Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «45000 դրամ» բառերը փոխարինել «75000 դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
1) երկրորդ պարբերության «270 դրամ» բառերը փոխարինել «450 դրամ» բառերով.
2) երրորդ պարբերության «300 դրամ» բառերը փոխարինել «500 դրամ» բառերով.
3) չորրորդ պարբերության «450 դրամ» բառերը փոխարինել «750 դրամ» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ներկայացվող փոփոխությունների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բնակչության օրեցօր վատթարացող սոցիալական վիճակի, ձեռնարկատիրական ոլորտում, այդ թվում` հատկապես փոքր եւ միջին բիզնեսում արդյունավետ աշխատելու պայմանների բարելավման, երկրում բնակչության վճարունակ պահանջարկի բարձրացման անհրաժեշտությամբ:
ՀՀ-ում 2013 թվականի առաջին կիսամյակի գնաճի ծավալում դեռեւս իր ազդեցությունը չունեն գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերջին թանկացումները, որի համաձայն ըստ պաշտոնական տեղեկատվության դրա հետեւանքներով պայմանավորված հավելյալ գնաճը կկազմի առնվազն 2.7 %, իսկ մեր հաշվարկներով` 4-4.5 %:
Նվազագույն աշխատավարձի շեմի կտրուկ բարձրացումը, այն է 75.000 ՀՀ դրամ, արմատական, նաեւ արդյունավետ միջոց է խթանելու ներքին սպառողական պահանջարկը, լուծելու մի կողմից` մեր համաքաղաքացիների արժանապատիվ կենսապահովման խնդիրը, մյուս կողմից`ապահովելու լրացուցիչ դրամական միջոցներ բնակչության համար: Դրա արդյունքում էապես կմեղմվի սոցիալական լարվածությունը, հարաբերականորեն կավելանան կոմունալ ծառայությունների, սննդամթերքի եւ այլ ապրանքների շուկաներում իրացման ծավալները, քանի որ ՀՀ-ում բնակչության սպառման սահմանային գործակիցը բավականին մեծ է:
Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարությունն իր հնգամյա ծրագրում նախատեսել է տարեկան առնվազն 5-7% տնտեսական աճ, ապա նվազագույն աշխատավարձի ներկայացվող փոփոխությունը համահունչ է նաեւ ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարին: Չէ՞ որ ՀՆԱ-ի յուրաքանչյուր տոկոսի աճն աշխատավարձի, այդ թվում` առավելապես` նվազագույն աշխատավարձի մակարդակի հետ ունի որոշակի սահունություն:
Ներկայացվող օրենսդրական նախաձեռնությունը հաշվի է առնում նաեւ այն, որ ՀՀ-ում, ըստ ԱՎԾ 2013 թվականի առաջին կիսամյակի տվյալների, միջին աշխատավարձը կազմում է 144.000 ՀՀ դրամ, մասնավոր հատվածում` 180.000 ՀՀ դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակն էլ ավելի է բարձրացել:
Այսպիսով, նվազագույն ամսական աշխատավարձի աճի եւ միջին ամսական աշխատավարձի աճի մակարդակները պետք է տրամաբանորեն միմյանց հետ համահունչ լինեն: