Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-303-19.07.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի HO-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 113-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 մասով.

«4.1 Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովը.

ա) օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների եւ/կամ/ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ մինչեւ նշանակման երկիր մեկնելը կազմակերպում է հանդիպում հանձնաժողովի անդամների հետ,

բ) իր գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների եւ/կամ/ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ ՀՀ Ազգային ժողովի համապատասխան երկրի բարեկամական խմբի անդամների հետ կազմակերպում է համատեղ հանդիպումներ,

գ) ՀՀ Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող բարեկամական խմբերի անդամների հետ, մինչեւ գործուղման երկիր մեկնելը, կազմակերպում է հանդիպումներ՝ տվյալ երկրի հետ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարվող քաղաքականության մանրամասների շուրջ քննարկում ծավալելու նպատակով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Առաջարկվող օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավորներին հնարավորություն կտա.

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների, օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների եւ/ կամ/դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ ՀՀ Ազգային ժողովի բարեկամական խմբերի անդամների հետ համատեղ հանդիպումները կնպաստեն ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում միասնական պետական քաղաքականության վարմանը:

ՀՀ Ազգային ժողովի բարեկամական խմբի անդամների, գործուղման մեկնելուց առաջ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ հանդիպումների շնորհիվ, տվյալ բարեկամական խմբի անդամները հնարավորություն կստանան ավելի մանրամասն տեղեկանալ տվյալ երկրի հետ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարվող քաղաքականության հիմնական շեշտադրումներին, որն էլ իր հերթին կնպաստի տվյալ բարեկամական խմբի անդամների գործունեության արդյունավետության բարձրացմանը այն բարեկամական խմբում, որի անդամն են իրենք հանդիսանում: