Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3004-16.07.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետեւ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածում լրացնել 6-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6.Սույն օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված հայցադիմումներով համապատասխան վարչական տույժը նշանակվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասում.

1. «,որը ենթակա է դատական կարգով բռնագանձման» բառերը հանել.

2. վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տուգանքը բռնագանձվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով»:

Հոդված 3. Օրենսգրքի 306-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված վարչական տույժ նշանակելու մասին այն որոշումները, որոնց վերաբերյալ կատարողական թերթ չի տրվել, դատարաններից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն` հարկադիր կատարման համար։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.

2007 թ. Վարչական դատավարության օրենսգիրքի ընդունումով եւ 2010 թ. վարչական դատարանների եռաստիճան համակարգ սահմանելով` կարեւոր քայլեր կատարվեցին իրավական պետության միջազգային ճանաչված ստանդարտների իրագործման համար վարչական արդարադատության բնագավառում: Քաղաքացու արդյունավետ իրավական պաշտպանության շահերից ելնելով պետությունը անհրաժեշտ հետեւություններ արեց այն բանից, որ քաղաքացի-քաղաքացի հարաբերությունները, որոնցով զբաղվում է քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, արմատապես տարբերվում են քաղաքացի-պետություն հարաբերություններից եւ այդ պատճառով էլ, հատկապես արդարադատության բնագավառում, հատուկ կարգավորումների կարիք ունի: Վարչական դատավարության յուրահատկությունն արտացոլվում է հատկապես դատավարության սկզբունքներում: Ի տարբերություն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, վարչական դատավարության ղեկավար սկզբունքը դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքն է, որը ըստ նախագծի նախորդում է մնացած բոլոր սկզբունքներին եւ շատ ավելի հստակ է շարադրված, քան գործող օրենսգրքի 6-րդ հոդվածում: Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է դատարանի պարտականությունը` ձեռք բերելու կոնկրետ գործի իրական փաստերի վերաբերյալ բոլոր հնարավոր եւ հասանելի տեղեկությունները: «Ճշմարիտ» փաստական հանգամանքների որոնումը բխում է հանրային շահերից եւ այդ պատճառով էլ չի կարող թողնվել մրցակցության սկզբունքին կամ կողմերի տնօրինությանը:

Հայցի ապահովումը գործող ՎԴՕ 88-րդ հոդվածի վկայակոչումը Քաղաքացիական դատավարության օրենսգրքին անբավարար է եւ խորթ վարչական դատավարության համակարգին: Նախագիծն ինքնուրույն կարգավորումներ է առաջարկում վարչական դատավարությունում հայցի ապահովման միջոցների վերաբերյալ:

Վարչական դատավորությունում արդյունավետ դատական պաշտպանություն կարող է ապահովվել միայն այն ժամանակ, երբ վիճարկման հայցը սկզբունքորեն կասեցնող ազդեցություն ունի: Վիճարկման հայցի կասեցնող ազդեցությունը պետք է ապահովի, որ մինչեւ միջամտող վարչական ակտի անվիճարկելիությունը անձը չդրվի կատարված փաստի առջեւ եւ չխախտվեն նրա իրավունքները` առանց նրան արդյունավետ իրավական պաշտպանության հնարավորություն տալու: Վիճարկման հայցի կասեցնող ազդեցությունը իրագործում է դատական պաշտպանության երաշխիքը, որը ներառում է նաեւ նախնական իրավական վատթարացումից պաշտպանությունը, ինչն իր հերթին բխում է իրավական պետության սկզբունքից եւ հիմնական իրավունքներից: Այնպես որ վիճարկվող վարչական ակտը մինչ դատարանի վճիռը չի կարող կատարվել, դրանով իսկ թույլ չտալով, որ կողմը կանգնի կատարված փաստի առջեւ: Նման կարգավորում արդեն կա վարչական բողոքի հետ կապված Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին 74 հոդվածում: Սահմանադրական իրավունքի լույսի ներքո պետք է ընդ որում, նաեւ Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին 74 հոդվածի դեպքում, հաշվի առնել ոչ միայն քաղաքացու դատական պաշտպանության երաշխիքը, այլ նաեւ այլոց շահերը: Ի վերջո, սա հետեւում է նաեւ սահմանադրական իրավունքից, մասնավորապես հանրային խնդիրներ իրականացնելիս վարչական մարմինների արդյունավետ գործունեության պահանջից: Դա կարեւոր նշանակություն ունի նաեւ հանրային շահերի համար: Ուստի նախնական իրավական պաշտպանությունը ռիսկերի բաշխում է եւ փոխզիջում պետության կատարման շահի եւ քաղաքացու կասեցման շահի միջեւ:

Գործող օրենսգիրքը չի կանոնակարգում, թե դատավարությունում որպեu երրորդ անձ ներգրավվելու մաuին միջնորդություն ներկայացրած եւ չներգրավված անձինք կամ այն անձինք, որոնց իրավունքներին առնչվում է վարչական դատարանի ընդունած միջանկյալ դատական ակտը, ինչ ժամկետներում կարող են բողոքարկել միջանկյալ ակտը: Նման ժամկետի սահմանումը նախագծում եւս ունի կարեւոր նշանակություն իրավական որոշակիության տեսանկյունից:

Առաջարկվող լուծումները.

Նախագծի կարգավորումների հիմնական նպատակը քաղաքացի-պետություն հարաբերություններում պետության կառուցվածքային գերակայության սահմանափակումն է եւ այդ սահմանափակման արդյունավետ վերահսկողությունը:

Վարչական դատարանների մի քանի տարվա գործունեությունը հնարավորություն է ընձեռում հաշվի առնելու այդ ընթացքում ձեռք բերված փորձը Վարչական դատավարության օրենսգրքի ներկա փոփոխությունների ժամանակ: Ընդ որում, բացի խմբագրական փոփոխություններից եւ վարչական դատարանները օտար իրավասությունների բեռնաթափելուց, խոսքը գնում է առաջին հերթին այն մասին, որ օրենսգրքից առաջարկվում են հանել վարչական դատավարության համակարգին օտար այն կարգավորումները, որոնք բնորոշ են քաղաքացիական դատավարությանը: Այս առումով առաջարկվող նախագիծը կատարում է մի քանի սկզբունքային փոփոխություններ, որոնք վերաբերում են ի պաշտոնե քննության սկզբունքի հստակեցմանը, դատարանի պարզաբանման եւ մատնանշման պարտականությանը, վիճարկման հայցի պարագայում վարչական ակտի ավտոմատ կասեցմանը, հայցի ապահովման ինստիտուտի ներդաշնակեցմանը վարչական դատավարությանը, նոր եւ նոր երեւան եկած հանգամանքների նոր կարգավորմանը:

Վարչական դատավարության ղեկավար սկզբունքը` դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքը, իրականում ենթադրում է, որ, ի տարբերություն քաղաքացիական դատավարության, դատավարության «տերն» այստեղ ոչ թե կողմերն են, այլ վարչական դատարանն ինքը` այնպես, ինչպես սահմանադրական կամ քրեական դատավարությունում: Սակայն օրինագիծը չի սահմանափակվում միայն այս սկզբունքով: Ի լրումն դրա, այն ամրագրում է նաեւ վարչական դատավարության եւս մեկ հիմնարար առանձնահատկությունն արտահայտող` դատարանի պարզաբանման եւ մատնանշման պարտականությունը (նախագծի 6-րդ հոդված): Ըստ օրինագծի, «Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձեւական թերությունները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական եւ ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաեւ պահանջում է որպեսզի ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու եւ գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցնե»։ Այս սկզբունքը, հանդիսանալով դատարանի կողմից գործի բոլոր հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի տրամաբանական շարունակությունը, իմաստավորվում է հիմնականում նրանով, որ դատարանը պարտավոր է լիարժեք իրավաբանական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել դատավարության այն կողմին, որի մեկնարկային դիրքերը վարչական մարմնի համեմատ ավելի թույլ են` վարչական մարմնին, հակակշռելու նպատակով: Այս ճանապարհով օրենսգրքի նախագծում զետեղվել է արդարության, իրավական պետությունում մասնավոր անձի եւ հանրային իշխանության հավասարության հիմնարար գաղափարը, ստանալով կոնկրետացված ամրագրում: Այսինքն, այս սկզբունքը այնպիսի դատավարական հնարք է, որի միջոցով ապահովվում է մեկ այլ հիմնարար սահմանադրական եւ նաեւ դատավարական սկզբունքի գործնական կիրառելիությունը` հանրային իշխանության եւ մասնավոր անձի հավասարությունը դատարանի առջեւ:

Նախագիծը սահմանում է, որ «Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը» (հոդված 83-ի 1-ին մաս): Միաժամանակ, հետեւելով Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմանը, նախագիծը բացառություններ է նախատեսում վիճարկման հայցի դեպքում ավտոմատ կասեցման կանոնից oրենքով նախատեuված այն դեպքերի համար, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման, ինչպես նաեւ, երբ անհապաղ կատարումն անհրաժեշտ է` ելնելով հանրային շահերից։ Նման բացառություններ սահմանելու իմաստը նրանում է, որ կան վարչական ակտեր, որոնք կարող են վիճարկվել միայն կատարվելուց հետո կամ դրանց կատարմանը զուգահեռ:

Եթե վարչական մարմինը գտնում է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է հանրային շահերից ելնելով, ապա այն պարտավոր է գրավոր ձեւով հիմնավորներ ներկայացնել (հոդված 83-րդ 2-րդ մաս): Օրինագիծը նախատեսում է, որ հիշատակված հոդվածի առաջին մասի 2-րդ կետում նախատեսված դեպքում հայցվորի միջնորդության հիման վրա դատարանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը: Նման որոշում ընդունելու չափանիշները եւս սահմանված են: Տվյալ դեպքում կարեւորն այն է, որպեսզի վարչական դատարանը գնահատի տվյալ վարչական ակտի կատարման հանդեպ հանրային շահի առկայությունը եւ որոշի, թե որքանով է այդ շահը ծանրակշիռ` վարչական ակտի կատարման կասեցման հանդեպ հայցվորի անձնական շահագրգռվածության հարադրությամբ:

3. Նախագծով առաջարկվում է ամբողջությամբ նոր գլուխ, որը գործող օրենսգրքում առկա չէ: Այդ գլխի հոդվածներով կանոնակարգվում են նոր երեւան եկած եւ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման ինստիտուտը` ի տարբերություն գործող կարգավորման, որը պարզապես հղում է կատարում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներին: Նախագծով առաջարկված կարագավորումները համապատասխանում են վարչական դատավարության պահանջներին: Նախ եւ առաջ, նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման դեպքում գործերը քննվում են համապատասխան դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով, եթե, իհարկե, նախագծի նշված գլխով նախատեսված չեն հատուկ կանոններ: Նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման համար նախատեսվում է 2 հիմք, որոնք, ըստ էության, վերաբերում են գործի քննության հետ կապված հանցավոր արարքների կատարմանը: Նախագծում չի ներառվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այն դրույթը, որի համաձայն նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմք են այն հանգամանքները, որոնք դիմում ներկայացրած անձին հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել կամ հայտնի են եղել, սակայն իրենից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, եւ այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն: Այսպիսի դեպքերում անձը կարող է դիմել վարչական մարմին վարչական վարույթը վերսկսելու համար, ինչն արդեն իսկ նախատեսված է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով: Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը վերանայում է վերաքննիչ դատարանը, եթե այդ վճիռը կամ որոշումը չի վերանայվել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կողմից։ Իսկ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։

Նախագծով առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքի ներկայիս տեքստից հանել «այնքանով, որքանով դրա նորմերը իրենց էությամբ կիրառելի են («mutatis mutandis») վարչական դատավարության նկատմամբ եւ չեն հակաuում uույն oրենuգրքին եւ վարչական դատավարության էությանը» հատվածը: Վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն դեպքերը, թե երբ են վարչական դատավարությունում կիրառելի քաղաքացիական դատավարության նորմերը, այսինքն այս նորմերով պարունակվում են ուղղակի հղումներ, երբ առանձին ինստիտուտների կիրառելիության համար վարչական դատավարությունը ուղղորդվում է բլանկետային նորմի միջոցով դեպի քաղաքացիական դատավարության համապատասխան կանոնակարգում: Նման պարագայում «mutatis mutandis» ընդհանուր վերապահումը առաջացնում է, ըստ էության, հակասական իրավիճակ, քանի որ հղում պարունակող նորմերի պայմաններում, պետք է լրացուցիչ վերլուծության ենթարկել «այնքանով, որքանով» ինստիտուտը, ինչի անհրաժեշտությունը, սակայն, չկա:

Նախագծով առաջարկվում է նոր հոդված` «Գործերի քննության հրապարակայնությունը» վերտառությամբ, որտեղ նախատեսվում է այն բացառությունների ցանկը, որոնց դեպքում դատաքննությունը ամբողջությամբ կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ անցկացվում է դռնփակ: Միայն մի դեպքում է, երբ դատավարության կողմի պահանջով դատական քննությունը պարտադիր անցկացվում է դռնփակ, այսինքն երբ վարչական դատարանում քննվում է որդեգրման հետ կապված գործ (օրինակ` երբ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը` համայնքի ղեկավարը, հրաժարվել է տալ համաձայնություն որդեգրման համար, եւ վիճարկվում է նրա որոշումը), եւ որդեգրողը պահանջում է դատական քննությունը դռնփակ անցկացնել: Միայն որդեգրողի համաձայնությամբ կարող է հրապարակվել որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը: Այս կարգավորումը պայմանավորված է որդեգրման գործերի յուրահատկությամբ:

Նախագծում տեղ չեն գտել գործող օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, այսինքն վարչական դատարանին այլեւս ընդդատյա չեն վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն գործերը, որոնք բխում են հանրային իրավահարաբերություններից: Փաստորեն առաջարկվում է վերացնել վճարման կարգադրությունների վարույթը` նախատեսելով հնարավորություն, որպեսզի անվիճարկելի ակտի հիմքով բռնագանձումը կատարվի առանց դատարան դիմելու վարչական մարմնի կամ դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացնող մարմնի միջոցով` իհարկե, վերջիններիս օրենսդրություններում կատարելով համապատասխան փոփոխություններ: Նշված ինստիտուտը լայնորեն ճանաչված եւ արդարացված պրակտիկա է եվրոպական բազմաթիվ երկրներում: Վճարման կարգադրություններով վարույթում վարչական վարույթով պայմանավորված որեւէ առանձնահատկություն կամ մասնագիտացված դատարանին բնորոշ բարդություն չկա, քանի որ խնդիրը վերաբերում է պարզ ընթացակարգերի կիրառմամբ բռնագանձումների իրականացմանը: Նման մոտեցման պարագայում վարչական դատարանը կունենա աշխատանքի լուրջ թեթեւացում, ինչը կնպաստի վարչական գործերի քննության արդյունավետության բարձրացմանը: Վարչական դատարանն իր գործունության առաջին մեկ տարվա ընթացքում արձակել է մոտ 35.000 վճարման կարգադրություն: Նախկինում վճարման կարգադրություններ արձակելու գործերի վարույթն իրականացնում էին առաջին ատյանի դատարանները, որոնցում գործում էր 118 դատավոր: Այսօր այդ ամբողջը կենտրոնացվել է վարչական դատարանում, եւ այդ ամբողջ գործն 2008թ. ընթացքում իրականացվել է 15 դատավորների կողմից: Նշված վարույթները որեւէ բարդություն չեն ներկայացնում, դրանք հիմնականում տեխնիկական գործընթաց են իրենցից ներկայացնում, սակայն բավականին ժամանակատար են: Նշված վարույթների ժամանակ դասական առումով վարչական արդարադատություն չի իրականացվում, այսինքն գոյություն չունի որեւէ մասնագիտական հիմնավորվածություն այս վարույթները վարչական դատարանի կողմից իրականացնելու համար: Դրանցով անհարկի ծանրաբեռնվում է մասնագիտական դատարանը: Այսինքն մասնագիտական դատարանը ծանրաբեռնվում է մասնագիտական որեւէ հմտություն չպահանջող վարույթով, ինչը, անշուշտ, չի կարող բացասաբար չանդրադառնալ դատարանի բնականոն մասնագիտական գործունեության վրա:

Բացի այդ հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ այն հանգամանքին, որ ՀՀ վարչական դատարանում 2008թ-ից առ 2012 հոկտեմբերի ամիսը ստացված վճարման կարգադրությունների եւ վճարման կարգադրությունից հայցային վարույթը անցած գործերի պատկերը հետեւյալն՝

տարեթիվ
ստացված վճարման կարգադրությունների քանակը
համընդեմ հայցեր, որոնք դարձել են գործ
2008
39814
3104 (7.79%)
2009
56629
2426 (4.28%)
2010
62480
1180 (1.8%)
2011
73426
811 (1.10%)
առ 2012թ. հոկտեմբեր ամիսը
75604
741 (0.98%)

Նախագծով առաջարկվում է ներմուծել նոր հոդված` հետեւյալ վերտառությամբ` «Միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործերի ընդդատությունը»: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 03.02. 2009թ. ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը` անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսգրքով ամրագրված գործերի ընդդատության վերաբերյալ կանոնակարգումները: Գործերի ընդդատության վերաբերյալ գործող օրենսգրքով ամրագրված մոտեցումը չի կարող նպաստել դատավարության արդյունավետ իրականացմանը, եւ, ինչպես ցույց տվեց պրակտիկան, առկա են բազմաթիվ իրավիճակներ, երբ օրենսգրքում ամրագրված մոտեցման պարագայում առաջանում են գործերի քննության անհնարինության դեպքեր:

Նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել երրորդ անձանց վերաբերյալ գործող օրենսգրքի 16-րդ հոդվածը: Մասնավորապես, նախագծով ընդլայնվում է երրորդ անձանց շրջանակը` բացի ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից երրորդ անձանց շրջանակին դասելով նաեւ այն մարմիններին կամ պաշտոնատար անձանց, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը: Ըստ նախագծի, փոխվել է նաեւ երրորդ անձանց դատավարություն ներգրավվելու եւ նրանց դատավարական կարգավիճակը դադարեցնելու կարգը` այն ավելի հստակեցնելով: Գործող կանոնակարգման համաձայն` երբ վարչական դատարանը որոշում է կայացնում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին մեխանիկորեն դատավարություն են ներգրավվում նաեւ հայցվորի կողմից հայցադիմումում նշված անձինք կամ մարմինները որպես երրորդ անձ, իսկ հայցվորը, ինչպես ցույց է տալիս դատական պրակտիկան, երբեմն հայցադիմումում նշում է այնպիսի անձանց, ովքեր որպես երրորդ անձ որեւէ ձեւով չեն առնչվում գործի քննությանը: Ահա թե ինչու է նախագիծը դատարանին տվել դատավարության ընթացքում երրորդ անձին դատավարության մասնակիցների կազմից հանելու հնարավորություն:

Նախագծով առաջարկվում է սահմանել, թե կոնկրետ գործերը քննելիս դատարանը ո՞ր օրենքներով պետք է առաջնորդվի` դատական ակտի կայացման դրությամբ, վիճարկվող վարչական ակտի ընդունման դրությամբ գործող օրենքներով եւ այլն: Այդ բոլոր դեպքերը հստակ կանոնակարգված են առաջարկվող փոփոխությամբ, ինչը, անշուշտ, կորոշակիացնի դատարանի կողմից կիրառման ենթակա օրենքների շրջանակը:

Նախագծով կանոնակարգվում է վարչական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը տարբեր հնարավոր իրավիճակների դեպքում: Սահմանվում է համապատասխան դատական ակտի ուժի մեջ մտնելու պահը, երբ դատական ակտի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը վերադարձվել կամ մերժվել է, կամ ընդունվել է վարույթ, որի արդյունքում ակտն անփոփոխ է թողնվել կամ վերաքննիչ վարույթը կարճվել է: Առաջարկվող փոփոխությունը թույլ է տալիս ավելի հստակ պատկերացնել յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան դատական ակտի ուժի մեջ մտնելու պահը:

Գործող օրենսգիրքը, կանոնակարգելով վերաքննիչ դատարանում վարույթը, որեւէ տարբերակում չի դրել գործն ըստ էության լուծող եւ միջանկյալ դատական ակտերի բողոքարկման միջեւ: Ըստ էության նշված վարույթները պետք է իրականացվեն միատեսակ սկզբունքների կիրառմամբ, սակայն այդ վարույթներն ունեն նաեւ որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է ներառվեն օրենսգրքում: Այդ առումով նախագծում հաշվի կառնվեն միջանկյալ դատական ակտերով բողոքարկման վերաքննիչ վարույթի առանձնահատկությունները: Մասնավորապես, անհրաժեշտ է հստակ սահմանել այն սուբյեկտների շրջանակը, ովքեր կարող են ներկայացնել վերաքննիչ բողոք վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ, սահմանել վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող առանձին պահանջներ, քանի որ դրանք իրենց բովանդակությամբ չեն կարող նույնացվել վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի հետ: Նշված առանձնահատկությունների հաշվառմամբ նախագծով առաջարկվել է մի շարք հոդվածներ, որոնցով հստակություն կմտցվի վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող եւ միջանկյալ դատական ակտերի միջեւ:

Գործող օրենսգրքի 117.2 հոդվածի համաձայն` «Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն oրենքով նախատեuված դեպքերում` միջանկյալ դատական ակտը uտանալուց հետո` 15-օրյա ժամկետում»: Նշված դրույթով սահմանվել է անհասկանալի երկար ժամկետ, որը նախ ոչնչով արդարացված կամ հիմնավորված չէ, ավելին անհարկի հանգեցնում է միջանկյալ դատական ակտերով ժամկետների ձգձգմանը: Մինչեւ համապատասխան փոփոխության կատարումը, իր ստեղծման օրվանից շուրջ երկու տարի սահմանված ժամկետի փոխարեն գործել է հնգօրյա ժամկետ, որը երբեք իրավունքների խախտման կամ սահմանափակման չի հանգեցրել: Նշվածով պայմանավորված առաջարկվում է, որպեսզի նախագծով նորից սահմանվի հնգօրյա ժամկետ:

Գործող օրենսգրքի 117.3-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ վարչական դատարանը բողոքի պատճենը uտանալու oրվանից ոչ ուշ, քան հաջորդ oրը, իuկ դրա անհնարինության դեպքում uեղմ ժամկետում պարտավոր է գործը պատշաճ ձեւով ուղարկել վերաքննիչ դատարան: Համաձայն նշված կանոնակարգման` վերաքննիչ դատարանի կողմից իր պարտականության կատարման առավելագույն ժամկետ սահմանված չէ: Նման պայմաններում հնարավոր են իրավիճակներ, երբ գործի ուշ ուղարկման դեպքում վերաքննիչ դատարանում խաթարվեն բոլոր դատավարական ժամկետները: Նման իրավիճակներից խուսափելու համար, առաջարկվում է նախատեսել առավելագույն ժամկետ վարչական դատարանի կողմից իր պարտականությունը կատարելու համար: Նման ժամկետի սահմանմամբ հնարավոր կլինի խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ գործը վերաքննիչ դատարան ուղարկելը ուշացնելով պայմանավորված` առաջանում են վերաքննիչ վարույթի համար սահմանված ժամկետների խախտումներ: Սա էլ հիմք է հանդիսացել վարչական դատարանի կողմից գործը վերաքննիչ դատարան ուղարկելու համար առավելագույնը 10-օրյա ժամկետ սահմանելու համար` սկսած բողոքը բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո:

Գործող օրենսգրքի 117.5-րդ հոդվածում կատարված փոփոխությունների անհրաժեշտությունը նախագծում պայմանավորված է.

1) պայմանավորված է գործն ըստ էության լուծող եւ միջանկյալ դատական ակտերի բողոքարկման առանձնահատկություններով, որի մասին արդեն խոսվեց:

2) գործի քննության տեղի եւ ժամանակի մասին դատավարության մասնակիցները տեղեկացվում են ծանուցագրի միջոցով, հետեւաբար կոպիտ սխալ է, երբ գործի քննության տեղը եւ ժամանակը սահմանվում են դատական ակտով: Առավել անհասկանալի է, որ եթե այդ դատական ակտը վիճարկվում է վճռաբեկ դատարանում, ապա նշված ակտում ամրագրված օրը դատական նիստ լինելու է, թե ոչ: Գործող դրույթը որեւէ իրավական հիմնավորումից զուրկ է, որն ընդհանուր տրամաբանության մեջ հակասում է նաեւ օրենսգրքի կանոնակարգումներին: Հենց դրանով է պայմանավորված նշված դրույթի փոփոխությունը եւ փոխարենը նախագծում այնպիսի կանոնակարգում նախատեսելը, ըստ որի որոշումն ուղարկելու հետ միաժամանակ ուղարկվի նաեւ դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին ծանուցագիրը, որով էլ կվերանա մտահոգությունն առ այն, որ նշված դրույթն ուժը կորցրած ճանաչելով` կարող են տեղի ունենալ դատական նիստերի նշանակման ձգձգումներ:

Գործող օրենսգրքի 117.6 հոդվածը կանոնակարգում է վերաքննիչ բողոքը վերադարձնելը: Այսինքն` գործող օրենսգիրքը նախատեսում է միայն վերադարձման ինստիտուտ, բողոքի ընդունումը մերժելու ինստիտուտ ընդհանրապես գույություն չունի: Նշված կանոնակարգումն անհրաժեշտ է փոփոխել, քանի որ բողոքը վերադարձնելու եւ բողոքի ընդունումը մերժելու թե հիմքերը եւ թե հետեւանքները բոլորովին այլ են: Բովանդակային առումով բողոքի ընդունումը մերժելը ըստ էության նախատեսված է Օրենսգրքում, սակայն անհասկանալի է, երբ մեկ հոդվածում միացվում են երկու տարբեր ինստիտուտներ: Գործող օրենսգիրքը վարչական դատարանի համար եւս սահմանել է երկու ինքնուրույն ինստիտուտ` հայցը վերադարձնել եւ հայցի ընդունումը մերժել: Ըստ էության օրենսգրքի 117.6 հոդվածը ոչ միայն չի նախատեսում կարեւորագույն ինստիտուտ, այլեւ մեկ հոդվածում է ներառում ըստ էության տարբեր ինստիտուտներ, որոնք տարբերվում են իրենց բովանդակությամբ եւ հատկապես իրավական հետեւանքներով: Առկա օրենսդրական անհստակությունը կանոնակարգելու համար առաջարկվում է նախագծով առանձին կարգավորման ենթարկել բողոքը վերադարձնելու եւ բողոքի ընդունումը մերժելու ինստիտուտները (հոդվածներ 132, 133):

Գործող Օրենսգրքի 117.7 հոդվածի 1-ին մասի համաձայն. «Դատավարության մաuնակիցն իրավունք ունի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մաuին վերաքննիչ դատարանի որոշումն uտանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել վերաքննիչ բողոքի պատասխան»: Նշված հոդվածը չի պարունակում որեւէ տարբերակում գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված բողոքով եւ միջանկյալ դատական ակտի դեմ ներկայացված բողոքով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոքին պատասխան ներկայացնելը չի կրում ինքնանպատակ բնույթ, այլ այն պետք է ստացվի եւ գնահատվի դատարանի կողմից, ապա այդ առումով եւս պետք է սահմանվեն տարբերակված ժամկետներ, քանի որ միջանկյալ դատական ակտի դեմ բողոքի պատասխանը բովանդակային ծանրաբեռնվածության առումով անգամ չի կարող համեմատվել գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված բողոքի պատասխանի հետ: Ավելին, օրենսգրքի կանոնակարգումների պարագայում առաջանում է հակասական իրավիճակ, քանի որ միջանկյալ դատական ակտի դեմ ներկայացված բողոքների քննության համար սահմանված ժամկետները հաշվի առնելու պարագայում բողոքի պատասխան ներկայացնելը սկսում է կրել ձեւական բնույթ, քանի որ ըստ օրենսգրքի ժամկետների դատարանը պարտավոր է որոշում կայացնել 15-օրվա ընթացքում, այն դեպքում, երբ դատավարության մասնակցի կողմից պատասխան ներկայացնելու ժամկետը սպառված չէ:

Գործող օրենսգրքի 117.9 հոդվածում միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության համար սահմանված 15-օրյա ժամկետը չի համընկնում օրենսգրքում սահմանված այլ ժամկետների հետ: Արդյունքում վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված ժամկետները եւ կարեւորելով դրանցում ամրագրված իրավունքների պաշտպանությունը, որեւէ կերպ չի կարող պահպանել օրենսգրքի 117.9 հոդվածում սահմանված 15-օրյա ժամկետը: Նշված ժամկետը նախագծով առաջարկվում է սահմանել 1 ամիս, հետեւյալի հաշվառմամբ` միջանկյալ դատական ակտերով բողոքների քննության ժամանակ.

Նախագծով առաջարկվում է կարգավորել վերաքննիչ դատարանում գործերի քննության հետաձգումը, ինչն այսօր կանոնակարգված չէ Գործող օրենսգրքում, իսկ այն բանում, որ քաղաքացիական եւ վարչական դատավարության համար գործի հետաձգման հիմքեր կարող են առաջանալ նաեւ վերաքննիչ ատյանում որեւէ կասկած չկա: Այդ առումով առաջարկվում է նախագծի 139-րդ հոդվածը: Միեւնույն ժամանակ, նախագծով առաջարկվում է գործի քննության հետաձգման ինստիտուտը կարգավորել նաեւ վարչական դատարանում գործի քննության ժամանակ:

Նախագծով ընդլայնվել է վճռաբեկ բողոք ներկայացնող սուբյեկտների շրջանակը գործող օրենսգրքի համեմատ: Մասնավորապես, վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը եւ վերաքննիչ դատարան բողոքարկված վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունք ունեն ոչ միայն դատավարության մաuնակիցները, այլեւ նախատեսվում է նման իրավունք տրամադրել նաեւ դատավարությունում որպեu երրորդ անձ ներգրավվելու մաuին միջնորդություն ներկայացրած եւ չներգրավված անձանց կամ այն անձանց, որոնց իրավունքներին առնչվում է վերաքննիչ դատարանի ընդունած միջանկյալ դատական ակտը: Այսինքն` խոսքը գնում է այն անձանց մասին, որոնց իրավունքներն ըստ էության շոշափվում են եւ հետեւաբար նշված անձանց զրկելով դատարան դիմելու իրավունքից` ուղղակիորեն խախտվում է նրանց արդար դատաքննության իրավունքը:

Քանի որ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վճռաբեկ դատարանը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, ապա որեւէ հիմք չկա սահմանափակելու վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոք քննելու իրավասությունը «վճռաբեկ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների uահմաններում»: Ըստ նախագծով առաջարկվող փոփոխության` վճռաբեկ դատարանը պարտավոր է դատական ակտը վերանայել վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջի uահմաններում: Ըստ այդ առաջարկի, պահանջի սահմաններում վճռաբեկ դատարանը պարտավոր է խնդրին ճիշտ լուծում տալ անկախ այն բանից, թե որքան են իրավական առումով հիմնավոր վճռաբեկ բողոքում բերված իրավական հիմքերը եւ հիմնավորումները: Նման կարգավորումը առավել եւս անհրաժեշտ է, հաշվի առնելով, որ վերաքննիչ դատարանը եւս դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում:

Նախագծում տեղ չի գտել գործող օրենսգրքի 27-րդ գլուխը, որը վերաբերում է վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթին: Նման առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող օրենսգրքի 27-րդ գլխով սահմանված վճարման կարգադրություններ արձակելու վարույթում վարչական վարույթով պայմանավորված որեւէ առանձնահատկություն կամ մասնագիտացված դատարանին բնորոշ բարդություն չկա: Այստեղ խնդիրը վերաբերում է պարզ ընթացակարգերի կիրառմամբ բռնագանձումների իրականացմանը: Նման մոտեցման պարագայում վարչական դատարանը կունենա աշխատանքի լուրջ թեթեւացում, ինչը կնպաստի առավել բարդ վարչական գործերի քննության արդյունավետության բարձրացմանը:

Նախագծով կատարվել են լուրջ փոփոխություններ հատուկ վարույթների մասով, մասնավորապես` նախատեսվել է լիցենզիային հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթին վերաբերող ամբողջությամբ նոր գլուխ, որով նախատեսվել են վարչական դատարանին ընդդատյա լիցենզիային հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը, դրանց քննության ժամանակ դատարանի կազմը, այդ գործերի քննության հատուկ ժամկետները եւ այլն: Բացի այդ, հատուկ վարույթների բաժնում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել նաեւ նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթին վերաբերող գլխում` դրույթներ նախատեսելով, թե նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ որ գործերն են ընդատտյա վարչական դատարանին, նշված գործերով դատարանի կազմի, դատարանի ըստ էության լուծող դատական ակտերի վերաբերյալ եւ այլն:

Նախագծով կատարվել են բազմաթիվ այլ հստակեցումներ` թե բովանդակային բնույթի, սկզբունքային փոփոխություններ եւ թե խմբագրական բնույթի: Նկատի ունենալով կատարված փոփոխությունների ծավալը, նպատակահարմար չէր նախագիծը ներկայացնել գործող օրենսգրքում լայնածավալ փոփոխությունների եւ լրացումների տեսքով, այդ իսկ պատճառով օրենսգիրքն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ:

Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից բխող այլ անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Պետական տուրքի մասին», «Հարկերի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:

Ակնկալվող արդյունք.

Օրինագծի ընդունման արդյունքում ավելի ամբողջական եւ համապարփակ կկարգավորվեն վարչական դատավարության ընթացքում ծագող իրավահարաբերությունները, վարչական դատարանը կձերբազատի բավականին մեծ ծավալի մեխանիկական բնույթի աշխատանքից, ինչը կնպաստի մնացած վարույթներով արդյունավետության բարձրացմանը: Նախագծի ընդունումը կնպաստի բազմաթիվ հակասական դրույթների վերացմանը, վարչական դատավարության ինստիտուտների մանրամասն եւ հստակ կարգավորումներին, բազմաթիվ ժամկետների կրճատմանը եւ քաղաքացիական դատավարությունից տարբերվող ու վարչական դատավարությանը հատուկ իրավահարաբերությունների կարգավորմանը: