Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասին 2-րդ կետը «հավաստագրեր» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային փոստ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում.
1) 4-րդ մասը «հավաստագիր» բառից հետո լրացնել «եւ էլեկտրոնային փոստ» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-րդ մաս.
«4.1. Նույնականացման քարտի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստը հասանելի է ակտիվացման պահից: Նույնականացման քարտի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում.
1) 6-րդ մասը «ժամկետում» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4.1-րդ մասով նախատեսված իրավական ակտը՝ մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ մասով.
«7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված էլեկտրոնային փոստը մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը կարող է ակտիվացվել նույնականացման քարտը կրողի ցանկությամբ՝ ծածկանունն ու գաղտնաբառը հավաքելով՝ էլեկտրոնային փոստ առաջին անգամ մուտք գործելու պահից: էլեկտրոնային փոստը ակտիվանում է նաեւ անձի կողմից էլեկտրոնային ստորագրություն ստանալու պահին, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից սկսած չակտիվացված էլեկտրոնային փոստերն ակտիվանում են ինքնաբերաբար: 2015 թվականի հունվարի 15-ից հետո նույնականացման քարտերի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստերը ակտիվացվում են նույնականացման քարտի տրման պահից:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: