Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-314-15.08.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝Օրենսգիրք) 51-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.Տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է հաշվարկի արդյունքում ստացված ժամկետը, իսկ եթե այն գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն օրենսգրքի 51-րդ 4-րդ մասով սահմանված դեպքերում հանրային աշխատանքները կարող են նշանակվել է երկու հարյուր յոթանասուն ժամից պակաս, եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում հանրային աշխատանքների ժամկետը ստացվում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ Քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածում նախատեսվող փոփոխությունը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 2013 թվականի ապրիլի 23-Ի ՍԴՈ-1082 որոշման պահանջներից, որով ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը այնքանով, որքանով տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում համարժեքորեն չի երաշխավորվում երկու հարյուր յոթանասուն ժամից պակաս տեւողությամբ հանրային աշխատանքների կիրառման իրավական հնարավորություն այն անձանց նկատմամբ, որոնք չունեն տուգանքը վճարելու հնարավորություն՝ արգելափակելով նրանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը, ինչպես նաեւ տարբերակված մոտեցում չի դրսեւորում տուգանքը վճարելու անհնարինության եւ դրանից խուսափելու հանգամանքների միջեւ, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող եւ անվավեր: Այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը արձանագրել է. «Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի նորմատիվ կարգավորման իրավաչափության (համաչափության) խնդրին` սահմանադրական դատարանը գտնում է, որ երբ առկա չէ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու օրենքով նախատեսված կարգով փաստված անվիճելի հանգամանք, ապա իրավաչափ չէ նշանակված պատժի փոխարինմամբ դրա առավել խստացումը , ինչին գործնականում կարող է հանգեցնել վերոհիշյալ իրավակարգավորումը: Բանն այն է, որ պատժի փոխարինման նախատեսված հաշվարկի արդյունքում ստացված պակաս ժամկետով հանրային աշխատանքների փոխարեն նախատեսվում են առավել երկար ժամկետով այդպիսի աշխատանքներ (երբ տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվել է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը), այսինքն՝ արդյունքում խախտվում է նախկին եւ փոխարինված պատժատեսակների միջեւ համամասնությունը, անհիմն վատթարացվում է այն անձի վիճակը, որը հնարավորություն չի ունեցել վճարելու տուգանքը, եւ երբ առկա չեն այդպիսի խստացման իրավական ընդհանուր (քրեական օրենսդրությամբ նախատեսված) հիմքեր (դիտավորություն կամ այլ հանգամանքներ): Արդյունքում` անձը (դատապարտյալը) գործնականում զրկվում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իր իրավունքի իրացման հնարավորությունից: Այսպիսով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի նորմերը բովանդակում են իրավակարգավորիչ անհամաչափ միջոցներ՝ պատժի խստացում (դատապարտյալ անձի վիճակի անհիմն վատթարացում) այն դեպքում, երբ առկա չէ դրա կիրառման իրավաչափ հիմքը, եւ այդպիսի խստացման բացակայություն՝ իրավական համապատասխան հիմքերի (դիտավորության) հնարավոր առկայության դեպքերում:» Այսպիսով՝ ներկայացված նախագիծը միտված է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքում առկա իրավակարգավորիչ անհամաչափ միջոցները՝ բացառելով դատապարտյալ անձի վիճակի անհիմն վատթարացումը: