ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «ատեստավորման» բառը փոխարինել «կատարողականի գնահատման» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. 3-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«թ) քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատում՝ համապատասխան մարմնի կողմից քաղաքացիական ծառայողի վերապատրաստման կարիքների բացահայտմանն, առաջխաղացմանը, խրախուսմանը (պարգեւատրման) ուղղված միջոցառում.»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ա» կետը «կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` ղեկավար պաշտոնում» բառերով.
2) 1-ին մասի «բ» կետի «կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ եւ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում» բառերը փոխարինել «կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ եւ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում» բառերով, իսկ «կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ղեկավար պաշտոնում (սույն պահանջը կիրառվում է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար դիմած անձանց ստաժի հաշվարկման դեպքում)» բառերով.
3) 1-ին մասի «գ» կետի «առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում» բառերը փոխարինել «առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում» բառերով, իսկ «կամ առնվազն երեք տարվա» բառերը փոխարինել «կամ առնվազն երկու տարվա» բառերով.
4) 2-րդ մասի «2015» թիվը փոխարինել «2020» թվով.
5) 2-րդ մասի «ա» կետը «ստաժ» բառից հետո լրացնել «, որից առնվազն երեք տարին` ղեկավար պաշտոնում» բառերով.
6) 2-րդ մասի «բ» կետը «ստաժ» բառից հետո լրացնել «, որից առնվազն մեկ տարին ղեկավար պաշտոնում (սույն պահանջը կիրառվում է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար դիմած անձանց ստաժի հաշվարկման դեպքում)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. 15.1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «ատեստավորման» բառը:
ՀՈԴՎԱԾ 5. 4-րդ գլխի վերնագրում «ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ» բառը փոխարինել «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատում
1. Քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատումն իրականացվում է կիսամյակային կատարողականի արդյունքների հիման վրա` քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարի կողմից:
2. Անմիջական ղեկավարը յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրն իրականացնում է քաղաքացիական ծառայողի տվյալ կիսամյակի կատարողականի գնահատում:
3. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 7. 22-րդ հոդվածի «ժա» կետից հանել «եւ ատեստավորման» բառերը:
ՀՈԴՎԱԾ 8. 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետից հանել «ատեստավորմանը եւ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 9. Ուժը կորցրած ճանաչել 33-րդ հոդվածի 1-ին մասի «դ» եւ «ե» կետերը:
ՀՈԴՎԱԾ 10. 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 40. Քաղաքացիական ծառայության մրցութային հանձնաժողովները
1.Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթն անցկացնում են քաղաքացիական ծառայության մրցութային հանձնաժողովները։
2. Քաղաքացիական ծառայության բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում են քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող մրցութային հանձնաժողովները:
3. Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնում են համապատասխան մարմինների կողմից ստեղծվող մրցութային հանձնաժողովները:
4. Քաղաքացիական ծառայության մրցութային հանձնաժողովների կազմերն ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված եւ պատահական ընտրված թեկնածուներից՝ յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց ոչ շուտ, քան քսանչորս ժամ առաջ՝ հետեւյալ հարաբերակցությամբ.
- մեկ երրորդը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչներ.
- մեկ երրորդը՝ համապատասխան մարմնի ներկայացուցիչներ, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու դեպքերում՝ նաեւ նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) ներկայացուցիչներ.
- մեկ երրորդը՝ գիտական եւ ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:
Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովների աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:
5. Քաղաքացիական ծառայության մրցութային հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են քաղաքացիական ծառայության խորհուրդը` քաղաքացիական ծառայության բարձրագույն եւ գլխավոր պաշտոնների համար, համապատասխան մարմինները` քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների մրցութային հանձնաժողովների համար:»:
ՀՈԴՎԱԾ 11. 50-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայող համարված համապատասխան մարմինների աշխատողներին քաղաքացիական ծառայության առաջին համապատասխան դասային աստիճանը շնորհվում է սույն օրենքով սահմանված կարգով` ընդհանուր հիմունքներով:»:
ՀՈԴՎԱԾ 12. Ուժը կորցրած ճանաչել 54-րդ հոդվածը:
ՀՈԴՎԱԾ 13.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիական ծառայության համակարգում դադարեցվոււմ է պարտադիր ատեստավորման գործընթացը: 2011 թվականի մարտի 2-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կիսամյակային պարտադիր հաշվետվությունների պահանջը հանվել է եւ ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-ն որոշմամբ ներդրվել է քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման համակարգը:
Նախագծով հստակեցվում են նաեւ քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի եւ փորձի չափանիշները:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քաղաքացիական ծառայողների ատեստավորման արդյունքում որոշվում է զբաղեցրած պաշտոնին քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանությունը: Յուրաքանչյուր տարի համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Գործող քաղաքականության փոփոխություն նախատեսվում է։
4.Կարգավորման նպատակը եւ բնույթը
Քաղաքացիական ծառայողի ատեստավորման ինստիտուտը փոխարինվում է քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման համակարգով, որը իրականացվելու է աշխատանքային ծրագրերի կազզման եւ կատարողականների գնահատման արդյունքներով:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում են հետեւյալ արդյունքները.
Կբարձրանա քաղաքացիական ծառայողների պաշտպանվածությունը: Նոր ինստիտուտը հնարավորություն կտա բացահայտել վերապատրաստման կարիքները եւ իրականացնել թիրախավորված վերապատրաստումներ, ինչպես նաեւ կհստակեցվեն քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի եւ փորձի չափանիշները:
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումից բխող իրավական ակտերը կընդունվեն օրենքի ուժի մեջ մտնելուց մեկ ամսյա ժամկետում: