Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-299-15.07.2013-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ մասը «կազմինը» բառից հետո լրացնել « եւ հետախուզական ու հակահետախուզական ստորաբաժանումների` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողներինը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Անհրաժեշտությունը

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ազգային անվտանգության մարմինների հետախուզական եւ հակահետախուզական ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող եւ բարձր որակավորում ունեցող ավագ սպայական կազմի ծառայողներին ավելի երկար ծառայելու հնարավորություն տալու հանգամանքով:

Ներկա իրավիճակը

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ազգային անվտանգության մարմիններում ծառայության մեջ մնալու սահմանային տարիքի հասած ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 5 (ազգային անվտանգության մարմինների ուսումնական հաստատության դասախոսական կազմինը` մինչեւ 10) տարի ժամկետով:

Նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Ներկայացված օրենքի նախագծի ընդունման արդյունքում հետախուզական եւ հակահետախուզական ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող եւ բարձր որակավորում ունեցող ավագ սպայական կազմի առանձին ծառայողներ բացառիկ դեպքերում սահմանային տարիքի հասնելուց հետո կարող են շարունակել պաշտոնավարել առավելագույնը եւս 10 տարի, ինչի արդյունքում իրենց հարուստ փորձը կփոխանցեն երիտասարդ կադրերին, որով հետագայում դյուրին կլինի ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր եւ ավագ խմբի պաշտոնների համալրումը բանիմաց եւ փորձառու կադրերով: