Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-316-27.08.2013-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ- 261 օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն այն դեպքում, երբ դա պահանջում է հուշարձանի նյութական պահպանությունը: Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եվ օգտագործման մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարվող փոփոխությունը պայմանավորված է Օրենքի 21-րդ հոդվածը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008 թվականին վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝Կոնվենցիա) դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես Օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ hանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ, մինչդեռ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը համաձայն հուշարձանների մասնակի կամ ամբողջական տեղափոխումը կարող է իրականացվել միայն մեկ դեպքում, երբ հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Այսինքն՝ ներկայիս կարգավորմամբ հստակ սահմանված է չէ այն բացառիկ հանգամանքը, որի առկայության պայմաններում թույլատրվում է իրականացնել հուշարձանի տեղափոխումը, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հուշարձանների տեղափոխում նույնիսկ այն դեպքերում, երբ չկա հուշարձանի պահպանության հրամայական պահանջ: ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է. «Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:»: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներկայացված նախագիծը կնպաստի Օրենքի դրույթները Կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցմանը եւ կապահովի առավել հստակ իրավակարգավորման սահմանմանը: