Հոդված 1. «Կանաց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2013թ. մայիսի 20-ի ՀՕ-57 օրենքի (այսուհետ` Օրենք) 3 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ.
1) գենդեր, գենդերային՝ կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
«Կանաց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունումը նպատակ ունի առավել հստակեցնել օրենքում օգտագործվող եզրույթները՝ տարբեր սեռերի անձանց համար գործող օրենքով ամրագրված ձեւակերպումները տարաբնույթ մեկնաբանություններից զերծ պահելու համար:
Գործող օրենքում «սեռ» եզրույթին տրվում է իրավական ձեւակերպում եւ այն ամրագրում որպես ձեռքբերովի եւ սոցիալապես ամրագրված վարք, այնինչ սա ի սկզբանե բնության մեջ առկա երկու տարբեր սեռերի՝ տղամարդկանց եւ կանանց միջեւ հարաբերությունների հայեցակետն է։
Գործող օրենքում առկա այս ձեւակերպումը իրավացիորեն լրջագույն քննադատության է արժանացել հասարակական տարբեր շերտերի կողմից։ Ավելին, նախագծի հանրային եւ խորհրդարանական քննարկումների, ինչպես նաեւ նախագծի նախնական տարբերակում նման ձեւակերպում օգտագործված չի եղել։ Վերջինս իրապես կարող է տարաբնույթ, մեր ազգային նկարագրին ոչ հարիր մեկնաբանությունների տեղիք տալ։ Ուստի, առաջարկում եմ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը վերաշարադրել նոր խմբագրությամբ: