Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2893-18.06.2013-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության  2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ – 82 -Ն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «դ» ենթակետը «բնապահպանական,» բառից հետո լրացնել «ներառյալ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների,» բառերով, իսկ «պահպանական» բառը փոխարինել «պահպանման» բառով:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «շրջակա միջավայրին,» բառերից հետո լրացնել «ներառյալ` բնության հատուկ պահպանվող տարածքներին,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը «տնօրինության տակ գտնվող» բառերից հետո լրացնել «բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ» բառերով:

Հոդված 4.   Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 37.1-րդ  հոդվածով.

«Հոդված 37.1. Բնապահպանական պետական տեսչության փոխհարաբերությունները բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող  կազմակերպությունների հետ

1. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում իրականացնող կազմակերպությունները հսկողություն են իրականացնում իրենց ենթակայության եւ/կամ տնօրինության տակ գտնվող տարածքներում բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված պահպանման ենթակա նորմերի կատարման նկատմամբ եւ հայտնաբերված իրավախախտումների մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով տեղյակ պահում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար:

2. Բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումը, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում , օրենքով սահմանված կարգով կազմակերպությունում իրականացնում է ստուգում:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ  օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ  կատարելու  մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բնապահպանական  վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների  նախագծերի  փաթեթի  ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա են հետեւյալ բացերը`

1. բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները եւ հիմքերը.

2. հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները.

3. բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները.

4. բացակայում են բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները եւ պահպանության ռեժիմը.

5. բացակայում է արգելավայրի պահպանության ռեժիմը.

6. բացակայում են պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի եւ էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքները եւ պահպանության ռեժիմը.

7. բացակայում են կենսոլորտային արգելոցի ստեղծման եւ կառավարման հարցերը:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ այլ իրավական ակտերի միջեւ առկա են անհամապատասխանություններ եւ հակասություններ: Այդ նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում եւ «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Անհրաժեշտություն է առաջացել նաեւ համապատասխանեցնել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային չափանիշներին, մասնավորապես`

1. ապահովել Բնության պահպանության միջազգային միության կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների բոլոր կատեգորիաների ստեղծումը.

2. Նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ  կատարելու  մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Բնապահպանական  վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների  նախագծերի ընդունման հետեւանքով կկարգավորվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման եւ կառավարման հարաբերությունները:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի N340-Ա Հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որում ներգրավված են եղել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի, ԱԺ Գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի, «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ՄԱԶԾ/ԳԷՀ միջին ծավալի ծրագրի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչները եւ Հարավային Կովկասի Անդրսահմանային համատեղ քարտուղարության հայաստանյան համակարգողը:

Աշխատանքային խմբի կողմից նախագծերի փաթեթը ընդունվել է փոխհամաձայնեցման սկզբունքով:

4. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված օրենքների նախագծերի ընդունումով առավել արդյունավետ կդառնան բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացները: