Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-304-23.07.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-207-Ն օրենքի 2-րդ հոդվածում.

1) «անօթեւան» հասկացությունը շարադրել նոր խմբագրութամբ.

«անoթեւան` ժամանակավոր օթեւանի կարիք ունեցող, սեփականության իրավունքով բնակելի տարածություն եւ վարձակալելու հնարավորություն չունեցող անձ (ընտանիք).»

2) լրացնել «ընտանիք» հասկացությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«ընտանիք` միեւնույն բնակության վայրում փաստացի բնակվող անձանց սոցիալական փոքր խումբ, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն եւ ունեն ընդհանուր բյուջե, ինչպես նաեւ միայնակ բնակվող քաղաքացի.»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների հստակեցմամբ:

Այսպես, Նախագծով առաջարկվել է «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները» վերտառությամբ.

1. 2-րդ հոդվածի անoթեւան` այսինքն մշտական կամ ժամանակավոր կամ փաստացի բնակության վայր չունեցող անձ հասկացությունը շարարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ «անoթեւան` ժամանակավոր օթեւանի կարիք ունեցող, սեփականության իրավունքով բնակելի տարածություն եւ վարձակալելու հնարավորություն չունեցող անձ (ընտանիք).» քանի որ ըստ գործող օրենքի սահմանման մշտական կամ ժամանակավոր կամ փաստացի բնակության վայր չունեցող անձը մի տեսակ հավասարեցվում է որոշակի բնակության վայր չունեցող անձի` այսինքն անտուն, տնազուրկ, տնավեր անձի, մի խոսքով անապաստան անձի (БОМЖ) հետ: Այդ կերպ «անօթեւան» հասկացությունը կհամապատասխանեցվի Օրենքի 12-րդ հոդվածին:

2. 2-րդ հոդվածը լրացնել «ընտանիք» հասկացությամբ հետեւյալ բովանդակությամբ «ընտանիք` միեւնույն բնակության վայրում փաստացի բնակվող անձանց սոցիալական փոքր խումբ, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն եւ ունեն ընդհանուր բյուջե, ինչպես նաեւ միայնակ բնակվող քաղաքացի» քանի որ գործող օրենքում տարբեր առումներով բազմիցս օգտագործվում է ընտանիք բառը, եւ չնայած ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է եւ սոցիալական ոլորտներում պետության հիմնական խնդիրն է պաշտպանել եւ հովանավորել ընտանիքը, քանի որ յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք, այնուամենայնիվ ընտանիքի հասկացությունը տվյալ օրենքում ամրագրված չէ: Ընդ որում, «ընտանիք» հասկացությունը սահմանված չէ նաեւ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում:

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ կհստակեցվեն օրենքում ամրագրված հասկացությունները եւ դրանք կհամապատասխանեցվեն օրենքում ամրագրված դրույթներին, որի արդյունքում կվերանան տարընթերցումներն ու դրանց տրվող տարբեր մեկնաբանությունները: