոցներով։
10. Դատարանի կողմից ֆիզիկական անձին ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը պատշաճ ձեւով ծանուցում է համարվում նաեւ այն դեպքում, երբ ծանուցումը կատարվել է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
11. Եթե դատավարության մասնակիցը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ազատազրկման վայրում, զորամասում կամ կարգապահական գումարտակում, ապա դատական ծանուցագիրը պետք է ուղարկվի այդ հաստատությունների հասցեներով։ Այդ հաստատությունների վարչակազմերը դատական ծանուցագիրը ստանալուն պես պարտավոր են այն հանձնել հասցեատիրոջը` նրա կողմից ստանալը հավաստող անդորրագիրը վերադարձնելով դատարանին»։
Հոդված 2. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է սույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո»։
Հոդված 3. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե`
1) գործին մասնակցող անձանցից որեւէ մեկը կամ նրա ներկայացուցիչը դատա-րանի կողմից հարգելի ճանաչված պատճառով չի ներկայացել դատական նիստին եւ ներկայացրել է գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ գրավոր միջնորդություն.
2) այն չի կարող քննվել տվյալ նիստում` վկաների, փորձագետների կամ թարգմանիչների չներկայանալու պատճառով.
3) դա թելադրված է ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.
4) դա թելադրված է գործին մասնակցող անձի կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցներին գործին մասնակցող այլ անձանց ծանոթանալու անհրաժեշտությամբ.
5) գործին մասնակցող անձանցից որեւէ մեկը միջնորդում է տրամադրել ողջա-միտ ժամկետ` վեճը հաշտությամբ լուծելու համար, եւ գործին մասնակցող մյուս անձինք չեն առարկում.
6) ներկայացվել է հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ.
7) հայցվորը ներկայացրել է հայցի առարկան կամ հիմքը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն.
8) ավարտվել է աշխատանքային օրը, եթե օրենքով գործի քննության հատուկ ժամկետներ սահմանված չեն.
9) դատական նիստը չի կարող շարունակվել նիստերի դահլիճում ներկա գտնվող անձանց կողմից թույլ տրվող դատական նիստի կարգի զանգվածային խախտումների պատճառով.
10) առաջին ատյանի դատարանը որոշել է գործի քննությանը ներգրավել գործին մասնակցող նոր անձ.
11) առկա են առողջական վիճակի հետ կապված կամ այլ անձնական բնույթի հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում դատարանի կողմից գործի քննությունը.
12) օրենքով սահմանված այլ հիմքերի առկայության դեպքում»։
Հոդված 4. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3.Դատարանի վճիռը պետք է լինի օրինական, հիմնավորված եւ պատճառաբանված»։
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 130.1-րդ հոդվածով.
«Հոդված 130.1. Վճռի օրինականությունը,հիմնավորվածությունը եվ պատճառաբանվածությունը
1. Առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի, այլ օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս։
2. Առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները եւ հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին։
3. Առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երեւում է փաստերի հաստատման, ապացույցների գնահատման եւ իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը եւ դրանից բխող եզրահանգումները»։
Հոդված 6. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիu`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ փաստերն են ապացուցվել, եւ որոնք չեն ապացուցվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա իրավական նորմերը.
4) որոշում է հայցը լրիվ կամ մաuնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը.
5) գործին մասնակցող անձանց միջեւ բաշխում է դատական ծախսերը.
6) լուծում է կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու հարցը»։
Հոդված 7. Օրենսգրքի 132-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 132. Վճռի բովանդակությունը
1. Դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից։
2. Վճռի ներածական մասը պետք է պարունակի վճիռ կայացնող ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, վճիռը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, գործին մասնակցող անձանց եւ նրանց ներկայացուցիչների անունը, ազգանունը, հայրանունը` անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում (անվանումը), հայցի առարկան։ Վճռի ներածական մասում պետք է նշվի նաեւ գործին մասնակցող անձանց եւ նրանց ներկայացուցիչների` անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման վկայականի համարը, նրանց հաշվառման վայրի հասցեները, իսկ ներկայացուցիչների մասնակցության դեպքում նաեւ որպես ներկայացուցիչ հանդես գալու համար հիմք հանդիսացած փաստաթղթի տվյալները։
Վերը նշված տեղեկությունները վճռի ներածական մասում նշվում են նաեւ երրորդ անձանց վերաբերյալ, եթե այդպիսիք դատարանը ստացել է գործի քննության ընթացքում։
3. Վճռի նկարագրական մասը պետք է պարունակի`
1) նշում այն մասին, թե երբ է հայցը ներկայացվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, երբ է այն ընդունվել վարույթ,
2) նշում այն մասին, թե արդյոք փոփոխվել է հայցի առարկան կամ հիմքը՝ փոփոխված լինելու դեպքում նշելով փոփոխության կատարման ամսաթիվը եւ փոփոխության էությունը,
3) նշում հայցադիմումի պատասխան եւ/կամ հակընդդեմ հայց, հակընդդեմ հայցի պատասխան ներկայացված լինելու մասին,
4) նշում գործին երրորդ անձանց ներգրավելու մասին.
5) նշում` առանձին ակտի ձեւով ընդունված որոշումների մասին,
6) նշում վերադաս դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկված լինելու մասին։ Տվյալ դեպքում նշվում է նաեւ համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի կողմից սահմանած գործի նոր քննության ծավալը,
7) նշում` գործին մասնակցող անձանց եւ նրանց ներկայացուցիչների դատական նիստին ներկայանալու կամ չներկայանալու մասին,
8) հայցադիմումի հակիրճ բովանդակությունը` յուրաքանչյուր պահանջը, յուրաքանչյուր պահանջի փաստական հիմքերը` շարադրելով այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորը, յուրաքանչյուր պահանջի իրավական հիմքերն ու հիմնավորումները` վկայակոչելով օրենքների եւ այլ իրավական ակտերի նորմերը,
9) պատասխանողի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը` հայցվորի յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակի առարկելու վերաբերյալ, առարկության փաստական հիմքը` շարադրելով այն փաստերը« որոնց վրա հիմնվում է պատասխանողը, առարկության իրավական հիմքը` շարադրելով պատասխանողի փաստարկները պահանջի իրավական հիմնավորման վերաբերյալ եւ վկայակոչելով օրենքի եւ այլ իրավական ակտերի նորմերը,
10) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի 8-րդ կետով սահմանված կարգով,
11) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի համապատասխանաբար 8-րդ կամ 9-րդ կետով սահմանված կարգով,
12) հակընդդեմ հայցվորի եւ հակընդդեմ հայցով պատասխանողի դիրքորոշումները, որոնք շարադրվում են սույն մասի համապատասխանաբար 8-րդ եւ 9-րդ կետերով սահմանված կարգով։
4. Վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի.
1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը,
2) վերլուծություն կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների եւ այլ իրավական ակտերի այն նորմերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերաբերելի է համարում,
3) ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի որ մասի հիման վրա եւ ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստի ապացուցման պարտականությունից
4) ապացուցման ենթակա փաստերը`
ա. շարադրելով ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը,
բ. նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը եւ որ իրավական նորմի հիման վրա,
գ. առաջին ատյանի դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց կողմից ներկայացված յուրաքանչյուր ապացույցը` սույն օրենսգրքի 51-րդ եւ 53-րդ հոդվածներին համապատասխան,
5) եզրահանգում` գործին մասնակցող անձի կողմից ներկայացված ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու դեպքում՝
ա. հղում կատարելով այն իրավանորմերի վրա, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող,
բ. շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը հանգել է նման եզրահանգման։
6) եզրակացություն` գործին մասնակցող անձանց պահանջների եւ առարկությունների հիմնավոր լինելու վերաբերյալ.
7) գործին մասնակցող անձանց միջեւ դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը։
5. Վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի`
1) յուրաքանչյուր պահանջը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը,
2) սկզբնական եւ հակընդդեմ հայցերը լրիվ կամ մասնակի բավարարելու դեպքում նշում` հաշվանցի արդյունքում բռնագանձվող գումարի մասին,
3) գործարքն անվավեր ճանաչելու դեպքում նշում` գործարքի անվավերության հետեւանքների մասին,
4) եզրահանգումներ` գործին մասնակցող անձանց միջեւ դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ,
5) եզրահանգում` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին,
6) կատարում ենթադրող վճիռ կայացնելու դեպքում նշում` վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,
7) վճռի բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, ուր կարող է ներկայացվել բողոքը։
5. Առաջին ատյանի դատարանի վճռի յուրաքանչյուր էջը ստորագրվում եւ կնքվում է այն կայացրած դատավորի կողմից»։
Հոդված 8. Օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասում 5-րդ կետում «հիմքերը» բառից հետո լրացնել « ` վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը եւ կատարելով համեմատական վերլուծություն» բառերը։
Հոդված 9. Օրենսգրքի 220-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 220. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը
1. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 130.1-րդ հոդվածով սահմանված պահանջներին։
2. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից։
3. Որոշման ներածական մասը պետք է պարունակի`
1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիuը, ամuաթիվը, վայրն ու վերաքննիչ դատարանի կազմը.
2) վճիռ կայացրած ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անվանումը, վճռի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը, դատավորի անունը, ազգանունը.
3) գործին մասնակցող անձանց եւ նրանց ներկայացուցիչների անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատաuխան ներկայացվելու դեպքում նաեւ` պատաuխանը ներկայացրած անձի անունը (անվանումը)։
4. Որոշման նկարագրական մասը պետք է պարունակի`
1) գործի դատավարական գործընթացի նկարագրությունը` երբ է հայցը ներկայացվել դատարան, երբ է այն ընդունվել վարույթ, արդյոք ներկայացվել է հայցադիմումի պատասխան կամ հակընդդեմ հայց, եթե ներկայացվել է, ապա երբ է ներկայացվել եւ ինչ որոշում է կայացվել հակընդդեմ հայցի վերաբերյալ, արդյոք ներգրավվել են երրորդ անձինք, երբ է հրապարակվել վճիռը, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճռի եզրափակիչ մասի հակիրճ բովանդակությունը,
2) գործը վերադաս դատարանից նոր քննության ուղարկված լինելու դեպքում` նաեւ համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի կողմից սահմանած գործի նոր քննության ծավալը,
3) նշում` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձեւով ընդունած որոշումների մասին,
4) նշում` վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձեւով ընդունած որոշումների մասին,
5) վերաքննիչ բողոքի հիմքերը եւ հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատաuխանի առկայության դեպքում` պատաuխան ներկայացրած անձի դիրքորոշումը եւ հիմնավորումները,
5. Որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի`
1) գործով պարզված եւ վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաuտերը, այդ թվում`
ա. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից եւ վերաքննիչ բողոքում չեն վիճարկվել,
բ. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից եւ վերաքննիչ բողոքում վիճարկվել են, սակայն վերաքննիչ դատարանը դրանց վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ թույլ չի տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը եւ հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցների վրա,
գ. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից եւ վերաքննիչ բողոքում վիճարկվել են, եւ վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը եւ հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցների վրա։ Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե դատարանի կողմից հաստատված փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում կամ դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը եւ հղում կատարելով առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,
դ. այն փաստերը, որոնք չեն հաստատվել առաջին ատյանի դատարանի կողմից եւ այդ հանգամանքը վիճարկվել է վերաքննիչ բողոքում, եւ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա դրանք համարել է հաստատված` հղում կատարելով վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան դիրքորոշմանը եւ առաջին ատյանի դատարանի հետազոտած այն ապացույցներին, որոնք ընկած են փաստի հաստատման հիմքում,
2) եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետեւյալ հարցերին`
ա. արդյո՞ք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,
բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր չէ, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների եւ այլ իրավական ակտերի այն նորմերին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր չէ,
գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների եւ այլ իրավական ակտերի այն նորմերին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է,
դ. բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի կողմից թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը հանդիսանում է դատական ակտի բեկանման հիմք, թե ոչ` պատճառաբանելով համապատասխան դիրքորոշումը։
3) սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` գործի նոր քննության ծավալը կամ նշում այն մասին, որ գործը պետք է քննվի ամբողջ ծավալով,
4) սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` արդարադատության արդյունավետության շահի առկայության վերաբերյալ հիմնավորումները,
5) եզրահանգումներ` ապացուցման առարկայի մեջ մտնող փաստերի, անվիճելի փաստերի շրջանակի կամ ապացուցման պարտականության բաշխման վերաբերյալ, եթե վերաքննիչ դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան, սխալ է որոշել անվիճելի փաստերի շրջանակը կամ սխալ է բաշխել ապացուցման պարտականությունը,
6) գործին մասնակցող անձանց միջեւ դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը։
6. Որոշման եզրափակիչ մասը պետք է պարունակի`
1) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.
2) վերաքննիչ բողոքը բավարարելու դեպքում` համապատասխան դատավարական հետեւանքը.
3) եզրահանգում` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին,
4) գործին մասնակցող անձանց միջեւ դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ դատարանի եզրահանգումները.
5) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում նշում` որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,
6) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, ուր կարող է ներկայացվել բողոքը։
7. Վերաքննիչ դատարանի որոշումը ստորագրվում եւ կնքվում է այն կայացրած դատավորների կողմից»։
Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 220.1-րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 220.1 Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը
1. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 130.1-րդ հոդվածով սահմանված պահանջներին։
2. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքում կայացվող որոշումը պետք է պարունակի`
1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը« գործի համարը« որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրն ու դատարանի կազմը.
2) որոշում կայացրած ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անվանումը, որոշման կայացման տարին, ամիuը, ամuաթիվը, դատավորի անունը, ազգանունը.
3) գործին մասնակցող անձանց եւ նրանց ներկայացուցիչների անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը),բողոքարկվող որոշման հակիրճ բովանդակությունը, վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում նաեւ` պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը).
4) վերաքննիչ բողոքի հիմքերը եւ հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը եւ հիմնավորումները.
5) գործով պարզված եւ վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաեւ այն միջազգային պայմանագրերի, օրենքների եւ այլ իրավական ակտերի նորմերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի այն որոշումները, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս.
6) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.
7) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը« ուր կարող է ներկայացվել բողոքը։
3. Վերաքննիչ դատարանի որոշման յուրաքանչյուր էջը ստորագրվում եւ կնքվում է այն կայացրած դատավորի կողմից»։
Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 220.2-րդ հոդվածով.
«Հոդված 220.2. Դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերը
1. Դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերն են`
1) նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը,
2) դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը»։
Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 220.3-րդ հոդվածով.
«Հոդված 220.3. Նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ uխալ կիրառումը
1. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`
1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր.
2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր.
3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը։
2. Նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման»։
Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 220.4-րդ հոդվածով.
«Հոդված 220.4. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ uխալ կիրառումը
1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձեւական նկատառումներով։
2. Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում՝ այնպիսի դատավորի կողմից, ով, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել,
2) դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որեւէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձեւով չի տեղեկացվել նիստի ժամանակի եւ վայրի մասին,
3) դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից,
4) դատական ակտը կայացրել է ոչ այն դատավորը(դատավորները), որը(որոնք) մտնում է (են)գործը քննող դատարանի կազմի մեջ,
5) գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը,
6) գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ,
7) դատական ակտը շոշափում է գործին մասնակից չդարձված անձանց իրավունքները եւ պարտականությունները,
8) առկա են սույն օրենսգրքի 103-րդ հոդվածով սահմանված` հայցն առանց քննության թողնելու հիմքերը, կամ
9) առկա են սույն օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը»։
Հոդված 14. Օրենսգրքի 223-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել « ` օրինական ուժի մեջ մտած» բառերը,
2) լրացնել 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ`
«3. Գործին մասնակցող ֆիզիկական անձինք վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով»։
Հոդված 15. Օրենսգրքի 231-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 231. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը
1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոք բերող անձի անունը (անվանումը), ազգանուն, հայրանուն (անձը հաստատող փաստաթղթում առկայության դեպքում), դատավարական կարգավիճակը.
3) դատական ակտ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան.
4) բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, եւ նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը, եւ դրանց հիմնավորումները.
5) սույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որն ըստ բողոքաբերի հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար.
6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։
2.Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ`
1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միեւնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ` կցելով այդ դատական ակտերը եւ մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտում կիրառված միեւնույն նորմի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.
2) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին)` կցելով այդ դատական ակտերը եւ մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հակասության վերաբերյալ։
3) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը` կցելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը եւ մեջբերելով ստորադաս դատարանի դատական ակտի այն մասը, որը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի միջեւ առկա հակասության վերաբերյալ.
4) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին)` կցելով այդ դատական ակտերը եւ մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտի միջեւ առկա հակասության վերաբերյալ.
5) բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական իրավունքի նորմը, որը խախտվել է` հիմնավորելով այդ խախտումը եւ այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա։
4. Վճռաբեկ բողոքը ստորագրում է բողոք ներկայացնող անձի ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը։ Եթե վճռաբեկ բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձեւակերպված լիազորագիրը։
5. Վճռաբեկ բողոքին կցվում են նաեւ օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը, եւ բողոքի պատճենը` գործը քննող դատարան եւ գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:»։
Հոդված 16. Օրենսգրքի 233-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 233. Վճռաբեկ բողոք վերադարձնելը
1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 231-րդ հոդվածի պահանջներին։
2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։
3.Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատարանը կարող է սահմանել մինչեւ մեկամսյա ժամկետ` թերությունները վերացնելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար»։
Հոդված 17. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 233.1-րդ հոդվածով.
«Հոդված 233.1. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը
1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`
1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ այն մերժվել է.
2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չունի.
3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.
4) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչեւ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.
5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։
2. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում»։
Հոդված 18. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 233.2-րդ հոդվածով.
«Հոդված 233.2. Վճռաբեկ բողոքն վարույթ ընդունելը մերժելը
1.Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են սույն օրենսգրքի 233-րդ հոդվածով, 233.1-րդ հոդվածով եւ 234-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։
3.Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության։»։
Հոդված 19. Օրենսգրքի 234-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 234. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գալիս է հետեւության, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար,
2) առերույթ թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, կամ
3)առկա է նոր կամ նոր երեւան եկած հանգամանք։
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես եթե`
1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միեւնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին) .
3) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.
4) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին).
5) վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի իմաստով դատական սխալ է համարվում, երբ`
1) թույլ է տրվել սույն օրենսգրքի 220.4-րդ հոդվածով սահմանված որեւէ խախտում.
2) առերեւույթ թույլ է տվել նյութական նորմի այնպիսի խախտում, որն ազդել էր գործի ելքի վրա։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում։
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանն իր որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը։
6. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձեւով ուղարկվում են բողոք բերող անձին եւ գործին մասնակցող անձանց»։
Հոդված 20. Օրենսգրքի 241.1-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ կետը.
«5.1) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առկայության հիմնավորումը»։
Հոդված 21. Օրենսգրքի 241.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 241.2.Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը
1. Վճռաբեկ դատարանի` գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։
2.Վճռաբեկ դատարանի` սույն օրենսգրքի 233-րդ, 233.1-րդ եւ 233.2-րդ հոդվածներով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են եւ ենթակա չեն բողոքարկման»։
Հոդված 22. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից կայացվող դատական ակտերի, դրանց դեմ բերվող վերաքննիչ բողոքների եւ այդ բողոքների քննարկման արդյունքում կայացվող դատական ակտերի, վերաքննիչ դատարանի ակտերի դեմ բերվող վճռաբեկ բողոքների եւ այդ բողոքների քննարկման արդյունքում կայացվող դատական ակտերի վրա։
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
«Հայաստանի Հանրապետության իրավական եվ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եվ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրությամբ որպես առանձին գործողություն է սահմանվել վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Սահմանվել է, որ օրենքի միատեսակ կիրառության եւ մեկնաբանության ապահովման հարցում վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթների ապահովման եւ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ուսումնասիրել լավագույն միջազգային փորձը՝ ըստ անհրաժեշտության իրականացնելով վճռաբեկ բողոքարկման ինստիտուտի կատարելագործմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ:
Գործող դատավարական օրենսգրքերում անհրաժեշտ է հստակեցնել վճռաբեկ բողոքին ներկայացվող չափանիշները՝ պարզելով, թե արդյոք դրանք ձեւական (ֆորմալ) բնույթ ունեն, թե դրանց պետք է ներկայացվեն նաեւ բովանդակային պահանջներ:
Վերոհիշյալ խնդիրների լուծմանը կարող են օժանդակել առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների դատական ակտերի կառուցվածքին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները, հատկապես նույնական փաստական հանգամանքներով այլ դատական ակտեր կայացնելիս, ինչպես նաեւ վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջների հստակեցումը, վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումների հրապարակումը:
Ինչպես ՀՀ դատական օրենսգրքով, այնպես էլ դատավարական օրենսգրքերով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը նախատեսված են ինչպես ՀՀ դատական օրենսգրքում, այնպես էլ դատավարական օրենսգրքերում: Ընդ որում նշված 4 օրենսդրական ակտերում էլ դրանք նույնն են:
Դրանք են`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար.
2) վերանայվող դատական ակտն առերեւույթ (prima facie) հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին.
3) ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերեւույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանքներ: Նոր եւ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայումը որպես բացառիկ վերանայման տարատեսակ եւ սույն հիմնախնդրին չի վերաբերում:
Կարծում ենք նշված հիմքերի առումով առկա են հետեւյալ թերությունները`
1. Վարույթ ընդունելու երկրորդ հիմքը` վերանայվող դատական ակտն առերեւույթ (prima facie) հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումները, ուղղակիորեն պայմանավորված է օրենքի միատեսակ կիրառելու վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթի իրականացման անհրաժեշտությամբ եւ հնարավորություն է տալիս վճռաբեկ դատարանին հետեւողական լինել ստորդաս դատարանների կողմից իր կայացրած որոշումների կատարման հարցում: Այսինքն նշված հիմքն, ըստ էության, վարույթ ընդունելու առաջին հիմքի (բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար) տարատեսակ է:
2. Նշված հիմքերը չափազանց ընդհանուր են ձեւակերպված: Օրենսդրական ակտերում սահմանված չէ, թե ինչ պայմանների դեպքում ներկայացված բողոքը վարույթ ընդունելը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար կամ ինչի հիման վրա պետք է որոշվի ծանր հետեւանքներ առաջացնող առերեւույթ դատական սխալը:
Ելնելով դատավարական օրենքներով սահմանված կարգավորումներից եւ ձեւավորված իրավակիրառ պրակտիկայից` վճռաբեկ դատարանը ներկայումս պատճառաբանում է միայն բողոքները վերադարձնելու մասին որոշումները[1] եւ ընդհանրապես չի պատճառաբանում վարույթ ընդունելու մասին որոշումները (դատավարական օրենքներում բացակայում է նման օրենսդրական պահանջ), իսկ վճռաբեկ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերում, որպես կանոն, չի պատճառաբանում, թե ինչ հիմքով եւ պատճառաբանությամբ է վճռաբեկ դատարանը կոնկրետ բողոքը ընդունել վարույթ:
Այսպես որեւիցե դատավարական օրենք վճռաբեկ դատարանի գործն ըստ էության լուծող որոշման պարդատիր տարր չի սահմանում կոնկրետ բողոքը վարույթ ընդունելու հիմքի պատճառաբանումը: Արդյունքում վճռաբեկ դատարանի կողմից կոնկրետ գործով կայացվող որեւիցե որոշման մեջ չի պատճառաբանվում է, թե ինչու է վճռաբեկ դատարանը կոնկրետ բողոքը ընդունել իր վարույթ եւ ինչ հիմքով:
Նշված կարգավորումը դատավարության մասնակիցների մոտ կարող է հանգեցնել այն եզրահանգման, որ վճռաբեկ դատարանը ներկայացված բողոքները վարույթ է ընդունում կամայականորեն` վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պայմաններում կամ առանց վարույթ ընդունելու հիմքերի հարցի լուծման:
ՀՀ գործող քաղաքացիական եւ վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված է միայն բողոքը վերադարձնելու որոշումը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենքով ինչպես բողոքը վերադարձնելու, այնպես էլ առանց քննության թողնելու մասին որոշումը: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու բովանդակային հիմքերին չհամապատասխանելու հիմքով վերադարձվելու դեպքում վճռաբեկ դատարանը կայացնում է «վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում», որը մեր կարծիքով նույնպես ճիշտ չէ: Բացի այդ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումն ըստ էության հանդիսանում է վերջնական դատական ակտ, սակայն այն չի կայացվում հանուն Հայաստանի Հանրապետության: Ուստի անհրաժեշտ է օրենդրական փոփոխությունների միջոցով շտկել այդ թերությունները եւ միատեսակություն ապահովել տարբեր դատավարություններում:
ՀՀ քաղաքացիական եւ վարչական դատավարության օրենսգրքերում առկա են որոշակի խնդիրներ դատական ծանուցագրերի հետ կապված, ինչը հանգեցնում է դատական նիստերի հետաձգման եւ հիմք է հանդիսանում ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի հոդվածով սահմանված գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրաիրավական պահանջին: Այդ նպատակով նշված դատավարական օրենսգրքերում անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում կբարձրանա դատական ծանուցումների արդյունավետությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը սահմանում է դատական նիստերի հետաձգման հիմք հանդիսացող հանգամանքները: Սակայն իրավակիրառ պրակտիկանում արդարադացիորեն առաջանում են դատական նիստերի հետաձգման այլ հիմքեր, որոնք օրենքով նախատեսված չեն: Այդ նպատակով անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով հնարավորինս սպառիչ սահմանել դատական նիստերի հետաձգման համար հիմք հանդիսացող հանգամանքները:
Սռաջարկվող լուծումները.
ՀՀ քաղաքացիական եւ վարչական դատավարությունների օրենսգրքերում դատական ծանուցումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է կատարել հետեւյալ փոփոխությունները:
1. դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցները հաջորդ դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին դատարանի կողմից ծանուցվում են բանավոր կարգով: Տվյալ նորմի նախատեսման պարագայում դատարանը պարտավոր կլինի հաջորդ դատական նիստ նշանակել եւ հետեւաբար կողմերի հաջորդ դատական նիստի մասին ծանուցել տվյալ դատական նիստի վերջում, որի պարագայում նշված դեպքերում չի առաջանա դատական ծանուցումներ կատարելու անհրաժեշտություն: Որպես բացառություն առաջարկվում է սահմանել այն դեպքերը, երբ դատական նիստը համակարգչային ձայնագրման եղանակով չի արձանագրվում, որի դեպքում դատարանը դատական նիստին ներկայացած դատավարության մասնակցին հաջորդ դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին ծանուցում է դատական նիստի ավարտից հետո դատական ծանուցագիրը առձեռն հանձնելով:
2. իրավաբանական անձինք դատական նիստերի անցկացման վերաբերյալ ծանուցվում են միայն էլեկտրոնային եղանակով: Նշված նորմի նախատեսումը կբացառի իրավաբանական անձնաց ծանուցման հետ կապված դժվարությունները եւ կնվազեցնի դատական ծախսերը:
3.եթե հնարավոր չէ ծանուցել դատավարության մասնակից ֆիզիկական անձին, ապա դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, գյուղական համայնքում հաշվառված անձանց դեպքում` նաեւ գյուղական համայնքի ղեկավարին, իսկ քաղաքներում հաշվառված անձանց դեպքում` նաեւ համապատասխան վարչական շրջանի ղեկավարությանը (մարզերում` քաղաքապետին), որի պարագայում այդ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Ի կատարումն «Հայաստանի հանրապետության իրավական եվ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եվ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության 5.1.3.-րդ կետի ՀՀ քաղաքացիական եւ վարչական դատավարության օրենսգրքերում մշակել դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք հնարավորություն կտան այլ դատական ակտերին հղում կատարելիս ապահովել տարբեր գործերի փաստական հանգամանքների համադրելիությունը: Մասնավորապես առաջարկվում է նախագծով կատարելագործել վճռի եւ վերաքննիչ դատարանների որոշումների նկարագրական եւ պատճառաբանական մասերի նկարագրությունը եւ ներկայացվող պահանջները, որի պարագայում կբարձրանա դատարանի վճռիների եւ որոշումների պատճառաբանվածության եւ հիմնավորվածության աստիճանը: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, ապա դրա հետ կապված համապատասխան առաջարկությունները նախատեսվել են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում:
Նախագծով առաջարկվող ընդլայնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված դատական նիստ հետաձգման համար հիմք հանդիսացող հանգամանքները: Որպես դատական նիստի հետաձգման հիմք առաջարկվում է նախատեսել`
1) գործին մասնակցող անձանցից որեւէ մեկը կամ նրա ներկայացուցիչը դատա-րանի կողմից հարգելի ճանաչված պատճառով չի ներկայացել դատական նիստին եւ ներկայացրել է գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն.
2) այն չի կարող քննվել տվյալ նիստում` վկաների, փորձագետների կամ թարգմանիչների չներկայանալու պատճառով.
3) դա թելադրված է ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.
4) դա թելադրված է գործին մասնակցող անձի կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցներին գործին մասնակցող այլ անձանց ծանոթանալու անհրաժեշտությամբ.
5) գործին մասնակցող անձանցից որեւէ մեկը միջնորդում է տրամադրել ողջա-միտ ժամկետ` վեճը հաշտությամբ լուծելու համար, եւ գործին մասնակցող մյուս անձինք չեն առարկում.
6) ներկայացվել է հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ.
7) հայցվորը ներկայացրել է հայցի առարկան կամ հիմքը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն.
8) ավարտվել է աշխատանքային օրը, եթե օրենքով գործի քննության հատուկ ժամկետներ սահմանված չեն.
9) դատական նիստը չի կարող շարունակվել նիստերի դահլիճում ներկա գտնվող անձանց կողմից թույլ տրվող դատական նիստի կարգի զանգվածային խախտումների պատճառով.
10) առաջին ատյանի դատարանը որոշել է գործի քննությանը ներգրավել գործին մասնակցող նոր անձ.
11) առկա են առողջական վիճակի հետ կապված կամ այլ անձնական բնույթի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում դատարանի կողմից գործի քննությունը:
Ելնելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու բովանդակային հիմքերը կատարելագործելու անհրաժեշտությունից` անհրաժեշտ է սահմանել, որ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքները վարույթ է ընդունում միայն երկու պարագայում`
ա. դա անհրաժեշտ է վճռաբեկ դատարանի ՀՀ Սահմանադրության 92-րդ մասի 2-րդ մասով սահմանված սահմանադրական գործառույթի` օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար:
բ. դա անհրաժեշտ է արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալների վերացման համար: Այս հիմքով վճռաբեկ դատարանը ներկայացված բողոքներն ընդունում է վարույթ, եթե բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծման ժամանակ հիմնավորվում է, որ ստորադաս դատարանը ենթադրաբար թույլ է տվել նյութական կամ դատավարական բնույթի այնպիսի հիմնարար խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:
Ուստի անհրաժեշտ է որպես առանձին հիմք վերացնել երկրորդ հիմքը` (վերանայվող դատական ակտն առերեւույթ (prima facie) հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշմանը) այն ներառելով առաջին հիմքի մեջ:
Բացի այդ, անհրաժեշտ է օրենսդրորեն բացահայտել այն հիմքերը, որոնք վկայում են կոնկրետ հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառման անհրաժեշտության վերաբերյալ, մասնավորապես սահմանելով` մասնավորապես եթե`
1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միեւնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին) .
3) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.
4) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին).
5) վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Առաջարկվում է կատարելագործել վճռաբեկ բողոքին ներկայացված պահանջները: Մասնավորապես վճռաբեկ բողոք ներկայացրած անձը վճռաբեկ բողոքում պետք է հնարավորինս մանրամասն հիմնավորի տվյալ գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայությունը: Ելնելով վերագրյալից` առաջարկում ենք, որ այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքը բերվում է օրենքի միատեսակ կիրառության հիմքով, վճռաբեկ բողոքում պետք է հիմնավորվի`
1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միեւնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ` կցելով այդ դատական ակտերը եւ մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտում կիրառված միեւնույն նորմի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.
2) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին)` կցելով այդ դատական ակտերը եւ մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հակասության վերաբերյալ։
3) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը` կցելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը եւ մեջբերելով ստորադաս դատարանի դատական ակտի այն մասը, որը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի միջեւ առկա հակասության վերաբերյալ.
4) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին)` կցելով այդ դատական ակտերը եւ մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտի միջեւ առկա հակասության վերաբերյալ.
5) բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքը բերվում է նյութական կամ դատավարական օրենքի խախտման հիմքով, ապա վճռաբեկ բողոքում պետք է նշվի այն նյութական կամ դատավարական իրավունքի նորմը, որը խախտվել է` հիմնավորելով այդ խախտումը եւ այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա։
Առաջարկվում է օրենսդրորեն նախատեսել, որ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտում պարտավոր է նշել, թե վճռաբեկ դատարանը կոնկրետ գործով ներկայացված բողոքն ինչ հիմքով է ընդունել վարույթ` մանրամասն հիմնավորելով ներկայացված բողոքում վարույթ ընդունելու հիմքերի առկայությունը:
Նշված հանգամանքը ավելի կանխատեսելի կդարձնի վճռաբեկ դատարանի գործունեությունը եւ կբարձրացնի բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումների նկատմամբ վստահությունը:
Նշված խնդրի լուծմանն ուղղված երկրորդ կարգավորումը պետք է լինի վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունված վճռաբեկ բողողոքների Datalex կայքում տեղադրելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում դռնփակ կարգով քննվող գործերի: Նշված կարգավորումը նույնպես կնպաստի վճռաբեկ դատարանի գործունեության թափանցիկության բարձրացմանը:
Առաջարկվում է սահմանել, որ վճռաբեկ բողոքն օրենքով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու վճռաբեկ դատարանը կայացնում է հետեւյալ որոշումները.
1.վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին: Այդպիսի որոշում կայացվում, երբ վճռաբեկ բողոքը բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է, կամ բողոքարկվել է բողոքարկման ոչ ենթակա դատական ակտը, վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել:
2.վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին` թերությունները վերացնելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար, նման որոշում կայացվում է, երբ վճռաբեկ բողոքը ստորագրված չէ, բողոքին կցված չէ սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը, բողոքին կցված չէ պատճենը` գործը քննող դատարան եւ գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, պարզ չէ, թե որ դատական ակտն է բողոքարկվում:
3. վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը մերժելու մասին, եթե բացակայում են այն վարույթ ընդունելու բովանդակային հիմքերը, այն է` այդ հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը չի կարող էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար կամ ստորադաս դատարանը չի թույլ տվել ակնհայտ նյութական կամ դատավարական խախտում, որը կազդեր գործի ելքի վրա: Ընդ որում վճռաբեկ բողոքի վարույթը ընդունումը մերժելու մասին որոշում վճռաբեկ դատարանը կարող է կայացվել բողոքը ստանալու հետո 3 ամսյա ժամկետում:
Ակնկալվող արդյունքը.
Նշված նախագծերն ընդունվելու դեպքում կբարձացվի դատական ակտերին ներկայացվող հիմնավորվածության եւ պատճառաբանվածության աստիճանը, կբարելավվեն դատական ծանուցումները, կկատարելագործվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու բովանդակային հիմքերը, դատավարության մասնակիցների համար ավելի պարզ եւ կկանխատեսելի կդառնա որոշելը, թե ինչու կոնկրետ դեպքում վճռաբեկ բողոքն ընդունվեց վարույթ կամ դրա ընդունումը մերժվեց, կիջեցվի վճռաբեկ դատարանի դատավորների ծանրաբեռնվածությունը,:
--------------------------------------------------------------------------------
[1] Այդ պահանջները նախատեսված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-մաս, քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2.1-րդ մաս, Վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածնի 2-րդ մաս: