Հոդված 1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-46-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
փոստային կապ ` փոստային առաքանու ընդունումը, մշակումը, փոխադրումը եւ հանձնումն ապահովող կապի տեսակ, որը տեխնիկական եւ տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր է.
փոստային առաքանի ` հասցեագրված նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ ու փոստային բեռնարկղեր, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակություններ.
փոստային առաքում ` փոստային առաքանու ընդունում, մշակում, փոխադրում եւ հանձնում հասցեատիրոջը.
միջազգային փոստային եւ/կամ սուրհանդակային առաքում ` երբ փոստային առաքանին առաքվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ստացվում է այլ երկրներից եւ առաքվում Հայաստանի Հանրապետության տարածքում կամ տարանցիկով անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով.
ներհանրապետական փոստային եւ/կամ սուրհանդակային առաքում ` երբ փոստային առաքանին առաքվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
նամակագրական թղթակցություն ` հասարակ եւ գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ եւ փոքր փաթեթներ.
հասարակ փոստային առաքանի ` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողի կողմից առանց նրան անդորրագիր հանձնելու եւ ստացողին հանձնվում է առանց ստորագրության.
գրանցվող փոստային առաքանի ` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողին անդորրագրի հանձնումով, եւ ստացողին (օրինական ներկայացուցչին) հանձնվում է ստորագրությամբ` անձնագրի առկայության դեպքում.
գնահատված փոստային առաքանի ` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողի կողմից ներդրվածքի արժեքի գնահատմամբ, ուղարկողին անդորրագրի հանձնումով, եւ ստացողին հանձնվում է ստորագրությամբ: Գնահատված արժեքի գումարի առավելագույն չափը սահմանում է փոստային կապի օպերատորը.
սեկոգրամ` բացառապես կույրերի համար նախատեսված փոստային առաքանի, որը հանձնվում է բաց տեսքով, սեկոգրաֆիայի եղանակով գրված նամակագրական հաղորդակցություններով եւ հրատարակություններով, սեկոգրաֆիայի նշաններով` կլիշեներով, ձայնագրություններով, տիֆլոտեխնիկական միջոցներով.
դրամական միջոցների փոստային փոխադրություններ ` «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դրամական (փողային) փոխանցումներ.
փոստային կապի ծառայություններ ` փոստային կապի օպերատորի գործողություն կամ գործունեություն կապված հասարակ, պատվիրված, գնահատված եւ ուղիղ փոստային առաքանիների ընդունման, մշակման, փոխադրման եւ հանձնման հետ.
փոստային կապի ունիվերսալ ծառայություններ ` օրենքով եւ փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված որակի չափանիշներին համապատասխան, օգտվողների համար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հասանելի, մշտական հիմունքներով եւ մատչելի գներով մատուցվող փոստային կապի ծառայություններ` կապված մինչեւ 2կգ. քաշով նամակագրական թղթակցության, մինչեւ 20կգ. քաշով ծանրոցների ներհանրապետական եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փոստային առաքումների, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերում պաշտոնական պարբերականների առաքումների հետ:
սուրհանդակային կապի ծառայություն ` փոստային կապի գործունեության տեսակ, որի դեպքում փոստային առաքանին առաքման ամբողջ ժամանակահատվածում` ուղարկողից մինչեւ հասցեատեր, ուղեկցվում է միեւնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից.
հատուկ կապի ծառայություն ` սուրհանդակային կապի ծառայության տեսակ, որի դեպքում իրականացվում է հատուկ առաքանիների ընդունումը, մշակումը, փոխադրումը եւ հանձնումը.
հատուկ առաքանի ` փոստային առաքանի, որը պարունակում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով պահպանվող գաղտնի տեղեկություններ եւ առարկաներ, թանկարժեք մետաղներ եւ թանկարժեք քարեր, ինչպես նաեւ դրանցից պատրաստված զարդեր, որոնք ուղարկվում կամ ստացվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից.
ուղիղ փոստային առաքանի ` փոստային առաքանու տեսակ, որը իր մեջ պարունակում է գովազդային, տեղեկատվական եւ/կամ հրապարակային նյութեր: Առաքանու ներդրվածքը պետք է պարունակի միատեսակ հաղորդակցություն կամ տեղեկատվություն, որոնք չեն կարող փոփոխել առաքվող նյութերով հաղորդվող տեղեկությունների իմաստը, բացառությամբ այն տեղեկությունների, որոնցով սահմանվում են հասցեատիրոջ անունը, հասցեն, նույնականացման համարը եւ հասցեագրմանն առնչվող այլ տեղեկություններ:
օգտվող ` ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման մարմիններ, որոնք օգտվում են փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից, որպես ուղարկող կամ ստացող.
ստացող (հասցեատեր) ` փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող, որին հասցեագրված են փոստային առաքանի, դրամական միջոցների փոստային փոխադրություններ, հեռագրային կամ այլ հաղորդագրություններ.
ուղարկող ` անձ, ով պատասխանատու է փոստային առաքանու ներդրվածքի համար, ում կամքով եւ ում անունից առաքանին հանձնվել է փոստային կապի կամ սուրհանդակայնի կապի օպերատորին.
փոստային կապի եւ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման ժամկետ ` փոստային կապի եւ սուրհանդակային կապի որոշակի ծառայությունների մատուցման ժամկետներից եւ նորմատիվներից բաղկացած ամբողջություն՝ փոստային եւ սուրհանդակային կապի օպերատորի սահմանած առանձին տեխնոլոգիական գործողությունների կատարման համար.
հսկիչ ժամկետներ ` փոստային առաքանու եւ դրամական միջոցների փոստային փոխադրությունների` փոստային կապի ընդունման վայրից մինչեւ փոստային կապի օբյեկտի հանձնման վայրն առաքման, ինչպես նաեւ փոստային կապի օբյեկտներում դրանց վերամշակման առանձին գործառնությունների համար սահմանված ժամանակ.
փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման սակագին ` փոստային կապի եւ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման վճարման համար սահմանված չափ.
փոստային կապի օպերատոր ` փոստային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով սահմանված փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգով սահմանված պայմանները եւ պահանջները.
սուրհանդակային կապի օպերատոր ` միջազգային սուրհանդակային կապի օպերատոր կամ ներհանրապետական սուրհանդակային կապի օպերատոր` սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով սահմանված սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգով սահմանված պայմանները եւ պահանջները.
միջազգային սուրհանդակային կապի օպերատոր ` սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից այլ երկրներ կամ այլ երկրներց Հայաստանի Հանրապետություն, լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով սահմանված սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգով սահմանված պայմանները եւ պահանջները.
ներհանրապետական սուրհանդակային կապի օպերատոր ` սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում, լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով սահմանված սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգով սահմանված պայմանները եւ պահանջները
կանոնակարգ ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում փոստային կապի օպերատորի կամ սուրհանդակային կապի օպերատորի գործունեություն իրականացնող անձանց` տվյալ գործունեությանը վերաբերող տարածքային, տրանսպորտային միջոցների, տեխնիկական եւ տեխնոլոգիական նվազագույն չափանիշներ, ինչպես նաեւ սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից բխող պարտադիր պայմաններ եւ պահանջներ սահմանող իրավական ակտ.
փոստային կապի ազգային օպերատոր ` փոստային կապի օպերատոր, որը մատուցում է փոստային կապի ունիվերսալ ծառայություններ եւ կրում է Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը.
փոստային կապի օբյեկտներ` փոստային կապի օպերատորի առանձնացված ստորաբաժանումներ ` փոստի տեսակավորման եւ փոխադրման կենտրոն, օդանավակայաններին կամ երկաթուղային կայարաններին կից փոստի փոխադրման բաժանմունքներ, փոստափոխանակման կետեր, փոստային բաժանմունքներ, փոստային շարժական կետեր եւ այլն.
փոստային կապի երթուղի ` փոստային կապի օբյեկտների միջեւ փոստային տրանսպորտի երթուղի.
փոստային կապի ցանց ` փոստային կապի օբյեկտների եւ փոստային երթուղիների ամբողջություն.
փոստային կապի միջոցներ ` փոստային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող շենքեր, շինություններ, ոչ բնակելի տարածքներ, սարքավորումներ եւ փոստային տրանսպորտ, փոստային ծրարներ, բացիկներ եւ փոստային տարա.
սուրհանդակային կապի միջոցներ ` սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող շենքեր, շինություններ, ոչ բնակելի տարածքներ, սարքավորումներ եւ տրանսպորտ.
փոստային վճարման պետական նշաններ (նիշեր) ` փոստային նամականիշեր, ֆրանկոմեքենաների եւ նիշավորող մեքենաների դրոշմներ կամ այլ նիշեր, որոնք գործողության մեջ են դրվում փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից եւ հաստատում են փոստային կապի ազգային օպերատորի կողմից փոստային կապի ծառայությունների մատուցման վճարումը.
ֆրանկոմեքենա եւ նիշավորող մեքենա ` նամակագրական թղթակցության վրա փոստային կապի ծառայությունների մատուցման վճարումը, տվյալ թղթակցության ընդունման ամսաթվերը եւ այլ տեղեկատվություն հաստատող փոստային վճարման պետական նշաններ դրոշմելու համար նախատեսված մեքենաներ.
փոստային դասիչ ` փոստային կապի օբյեկտին տրվող փոստային հասցեի պայմանական թվային նիշավորում, որը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում եւ պարտադիր է փոստային կապի օպերատորների համար.
անվանական իր ` սարք (դրոշմ), որը նախատեսված է փաստաթղթերի եւ փոստային առաքանիների դրոշմվածքների համար` նշելով փոստային կապի օբյեկտի անվանումը, փոստային առաքանու ընդունման եւ հանձնման ամսաթիվը եւ այլ տեղեկատվություն.
փոստարկղ ` հասարակ նամակների եւ փոստային բացիկների հավաքման համար նախատեսված հատուկ փակվող արկղ.
փոստային բաժանորդային պահարան ` փակվող խցիկներով հատուկ պահարան, որը տեղադրվում է բնակելի շենքերում` հասցեատերերին ուղղված հասարակ փոստային առաքանիների պարբերականների, գրանցվող փոստային առաքանիների վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար.
բաժանորդային արկղ ` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար որոշակի ժամկետով տրամադրվող` փոստային կապի օբյեկտներում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.
փոստային բաժանորդային արկղ ` հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար նախատեսված հատուկ փակվող արկղ.
հենակետային փոստարկղ ` փոստային առաքանին ժամանակավորապես պահելու կամ հասցեատերերի կողմից փոստային առաքանի ստանալու համար հանձնման կետերում նախատեսվող հատուկ փակվող պահարան:
Սույն օրենքով սահմանված դրամական փոստային փոխադրություններին վերաբերող դրույթները չեն տարածվում սուրհանդակային կապի օպերատորի վրա:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Ներհանրապետական սուրհանդակային կապի օպերատորները պարտավոր են յուրաքանչյուր տարվա համար ապահովագրել իրենց գործունեությունը սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման հետ կապված ռիսկերից` նախորդ տարվա շրջանառության հիսուն տոկոսի չափով, սակայն ոչ պակաս 3 մլն դրամից:»
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1 եւ 8.2 հոդվածներով.
«Հոդված. 8.1 Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակն ապահովող պահանջները
1. Փոստային կապի ունիվերսալ ծառայություններ մատուցող փոստային կապի օպերատորը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում առաքանիների հավաքման եւ հանձնման հաճախականությունը` Երեւան քաղաքում` ամեն օր, հանրապետության մարզերում` շաբաթական հինգ օր, բացի կիրակի եւ երկուշաբթի օրերից:
2. Փոստային կապի ունիվերսալ ծառայություններ մատուցող փոստային կապի օպերատորն իրավունք ունի սահմանել առաքանիների հավաքման եւ հանձնման հաճախականության բացառիկ դեպքեր`
1) օրենքով սահմանված տոներին եւ հիշատակի օրերին,
2) բարձր լեռնային վայրերում փոստային առաքանին հավաքելու եւ տեղ հասցնելու համար:
3. Փոստային կապի ունիվերսալ ծառայություններ մատուցող փոստային կապի օպերատորը հանձնված հասարակ նամակագրական թղթակցության ոչ պակաս 90%-ը հասցեատերերին պետք է առաքի Երեւան քաղաքում` հանձնման օրվանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հանրապետության մարզերում, Երեւան քաղաքից մարզեր եւ մարզերից Երեւան քաղաք` հանձնման օրվանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում»:
«Հոդված. 8.2 Ուղիղ փոստային առաքում
1. Ուղիղ փոստային առաքանու առաքման դեպքում ուղիղ փոստային առաքանու միանգամյա առաքման հանձնվող առաքանիների քանակը չպետք է պակաս լինի փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված նվազագույն քանակից:
2. Ուղիղ փոստային առաքանու փաթեթավորման վրա պետք է նշված լինի «գովազդ», «գովազդ փոստով» կամ «ուղիղ փոստ»:
3. Ուղիղ փոստային առաքում չի համարվում հարկային կամ այլ հաշվարկային փաստաթղթերի եւ/կամ ֆինանսական կամ այլ հաշվետվությունների առաքումը, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ ապրանքների մատակարարման մասին հաճախորդներին ներկայացվող հաշվետվությունները եւ/կամ վճարումների վերաբերյալ ծանուցումներն ու հաշիվները, ինչպես նաեւ տարբեր հաղորդագրություններ կամ տեղեկություններ պարունակող մեծածավալ այլ փոստային առաքումները»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ պարբերությունները խմբագրել հետեւյալ նոր բովանդակությամբ.
«Փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում լիցենզավորվում է ինչպես փոստային կապի ծառայությունների գործունեությունը, այնպես էլ միջազգային սուհանդակային կապի ծառայությունների գործունեությունը եւ ներհանրապետական սուհանդակային կապի ծառայությունների գործունեությունը:»:
«Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի գործունեության լիցենզիան տալիս է լիազորված մարմինը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում, սույն հոդվածի երկրորդ պարբերությանը համապատասխան, լիցենզավորվող յուրաքանչյուր գործունեության համար տրվում է փոստային կապի գործունեության առանձին լիցենզիա` լիցենզիայում նշելով փոստային կապի բնագավառում իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը (փոստային կապի ծառայություններ կամ միջազգային սուրհանդակային կապի ծառայություններ կամ ներհանրապետական սուրհանդակային կապի ծառայություններ):»:
Հոդված 5. Օրենքի 18.1-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողն», բառերը փոխարինել «Ուղարկողն» բառով, իսկ «օգտվողի» բառը փոխարինել «ուղարկողի» բառով:
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «փոստային անվանական պահարանների,» բառերը փոխարինել «բաժանորդային արկղերի, » բառերով:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1055-Ն որոշման 48-րդ կետի հանձնարարականի կատարման ապահովմամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի բնագավառում գործունեության իրավական հիմքերի կատարելագործման հետ` հաշվի առնելով փոստային կապի ոլորտի զարգացման ժամանակակից միտումները, փոստային կապի ծառայությունների մատուցման շուկայի զարգացումը, ինչպես նաեւ փոստային կապի բնագավառի իրավական կարգավորման միջազգային փորձը` մասնավորապես ԵՄ երկրների փորձը:
2. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել Եվրոպական երկրներում գործող փոստային կապի ոլորտի օրենսդրական դաշտին, ինչպես նաեւ բացառել գործող օրենքում առկա ոչ հստակ ձեւակերպումները:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Փոստային կապի ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությունը, շուկայական հարաբերությունների ներկա փուլի կարգավորումը, ինչպես մատուցվող ծառայությունների ցանկի ընդլայնումը, այնպես էլ՝ դրանց որակի բարձրացումը:
4. Կարգավորման նպատակը
Հստակ սահմանել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների ցանկը, ինչպես նաեւ փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքները:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում փոստային կապի ոլորտի օրենսդրական դաշտը կհամապատասխանեցվի եվրոպական երկրներում գործող փոստային կապի ոլորտի օրենսդրական դաշտին, մասնավորապես, փոստային կապի ունիվերսալ ծառայությունների ցանկի մասով: