Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.
«7) պաշտոնական էլեկտրոնային փոստ՝
ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անձին նույնականացման քարտի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված էլեկտրոնային փոստը,
բ. իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառված էլեկտրոնային փոստը,
գ. պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում՝ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառված էլեկտրոնային փոստը, ինչպես նաեւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում մատնանշված էլեկտրոնային փոստը»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
«Հոդված 10. Անհատական ծանուցումը ինտերնետի միջոցով
1. Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ տեղեկատվությունը ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով եւ առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համապատասխան ծանուցագիր ուղարկված անձը կամ մարմինը մեկշաբաթյա ժամկետում չի ստանում կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, սակայն առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում, ապա ծանուցագիրն ուղարկվում է եւս մեկ անգամ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ նույն ծանուցագիրը միաժամանակ հրապարակելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է պատշաճ ծանուցված:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով անհատական ծանուցման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս ծանուցումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե այն կամ ուղարկվել է փոստով, կամ հանձնվել է առձեռն կամ հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Թերեւս բացառություն է կազմում ՀՀ Քաղ. դատ. օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասը, որով դատավարության կողմերը կարող են իրենց ցանկությամբ դատարանին մատնանշել իրենց էլ. փոստի հասցեն եւ ծանուցված համարվեն այդ փոստին ծանուցագրի ուղարկվելու միջոցով: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, ինտերնետ կապի ներկայիս հասանելիության պայմաններում հնարավոր է ծանուցման գործընթացը կազմակերպել ինտերնետի միջոցով ծանուցումների էլ. փոստին ուղարկելու եղանակով, որն ավելի էժան է, արագ եւ արդյունավետ, այն առումով, որ այլեւս խնդիր չէ օրինակ անձին իր բնակության վայրում չգտնելը:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Նախագիծը նախատեսում է պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի տրամադրում՝ նույնականացման քարտի հետ մեկտեղ, որի կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, եւ օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ տեղեկատվությունը ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով եւ առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:
Նախագծի ընդունումը կնպաստի ծանուցումների ընթացակարգերի պարզեցմանը, դատական ծախսերի իջեցմանը, ընթացակարգերի արագացմանը, անձին իր բնակության վայրում չգտնելը այլեւս խնդիր չի առաջացնի, քանի որ անձը առցանց կարող է ստուգել իր պաշտոնական փոստը եւ ծանուցված լինել իր ցանկացած գտնվելու վայրից: