Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2892-18.06.2013-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի Հողային օրենսգրքի (այսուհետ`օրենսգիրք) 20-րդ հոդվածի 1-ին մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Բնապահպանական հողեր են համարվում բնական, գիտական, գեղագիտական, հանգuտի նշանակություն ունեցող եւ հատուկ պահպանության նպատակով նախատեuված արգելոցների, ազգային պարկերի, արգելավայրերի, բնության հուշարձանների, պահպանվող լանդշաֆտների, բուuաբանական այգիների եւ դենդրոպարկերի հողերը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«արգելոցների, ազգային պարկերի, արգելավայրերի, բնության հուշարձանների, պահպանվող լանդշաֆտների եւ դրանց պահպանման գոտիների, ինչպես նաեւ էկոլոգիական միջանցքների, կենսոլորտային պահպանավայրերի, կանաչապատ տարածքների պահպանությանն ու օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը»:

Հոդված 3. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի`

1. 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բնապահպանական պահանջները կատարելու, ներառյալ` արգելոցները, ազգային պարկերը, արգելավայրերը, Կարմիր գրքում գրանցված բույսերի եւ կենդանիների գոյության պայմանները, էկոլոգիական միջանցքները, կենսոլորտային պահպանավայրերը, կենդանիների միգրացիոն ուղիները, հողաշերտը, բնության, պատմության եւ մշակույթի հուշարձանները, հնէաբանական օբյեկտները պահպանելու պայմանով».

2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը:

Հոդված 4. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բնության հատուկ պահպանվող տարածքներ են` արգելոցները, ազգային պարկերը, արգելավայրերը, բնության հուշարձանները, պահպանվող լանդշաֆտները, ինչպես նաեւ այդ նպատակների համար պահեստավորված տարածքները.»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ  կատարելու  մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բնապահպանական  վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների  նախագծերի  փաթեթի  ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա են հետեւյալ բացերը`

1. բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները եւ հիմքերը.

2. հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները.

3. բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները.

4. բացակայում են բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները եւ պահպանության ռեժիմը.

5. բացակայում է արգելավայրի պահպանության ռեժիմը.

6. բացակայում են պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի եւ էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքները եւ պահպանության ռեժիմը.

7. բացակայում են կենսոլորտային արգելոցի ստեղծման եւ կառավարման հարցերը:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ այլ իրավական ակտերի միջեւ առկա են անհամապատասխանություններ եւ հակասություններ: Այդ նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում եւ «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Անհրաժեշտություն է առաջացել նաեւ համապատասխանեցնել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային չափանիշներին, մասնավորապես`

1. ապահովել Բնության պահպանության միջազգային միության կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների բոլոր կատեգորիաների ստեղծումը.

2. Նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ  կատարելու  մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Բնապահպանական  վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների  նախագծերի ընդունման հետեւանքով կկարգավորվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման եւ կառավարման հարաբերությունները:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի N340-Ա Հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որում ներգրավված են եղել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի, ԱԺ Գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի, «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ՄԱԶԾ/ԳԷՀ միջին ծավալի ծրագրի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչները եւ Հարավային Կովկասի Անդրսահմանային համատեղ քարտուղարության հայաստանյան համակարգողը:

Աշխատանքային խմբի կողմից նախագծերի փաթեթը ընդունվել է փոխհամաձայնեցման սկզբունքով:

4. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված օրենքների նախագծերի ընդունումով առավել արդյունավետ կդառնան բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացները: