Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-298-15.07.2013-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3.1 հոդված.

«ՀՈԴՎԱԾ 3.1 ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող հիվանդի եւ նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել հիվանդի ցավը եւ հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգեւոր եւ այլ խնդիրները` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու եւ անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:

Պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը): «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտի հարաբերությունների իրավակարգավորման անհրաժեշտությամբ եւ բխում է ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 32 արձանագրային որոշման հավելված 2-ի բաղադրիչ 1-ի կետ 1-ի պահանջից:

Հայաստանի Հանրապետությունում պալիատիվ բժշկական օգնությունը եւ սպասարկումը, որպես բուժօգնության տեսակ, նոր երեւույթ է: Չնայած գործող օրենսդրությունը հատվածական կարգավորումներ տալիս է այս ոլորտում ծագած հարաբերություններին, այդուhանդերձ, այն որպես իր տեսակի մեջ չափազանց առանձնահատուկ, անհրաժեշտություն ունի օրենքով կարգավորված լինելու` նկատի ունենալով այն, որ բժշկական օգնության այդ տեսակի կառուցվածքը, տրամադրման կարգը եւ պայմանները սկզբունքորեն տարբերվում են բժշկական օգնության այլ տեսակների տրամադրման պայմաններից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները: Հասարակության եւ բժշկակենսաբանական գիտությունների զարգացումը, նոր տեխնոլոգիաների ի հայտ գալն առաջ են բերում պացիենտների իրավունքների վերանայում եւ ընդլայնում եւ դրանց ապահովմանն ուղղված նորանոր միջոցների եւ գործիքների կիրառում: Մարդը, նրա արժանապատվությունը հանդիսանում են բարձրագույն արժեքներ, ուստի նա պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ ապրելու նաեւ կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններով տառապելու դեպքում, ինչպես նաեւ պետք է երաշխավորվի նրա արժանապատիվ մահանալու իրավունքը: Պալիատիվ բժշկական օգնությունը ինչպես կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններով տառապելու դեպքում, այնպես էլ մահամերձ հիվանդներին եւ նրանց ընտանիքներին տրամադրվող համալիր օգնություն է, որը ներառում է ինչպես բժշկական, այնպես էլ հիվանդի եւ նրա հարազատների տառապանքներն մեղմացնող սոցիալ-հոգեբանական եւ հոգեւոր աջակցությունը:

Ներկայումս ՀՀ օրենսդրության մեջ սահմանված չէ պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ հիմնական հասկացությունը: Մինդեռ, տվյալ հասկացության սահմանումը անհրաժեշտ է տվյալ բուժօգնության ծավալը, կառուցվածքը եւ շրջանակները հստակ նախանշելու համար: Պալիատիվ օգնության ոլորտը, ինչպես նշվեց, կարգավորված է հատվածական, ինչը ոչ միայն չի խթանում, այլեւ որոշակի իմաստով թույլ չի տալիս ոլորտի զարգացմանը: Այսպես, պալիատիվ բժշկական օգնությանը անդրադառնում են ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի 276-Ն եւ ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի 1936-Ն որոշումները, որտեղ ընդամենը սահմանվում է, որ պալիատիվ բժշկական օգնությունը ՀՀ-ում իրականացվող բուժօգնության տեսակ է, ինչպես նաեւ սահմանվում են դրա մատուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները: Պալիատիվ օգնությանը անուղղակիորեն վերաբերող դրույթ կա ,Սոցիալական աջակցության մասինե ՀՀ օրենքում, որի 13-րդ հոդվածը սահմանում է, որ մահամերձ վիճակում գտնվող քաղաքացուն տրամադրվում է հոսպիսային օգնություն: Սակայն պետք է նշել, որ հոսպիսային օգնությունը կարող է դիտարկվել որպես պալիատիվ բժշկական օգնության միայն մի փուլ, որը տրամադրվում է առավել անհուսալի եւ սահմանային վիճակում գտնվող անձանց: Որեւէ այլ իրավական ակտով այս ծառայության տրամադրման կարգի, պայմաններին, պահանջներին անդրադարձ չի կատարվում:

Հայաստանի Հանրապետությունում մահացության տարեկան ընդհանուր ցուցանիշն է 27.000- 28.000, ընդ որում այդ դեպքերից շատերի պարագայում անհրաժեշտ է պալիատիվ բժշկական օգնություն: Համաձայն վիճակագրական տվյալների՝ քաղցկեղով եւ կյանքին սպառնացող անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց թիվը տարեց տարի աճում է: Մահացության այսպիսի բարձր ցուցանիշների առկայության պարագայում ուղղակի ակնհայտ է պալիատիվ բժշկական օգնության եւ մատուցվող ծառայությունների շրջանակը համապարփակ իրավակարգման ենթարկելու անհրաժեշտությունը: Այս լրացման շնորհիվ նաեւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը լիազորություն կստանա սահմանել պալիատիվ բժշկական օգնության տրամադրման եւ կազմակերպման կարգը, պայմանները եւ չափորոշիչները:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը: Նախագծով առաջարկվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորություններին եւ սահմանումներին համապատասխան սահմանել պալիատիվ բժշկական օգնության հասկացությունը եւ տրամադրվող ծառայությունների շրջանակը: Պալիատիվ օգնությունն ակտիվ, համակողմանի արհեստավարժ օգնություն է անբուժելի հիվանդներին եւ նրանց ընտանիքներին` հիվանդության զարգացման վերջին ժամանակահատվածում, որի նպատակն է նվազեցնել ցավը եւ մյուս բացասական ախտանիշները, ինչպես նաեւ հիվանդին ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական եւ հոգեւոր աջակցություն տրամադրելը:

4. Ակնկալվող արդյունքը: Օրենքի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակ սահմանել ,Պալիատիվ բժշկական օգնությունե հասկացությունը, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարին լիազորություն կվերապահվի սահմանելու պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման չափորոշիչները: Արդյունքում, օրենսդրական հստակ կարգավորումներ ունենալու պարագայում, կխթանվի այս ծառայության ներդրումը եւ զարգացումը, ինչը էապես կբարելավի անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց կյանքի որակը՝ մեղմացնելով նրանց եւ նրանց ընտանիքի տառապանքները, հնարավորություն կտա արժանապատիվ ապրելու կյանքի վերջին ժամանակահատվածը եւ արժանապատիվ մահանալու հնարավորություն կընձեռնի:

Պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման չափորոշիչները նախատեսվում է սահմանել 6 -ամսյա ժամկետում:

5. Ինստիտուտները եւ անձինք: Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից: