Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-295-03.07.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998թ. մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը վերականգնում է այն»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 2-րդ պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Եթե ի կատար ածված եւ հետագայում բեկանված դատական ակտն անհրաժեշտություն է առաջացնում շահագրգիռ կողմին վերադարձնելու բեկանված դատական ակտին համապատսխան կատարվածը, ապա դատարանը կայացնում է դատական ակտ՝ գույքը շահագրգիռ կողմին վերադարձնելու մասին»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածում կատարվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-983 որոշման եւ 2013 թվականի հունիսի 28-ի ՍԴՈ-1102 որոշման պահանջների կատարմամբ: Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում պաշտպանելու քրեական գործով տուժողների եւ միաժամանակ որպես քաղաքացիական հայցվոր հանդես եկող անձանց իրավունքները, որոնց պատկանող եւ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված գույքը հակասահմանադրական մեկնաբանությամբ նորմ կիրառած (խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասին) դատական ակտի հիման վրա բռնագրավվել է հօգուտ պետության՝ որպես հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-983 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող եւ անվավեր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Այդ գույքը ենթակա է բռնագրավման՝ անկախ դատապարտյալի կամ որեւէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրա կողմից տիրապետելու հանգամանքից» դրույթը՝ իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ՝ այն մասով, որ բռնագրավումից հետո չի երաշխավորում տուժողի/ օրինական տիրապետողի/ գույքային շահերի եւ սեփականության իրավունքի անհրաժեշտ պաշտպանություն: ՀՀ սահմանադրական դատարանի հիշյալ որոշումից հետո անհրաժեշտություն է առաջացել քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված գույքը վերադարձնել սեփականատերերին՝ քրեական գործով տուժողներին: Քանի որ դատական ակտի հիման վրա իրեղեն ապացույցները՝ որպես հանցավոր ճանապարհով ստացված գույք, արդեն բռնագրավվել էին հօգուտ պետության, ուստի տուժողների իրավունքների լիարժեք պաշտպանությունը անհրաժեշտություն է առաջացրել կատարել դատական ակտի կատարման շրջադարձ՝ պետությունից հօգուտ տուժողների կամ քաղաքացիական հայցվորների: Սակայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով բացակայում է հոգուտ քաղաքացիական հայցվորների դատական ակտի կատարման շրջադարձի հնարավորությունը, իսկ ներկայումս հիշյալ օրենքով նախատեսված դատական ակտի կատարման շրջադարձը ուղղված է միայն պարտապանի շահերի պաշտպանությանը եւ կիրառվում է այն դեպքում, երբ ի կատար ածված վճիռը բեկանվել եւ կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության: Թեեւ ՀՀ սահմանադրական դատարանը իր 2013 թվականի հունիսի 28-ի ՍԴՈ-1102 որոշմամբ սահմանադրական է ճանաչել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը, այդուհանդերձ առաջացած խնդիրը, առանց համապատասխան լրացման, կմնա չկարգավորված:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը կապված է ՀՀ սահմանադրական դատարանում 2013թ. սեպտեմբերի 24-ին քննվելիք գործի հետ, եւ նպատակ ունի վերացնելու քաղաքացի եւ իրավաբանական անձ, ինչպես նաեւ օրենքով նախատեսված մյուս պահանջատերերի միջեւ առկա անհավասարությունը՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում այն վերականգնելու հարցում: Նման իրավակարգավորման պայմաններում խախտվում է իրավաբանական անձի՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության իրավունքը, քանի որ դատական ակտերի հարկադիր կատարումը դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մասն է կազմում: Մասնավորապես՝ Օրենքը կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում այն վերականգնելու խնդրով դատարան դիմելու հնարավորություն տալիս է միայն քաղաքացի պահանջատիրոջը, մինչդեռ Օրենքով պահանջատեր կարող է հանդես գալ նաեւ իրավաբանական անձը, Հայաստանի Հանրապետությունը, համայնքը եւ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: