ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան ու նպատակները
1. Սույն օրենքը կարգավորում է հաշմանդամության սահմանման, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական եւ մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաեւ հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական, իրավական եւ տնտեսական երաշխիքներին առնչվող իրավահարաբերությունները:
2. Սույն օրենքի նպատակն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու արժանապատվությունը եւ ապահովել նրանց արդյունավետ սոցիալական ներառումը:
3. Uույն oրենքով նախատեuված իրավունքներն ու երաշխիքները տարածվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա, եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի վրա սույն oրենքով նախատեuված իրավունքներն ու երաշխիքները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու եւ բնակվելու ժամանակահատվածում:
Հոդված 2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական ներառմանն առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության 2006թվականի կոնվենցիայով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ oրենքներով եւ իրավական այլ ակտերով:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
1. Սույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`
1) հաշմանդամություն` առողջական խնդիրներով պայմանավորված ֆունկցիայի կայուն խանգարումներ ունեցող անձանց ու շրջակա միջավայրի արգելքների փոխազդեցության հետեւանք, որը խոչընդոտում է նրանց` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը
2) հաշմանդամություն ունեցող անձ` անձ, ով ունի ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ զգայական ոլորտների երկարաժամկետ կամ կայուն սահմանափակումներ, որոնք, բախվելով տարբեր միջավայրային արգելքներին, խոչնդոտում են նրա` մյուսների հետ հավասար հիմունքներով, լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը հասարակական կյանքին
3) բժշկասոցիալական փորձաքննություն` անձի ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ զգայական ոլորտների սահմանափակումների եւ միջավայրային արգելքների փոխազդեցության գնահատման ու պահպանված աշխատունակության (երեխաների ակտիվության, մասնակցության եւ հատուկ կրթական կարիքների) աստիճանի հիման վրա հաշմանդամության սահմանում
4) կենսագործունեություն` անձի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու, ինքնասպասարկման, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառելու (երեխաների համար` խաղալու), հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու ունակությունների (կարողություններ) համակցություն
5) սոցիալական ներառում` հաշմանդամություն ունեցող անձի հավասար ներգրավվածությունը եւ ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին
6) աշխատունակություն` աշխատանքի բովանդակության, ծավալի եւ ներկայացվող պահանջներին (կատարման պայմաններին) համապատաuխան գործունեության իրականացման կարողություն` անձի կենսագործունեության սահմանափակման եւ միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում.
7) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն` անձի` նախկին մասնագիտական հմտություններն օգտագործելու կամ նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կարողություն
8) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության uահմանափակում` անձի` նախկին մասնագիտական հմտություններն օգտագործելու կամ նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կարողության լրիվ կամ մասնակի սահմանափակում
9) հաղորդակցություն` սույն օրենքի իմաստով` խոսակցական, ժեստերի լեզվով, նշանների եւ տեքստերի պատկերման, Բրայլի, շոշափողական, ընթեռնելի տառերով տպագրության, ինչպես նաեւ մատչելի այլ տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ
10) խտրականություն` սույն օրենքի իմաստով հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը հերքումն է այն փաստի, որ հաշմանդամություն ունեցող անձը, մյուսներին հավասար կարող է իրականացնել իր իրավունքները եւ հիմնարար ազատությունները քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական կամ ցանկացած այլ ոլորտում
11) միջավայր` սոցիալական եւ մշակութային պայմաններ` ներառյալ վերաբերմունք, ինչպես նաեւ ֆիզիկական շրջապատ, ուր անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում եւ կազմակերպում իր անձնական կյանքը
12) միջավայրի գործոններ` արտաքին պայմաններ, որոնք դրական կամ բացասական ազդեցություն են ունենում հաշմանդամություն ունեցող անձի կյանքի վրա
13) խելամիտ հարմարեցումներ (շտկումներ)` հաշմանդամություն ունեցող անձանց կրթության եւ ուսուցման, աշխատանքի, հաղորդակցման, մշակութային, մարզական գործունեության եւ այլ մասնակցության ձեւերի ապահովմանն ու դրանց կազմակերպմանը նպաստող պայմաններ եւ հարմարեցումներ, որոնք ստեղծվում են հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի անհատական կարիքները
14) հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնում` բժշկական, կրթական ու սոցիալ-հոգեբանական միջոցառումների համակարգ, որը հնարավորություն է տալիս անձին զարգացնելու կամ պահպանելու իզիկական, մտավոր ու մասնագիտական ունակություններն ու կարողությունները եւ նպաստում է նրա սոցիալական ներառմանը
15) վերականգնողական անհատական ծրագիր` հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանը կամ սահմանափակումների նվազեցմանը եւ սոցիալական ներառմանն ուղղված բժշկական, կրթական, սոցիալ-հոգեբանական եւ մասնագիտական վերականգնողական միջոցառումների ամբողջություն
16) վերականգնման տեխնիկական միջոցներ եւ այլ oժանդակ պարագաներ` կենuագործունեության uահմանափակումների լրիվ կամ մաuնակի հաղթահարման, փոխարինման (փոխհատուցման) համար նախատեuված հատուկ uարքեր եւ տեխնիկական միջոցներ
17) սոցիալական կազմակերպություն` սոցիալական ուղղվածության կանոնադրական նպատակներ ունեցող իրավաբանական անձ, որը նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի ստեղծմանն ու զբաղվածության ապահովմանը
18) համընդհանուր դիզայն` միջավայրի, ծրագրերի, ապրանքների ու ծառայությունների դիզայն, որն առանց շտկումների եւ մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության մատչելի է յուրաքանչյուր անձի համար
19) սոցիալական պատրոնաժ` հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվող օգնականի, միջնորդի, անձնական ուղեկցողի, ընթերցողի եւ ժեստերի լեզվի թարգմանչի ծառայություն
20) հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բազային ծրագիր` պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական եւ oժանդակ միջոցների երաշխավորված ցանկ:
Հոդված 4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման գործընթացում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման գործընթացում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
1) հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ խտրականության բացառումը,
2) հաշմանդամություն ունեցող անձի պատվի եւ արժանապատվության, անձնական կյանքի անկախության նկատմամբ հարգանքը,
3) հաշմանդամ երեխայի իրավունքների գերակայությունը,
4) հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ գոյություն ունեցող կարծրատիպերի եւ նախապաշարումների բացառումը,
5) հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանություն որեւէ շահագործումից եւ բռնությունից,
6) հասարակությունից մեկուսացման բացառումը,
7) հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավումը,
8) հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց հարցերով զբաղվող կազմակերպությունների մասնակցության ապահովում նրանց կյանքին եւ կենսագործունեությանը վերաբերող քաղաքականությունների եւ ծրագրերի մշակման, իրականացման, մոնիթորինգի եւ գնահատման գործընթացին` նրանց համար մատչելի եղանակով,
9) հաշմանդամություն ունեցող անձանց հանրային կյանքում լիակատար եւ արդյունավետ մասնակցությունը եւ ներգրավվածությունը:
Հոդված 5. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման գործընթացում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման գործընթացում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`
1) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմանների, հավասար հնարավորությունների ու իրավական հիմքերի ապահովում` անկախ հաշմանդամության առաջացման պատճառից, բնույթից, ծանրության աստիճանից,
2) սոցիալական պաշտպանության տեսակների տրամադրում` ելնելով անձի աշխատունակության աստիճանից եւ վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված միջոցառումներից,
3) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների հասցեականության ապահովումը,
4) հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կյանքի, ընտանեկան կամ դրան մոտ միջավայր ապահովելու համար պայմանների ստեղծում,
5) հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեք կրթություն ստանալու անհրաժեշտ պայմանների եւ հավասար հնարավորությունների ստեղծում` անկախ հաշմանդամության առաջացման պատճառից, բնույթից, ծանրության աստիճանից,
6) աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց հավասար եւ մատչելի մասնակցության ապահովում, մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքի արդար, բարենպաստ եւ մատչելի պայմաններ ունենալու իրավունքի երաշխավորում,
7) հաշմանդամություն ունեցող անձանց համար բժշկական, կրթական, սոցիալ-հոգեբանական եւ մասնագիտական ծառայություններում բոլորի հետ հավասար պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովում,
8) հաշմանդամություն ունեցող անձանց համար սպորտի եւ մշակույթի ոլորտներում հավասար պայմանների եւ հնարավորությունների ապահովում,
9) հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ սոցիալական գործընկերության ապահովում,
10) հաշմանդամություն ունեցող անձի` բնակավայր, կրթություն, մասնագիտություն, աշխատանք, սոցիալական եւ բժշկական օգնություն, ինչպես նաեւ ապրելու կամ ինքնադրսեւորվելու համար անհրաժեշտ միջավայր ազատ ընտրելու իրավունքի ապահովում,
11) հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքների բավարարմանն ուղղված համընդհանուր օգտագործման ապրանքների, ծառայությունների, սարքավորումների եւ շինությունների մատչելիության ապահովում, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ օժանդակ սարքերի եւ աջակցող տեղեկատվական տեխնոլոգիաների, նրանց կարիքներին համապատասխան տեղեկատվական եւ հաղորդակցության միջոցների եւ ծրագրերի (միջոցառումների) ներդրման խթանում,
12) վերականգնողական ծառայությունների մատչելիության եւ հասանելիության ապահովում,
13) հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան անձնակազմի եւ մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման գործընթացի ապահովում, ինչպես նաեւ համապատասխան մասնագիտական կրթության հաստատությունների ծրագրերում «հաշմանդամության հիմնախնդիրների եւ համընդհանուր դիզայնի» առարկայի ներդրման ապահովում,
14) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման բնագավառում միջազգային համագործակցության զարգացում:
Հոդված 6. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համակարգը եւ կառավարումը
1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համակարգը համալիր միջոցառումների ամբողջություն է, որն ընդգրկում է` առողջապահական, կրթական, վերականգնողական ծառայություններ, հաշմանդամություն ունեցող անձանց կարողություններին համարժեք աշխատանքային երաշխիքների տրամադրում, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ակտիվ ծրագրերին ներգրավում, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության տրամադրում, կենսաթոշակների եւ նպաստների վճարում, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում մատչելի ու հավասար պայմանների եւ հնարավորությունների ապահովում:
2. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովող համակարգի կառավարումը սոցիալական ներառման միջոցառումների պլանավորման, մշակման, պատասխանատվությունների ու լիազորությունների իրականացման եւ բաշխման, մոնիթորինգի եւ գնահատման ամբողջությունն է:
3. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովող գործընթացին մասնակցում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ինպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ոչ պետական կազմակերպությունները:
4. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համակարգը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հոդված 7. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտի պետական քաղաքականության իրականացումը,
2) հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ռազմավարական եւ տարեկան ծրագրերը,
3) հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման բազային ծրագիրը,
4) հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը,
5) հաստատում է բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները,
6) հաստատում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կառուցվածքը,
7) հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սոցիալական ծառայությունների տրամադրման կարգերը, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող պահանջները,
8) աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին,
9) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 8. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում լիազոր մարմնի իրավասությունները
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում լիազորած մարմինը oրենսդրությամբ սահմանված կարգով`
1) մշակում եւ իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման պետական քաղաքականությունը,
2) մշակում է հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող ռազմավարական ծրագրերը եւ ապահովում (համակարգում) դրանց իրականացումը,
3) մշակում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման Տարեկան ծրագիրը եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն,
4) պատրաստում է հաշմանդամության իրավիճակի մասին ամենամյա տարեկան զեկույցը եւ ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի քննարկմանը,
5) մշակում է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման բազային ծրագիրը եւ ապահովում դրա իրականացումը,
6) համակարգում եւ ապահովում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների գործունեությունը,
7) համագործակցում է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ,
8) կազմակերպում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի մասնագետների վերապատրաստումը,
9) աջակցում է հաշմանդամության հիմնահարցերի լուծմանն ուղղված գիտական հետազոտությունների իրականացմանը,
10) համագործակցում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ,
11) ստեղծում եւ վարում է հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների շտեմարանը,
12) իրականացնում է օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 9. Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառումը
1. Արգելվում է ցանկացած խտրականություն` հիմնված հաշմանդամության հանգամանքի վրա: Խտրականության դրսեւորում է համարվում նաեւ խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժելը:
2. Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար եւ արդյունավետ օրինական պաշտպանությունը խտրականության դրսեւորումներից:
3. Օրենքով սահմանված այն դրույթները, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող անձանց համար իրական հավասարության հասնելու ու այդ գործընթացը արագացնելու համար, չեն կարող դիտվել որպես խտրականություն:
Հոդված 10. Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովում
1. Տարածքային պլանավորման, սոցիալական ենթակառուցվածքների, շենքերի, շինությունների, հասարակական տրանսպորտի եւ նրանց շրջակա միջավայրի նախագծման, տեղեկատվական համակարգերի մշակման ժամանակ հաշվի են առնվում հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներոմ համընդհանուր դիզայնի պահանջները: Համընդհանուր դիզայնի պահանջները եւ չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Շահագործված շենք-շինությունները (այդ թվում` մշակութային եւ մարզական), անկախ սեփականության ձեւից, ենթակա են հարմարեցման հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այն դեպքերում, երբ հնարավոր չէ ապահովել համընդհանուր դիզայնը, ապա ապահովվում է օժանդակ հարմարանքների կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար` դրանք առավելագույնս օգտագործելի դարձնելու նպատակով:
Սույն դրույթը կիրականացվի փուլերով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներով:
3. Նոր կառուցվող սոցիալական ենթակառուցվածքների, շենքերի, շինությունների, հասարակական տրանսպորտի օբյեկտների եւ նրանց շրջակա միջավայրի` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման պահանջների խախտումը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 11. Տեղեկատվության եւ հաղորդակցման մատչելիություն
1. Հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության, զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային հաղորդակցման մատչելությունն ապահովում է լիազորած մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Գործող ինտերնետային կայքերը, ինչպես նաեւ նոր նախագծվող կայքերը ենթակա են հարմարեցման` հաշվի առնելով համընդհանուր դիզայնի սկզբունքները:
3. Հանրային եւ մասնավոր հեռուստառադիոընկերությունները ապահովում են մանկական եւ լրատվական հեռուստահաղորդումների` ժեստերի լեզվով թարգմանությամբ հեռարձակելը:
4. Հաշմանդամություն ունեցող անձանց համար, իրենց անհատական կարիքներից ելնելով, համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաները եւ ծրագրերը մշակում ու տեխնիկան կամ վերականգնողական պարագաները տրամադրում են իրավասու պետական մարմինները:
Հոդված 12. Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքը
1. Հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն ստանալու հանրակրթական (նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, հատուկ) եւ մասնագիտական (նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական) կրթություն, ինչպես նաեւ զբաղվել գիտական գործունեությամբ` սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտը կարգավորող օրենքների դրույթներին համապատասխան:
2. Կրթության բնագավառում լիազորած մարմինը հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովում է`
1) ներառական, հասանելի եւ մատչելի կրթություն` կրթության բոլոր մակարդակներում,
2) կրթությունը ողջ կյանքի ընթացքում:
3. Բարձրագույն, միջին մասնագիտական եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում կազմակերպվող քննությունների կամ մրցույթի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովվում են խելամիտ հարմարեցումներ:
4. Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամություն ունեցող անձինք, հավասար պայմանների դեպքում, oգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության իրավունքից:
5. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք կամ հաշմանդամություն ունեցող երեխաները ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում` կրթական բոլոր մակարդակներում:
6. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք կամ հաշմանդամություն ունեցող երեխաները ընդունվում են պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ եւ տրամադրվում է կրթաթոշակ:
7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով տվյալ ուսումնական հաստատություն ընդունված եւ սովորող (ուսումնառող) անձանց կրթությունը եւ ուսուցումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ:
8. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքերով պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք կամ հաշմանդամություն ունեցող երեխաները տեղափոխվում են ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքում չեն ճանաչվել հաշմանդամություն ունեցող անձ:
9.Պետական բարձրագույն, միջին մասնագիտական եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորողները, ուսումնառության ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչվելու դեպքում` տեղափոխվում են ուսումնական հաստատության անվճար ուսուցման համակարգ:
Հոդված 13. Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքը եւ զբաղվածության ապահովումը
1. Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքները, երաշխիքները եւ զբաղվածության ապահովման հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային օրենսդրությամբ, զբաղվածության մասին օրենսդրությամբ, սույն օրենքով, ինչպես նաեւ այլ իրավական ակտերով:
2. Կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձեւից, սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (այսուհետ` քվոտա)` հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար:
Հոդված 14. Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնումը
1. Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական միջոցառումներն իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձի առողջության, աշխատունակության եւ սոցիալական վերականգնման նպատակով, որը նպաստում է նրա նյութական եւ սոցիալական անկախությանը, հասարակական կյանքին համակողմանի մասնակցությանն ու իրավահավասարությանը:
2. Հաշմանդամություն ունեցող անձի վերականգնումն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան:
Հոդված 15. Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական վերականգնումը
1. Բժշկական վերականգնումը ներառում է վերականգնողական բժշկական օգնությունը, պլաստիկ վերակառուցողական վիրաբուժությունը` տվյալ կամ հարակից օրգանի ֆունկցիայի խանգարման դեպքում, պրոթեզաoրթոպեդիկ պարագաներով, վերականգնողական եւ տեխնիկական այլ միջոցներով ապահովումը: Բժշկական վերականգնման մեջ ներառվող բժշկական օգնության եւ սպասարկման տեսակները կազմակերպվում են ամբուլատոր կամ հիվանդանոցային ձեւով` ներառյալ դրանց իրականացումը առողջարաններում:
2. Բժշկական վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության եւ սոցիալական պաշտպանության համակարգի պետական եւ համայնքային մարմինների, ապահովագրական եւ բարեգործական բժշկական կազմակերպությունների կողմից:
Հոդված 16. Հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական վերականգնումը
1. Մասնագիտական վերականգնումն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ աշխատելու հնարավորության մեծացմանը:
2. Մասնագիտական վերականգնումը ներառում է մասնագիտական կողմնորոշումը, վերամասնագիտացումը, մասնագիտական հարմարվողականությունը եւ աշխատանքի տեղավորման գործընթացը:
3. Առանձնացվում են մասնագիտական վերականգմանն ուղղված հետեւյալ հիմնական ծառայությունները`
1) խորհրդատվության տրամադրում,
2) մասնագիտական կողմնորոշում,
3) մասնագիտական կարողությունների եւ հմտությունների գնահատում ու վերականգնում,
4) որակավորման բարձրացման, վերապատրաստման եւ վերաորակավորման միջոցով նոր կարողությունների ու հմտությունների զարգացում,
5) աշխատատեղի հարմարեցում եւ աշխատանքի տեղավորում:
4. Մասնագիտական վերականգնմանն ուղղված ծառայությունների տրամադրման գործընթացը կազմակերպում է լիազորած մարմինը:
Հոդված 17. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վերականգնումը
1. Սոցիալական վերականգնումը ներառում է սոցիալ-միջավայրային կողմնորոշումը, սոցիալ-կենցաղային հարմարեցումը, սոցիալ-հոգեբանական խորհրդատվությունը եւ հարմարեցումը, տեխնիկական միջոցներով ապահովումը, ինչպես նաեւ դրանց օգտագործման ուսուցումը:
2. Սոցիալական վերականգնման ծառայություններ տրամադրելու նպատակն է վերականգնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, ինչպես նաեւ ինքնուրույն ապրելու հմտությունները:
3. Վերականգնողական ծառայությունները նպաստում են հաշմանդամություն ունեցող անձի ինքնուրույն ապրելու հմտությունների պահպանմանն ու վերականգնմանը, նոր հմտությունների, ունակությունների ձեռքբերմանը, նրանց կրթություն ստանալուն, աշխատաշուկայում մրցունակությունը բարձրացնելուն, մշակութային, մարզական եւ այլ ունակությունների զարգացմանը, ինչպես նաեւ հասարակական այլ ոլորտներում մասնակցության հնարավորությանը:
Հոդված 18. Հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը
1. Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի հաստատած, հաշմանդամների անհատական կարիքների վրա հիմնված վերականգնողական անհատական ծրագրով: Վերականգնողական անհատական ծրագիրը մշակվում է`
1) առաջին անգամ հաշմանդամ ճանաչված բոլոր անձանց համար,
2) հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն:
2. Հաշմանդամություն ունեցող անձի համար վերականգնողական անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձեւից եւ ծավալից, ինչպեu նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:
Հոդված 19. Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանումն ու վերականգնումը
1. Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու, ինչպես նաեւ անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Առանց հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, արգելվում է հաշմանդամություն ունեցող անձին առողջության վերականգնման նպատակով տեղափոխել, կամ պահել մասնագիտացված հաստատություններում կամ այլ վայրում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 20. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությունը
1.Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությունն իրականացվում են հետեւյալ ձեւերով`
1) դրամական վճարումներ, այդ թվում` կենսաթոշակներ կամ նպաստներ, նպատակային վճարումներ եւ փոխհատուցումներ,
2) վերականգնողական ծառայությունների տրամադրում,
3) խնամքի եւ սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում,
4) իրավական եւ մասնագիտական խորհրդատվություն,
5) պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներով ու տեխնիկական այլ միջոցներով անվճար ապահովում,
6) սոցիալական պատրոնաժի տրամադրում,
7) բնակարանային պայմաննների բարելավում` պետական ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկելու կամ սոցիալական բնակարանային ֆոնդում նրանց համար որոշակի չափաքանակ սահմանելու միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Բնակելի տարածքների բաշխման ընթացքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները հաշվի են առնում հաշմանդամություն ունեցող անձանց պահանջմունքները:
2. Սոցիալական պաշտպանության ծառայությունները անձին տրամադրելու կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 21. Ազատազրկման վայրում եւ նախնական կալանքի տակ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց երաշխիքները
1. Ազատազրկման վայրում եւ նախնական կալանքի տակ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովվում են մատչելի պայմաններ:
2. Ազատազրկման վայրերում եւ նախնական կալանքի տակ գտնվող հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվում է իրավական, բժշկական, վերականգնողական ու սոցիալ-հոգեբանական օգնություն եւ անհրաժեշտ տեղեկատվություն` իր համար մատչելի ձեւով:
3. Ազատազրկման վայրում եւ նախնական կալանքի տակ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ ապահովելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Ազատազրկման վայրում եւ նախնական կալանքի տակ գտնվող անձանց բժշկասոցիալական փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 22. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկումը եւ խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում եւ տնային պայմաններում
1. Խնամքի ու սոցիալական սպասարկման անհրաժեշտության դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն ու սոցիալական սպասարկումը տրամադրվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, իսկ 18 տարեկանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց համար` նաեւ տնային պայմաններում:
2. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող եւ տնային պայմաններում սպասարկվող հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են կենցաղային սպասարկման ծառայություններ, առաջնային բժշկական oգնություն եւ սոցիալ-հոգեբանական ու իրավաբանական խորհրդատվություն:
3. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման եւ խնամքի իրականացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 23. Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցներից օգտվելու մատչելիության ապահովումը
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգում, որպես մրցութային պայման, պետք է ամրագրվի հաշմանդամների համար հարմարեցված տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը:
2. Տրանսպորտային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները (անկախ սեփականության ձեւից) պարտավոր են ապահովել տրանսպորտային միջոցների, կայարանների ու օդանավակայանների, տրանսպորտային միջոցների կանգառների եւ հետիոտնային անցումների մատչելիությունը, ինչը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց առանց խոչընդոտների օգտվել այդ ծառայություններից:
3. Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային ծառայությունների մատչելիության ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 24. Մշակութային, մարզական կյանքին մասնակցություն
1. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծվում են մատչելի պայմաններ` բոլորին հավասար օգտվելու մշակութային, մարզական, զբոսաշրջային կամ ազատ ժամանակի կազմակերպման այլ վայրերից, ինչպես նաեւ դրանցում կազմակերպվող միջոցառումներից եւ գույքից:
2. Մշակութային եւ մարզական միջոցառումների ժամանակ կազմակերպիչները տեղաշարժման խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսում են խելամիտ հարմարեցումներ:
3. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները աջակցում եւ խրախուսում են հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը բոլոր մակարդակներում անցկացվող`
1) մարզական միջոցառումներին` նրանցում ներառելով նաեւ պարալիմպիկ, սուրդլիմպիկ, հատուկ օլիմպիադաների (մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար) եւ տեսողության խնդիրներ ունեցող անձանց հետ անցկացվող մարզաձեւերը,
2) մշակութային միջոցառումներին:
4. Մշակութային եւ մարզական շինությունների` անկախ սեփականության ձեւից, հարմարեցումները հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 25. Հաշմանդամության վիճակագրություն եւ տվյալների շտեմարանի ձեւավորումը
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականության մշակման եւ իրականացման նպատակով լիազորած մարմինն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալների շտեմարանի ձեւավորումը:
2. Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալների շտեմարանի ձեւավորման համար տեղեկատվության հավաքագրման եւ օգտագործման գործընթացում երաշխավորվում է էթիկայի սկզբունքների պահպանումը, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող տեղեկատվության գաղտնիությունը:
3. Հավաքագրված տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում, պետք է լինի բաղդատելի, եւ օգտագործվի հաշմանդամության ոլորտի քաղաքականության մշակման, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների կարգավորման եւ առանձին ծրագրերի պլանավորման եւ իրականացման նպատակով:
4. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված տեղեկատվության հավաքագրումն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգով:
Հոդված 26. Բժշկասոցիալական փորձաքննություն
1. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում որոշում է կայացնում անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբ սահմանելու, մինչեւ 18 տարեկան երեխաների համար «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակի եւ հաշմանդամության ծանրության աստիճանի, անձին հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության պատճառի, հաշմանդամության ժամկետի, մահվան պատճառական կապի, ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
3. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը որոշում է հաշմանդամություն ունեցող անձի անհատական կարիքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական միջոցառումների տեսակները, ձեւերը եւ ծավալները, նրա եւ (կամ) նրա օրինական ներկայացուցչի, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով` ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում` նաեւ համապատասխան մասնագետի (սոցիալական աշխատող, մասնագիտական վերականգնման գծով խորհրդատու, հոգեբան, դեպք վարող) մասնակցությամբ մշակում եւ հաստատում են հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը:
4. Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը եւ բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 27. Անձին հաշմանդամություն սահմանելը
1. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինն անձին հաշմանդամություն սահմանում է սույն oրենքի պահանջներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներին համապատասխան:
2. Բժշկաuոցիալական փորձաքննության ոլորտում իրավաuու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին սահմանվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ եւ 3-րդ խումբ), իuկ մինչեւ 18 տարեկան երեխաներին` «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ` նշելով հաշմանդամության ծանրության աստիճանը:
3. Հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը կատարվում է` հաշմանդամության կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու կամ նրա առողջական վիճակը վատթարանալու եւ (կամ) պահպանված աշխատունակության աստիճանը նվազելու կամ նրա` փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ փորձաքննության իրականացման կարգի խախտման կամ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշների խախտման կամ անձի պահպանված աշխատունակության աստիճանի (երեխաների ակտիվության, մասնակցության եւ հատուկ կրթական կարիքների, հաշմանդամության ծանրության աստիճանի) սխալ գնահատման դեպքերում կամ անձի եւ (կամ) նրա օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն կամ դատական ակտի հիման վրա:
4. Անժամկետ հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը կատարվում է` նրա բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ բժշկասոցիալական փորձաքննության կարգի խախտման կամ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշների խախտման կամ անձի աշխատունակության աստիճանի (երեխաների ակտիվության, մասնակցության եւ հատուկ կրթական կարիքների, հաշմանդամության ծանրության աստիճանի) սխալ գնահատման դեպքերում կամ անձի եւ (կամ) նրա օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն, կամ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում լիազոր մարմնի որոշման կամ դատական ակտի հիման վրա:
5. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կայացրած որոշումները կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետներում:
6. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կայացրած որոշումները ուժի մեջ են մտնում անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից որոշումն ստանալու հաջորդ օրվանից:
Հոդված 28. Հաշմանդամության պատճառները
1. Հաշմանդամության պատճառ կարող են լինել`
1) մանկուց հիվանդությունը,
2) ընդհանուր հիվանդությունը,
3) աշխատանքային խեղումը կամ վնաuվածքը,
4) մաuնագիտական հիվանդությունը,
5) բնական, տեխնածին եւ այլ աղետները, ինչպեu նաեւ դրանց վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը, ստացած խեղումը կամ վնաuվածքը,
6) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի եւ այլ ճառագայթային աղետների վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը, uտացած խեղումը կամ վնաuվածքը,
7) Հայրենական մեծ պատերազմի եւ այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը, uտացած խեղումը կամ վնաuվածքը,
8) Հայաuտանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ձեռք բերած հիվանդությունը, uտացած խեղումը կամ վնաuվածքը,
9) զինվորական ծառայության ժամանակ ձեռք բերած հիվանդությունը, uտացած խեղումը կամ վնաuվածքը,
10) զինվորական պարտականությունները կատարելիu ձեռք բերած հիվանդությունը, uտացած խեղումը կամ վնաuվածքը,
11) oրենuդրությամբ նախատեuված այլ դեպքեր:
Հոդված 29. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Ազգային հանձնաժողովը եւ նրա գործունեության նպատակները
1. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
2. Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որը գործում է սույն օրենքին եւ իր աշխատակարգին համապատասխան:
3. Հանձնաժողովի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանության միասնական պետական քաղաքականության ապահովմանը նպաստելն է:
Հոդված 30. Հանձնաժողովի խնդիրները եւ գործառույթները
1. Հանձնաժողովն օրենքով եւ իր աշխատակարգով սահմանված կարգով`
1) ուսումնասիրում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման գործընթացի վրա համապատասխան իրավական ակտերի ներգործության աստիճանը եւ կիրառելիությունը,
2) վերլուծում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ընթացքում ծագած խնդիրները եւ դրանց լուծման վերաբերյալ մշակում առաջարկություններ, որոնք հանձնաժողովում քննարկվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն,
3) մշակում է առաջարկություններ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ռազմավարությունների, տարեկան ծրագրի, հաշվետվությունների եւ դրանց կատարումն ապահովող այլ փաստաթղթերի վերաբերյալ,
4) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կանոնակարգող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ,
5) իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման եւ դրանց իրականացման գործընթացի մոնիթորինգ,
6) քննարկում է հաշմանդամների իրավունքների եւ ազատությունների խախտմանը վերաբերող խնդիրներ եւ առաջարկություններ,
7) աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների եւ շահերի պաշտպանության համար պատասխանատու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների եւ այդ ոլորտում գործող հասարակական, գիտական եւ այլ կազմակերպությունների համագործակցության աշխատանքները,
8) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրի նախագիծը, ինչպես նաեւ նախորդ տարվա տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը եւ տալիս առաջարկություններ, որոնք հանձնաժողովում քննարկվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն,
9) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց կամ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումները եւ միջնորդում է իրավասու պետական մարմիններին` դիմումին ընթացք տալու համար,
10) համագործակցում է պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, գիտական, միջազգային եւ այլ կազմակերպությունների հետ,
11) իրականացնում է աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 31. Հանձնաժողովի կազմավորման կարգը
1. Հանձնաժողովի կազմը եւ աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
2. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը եւ հավասար թվով ներկայացված` հաշմանդամության ոլորտում շահագրգիռ, պատասխանատու պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (համաձայնությամբ): Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաեւ Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ (համաձայնությամբ): Ազգային հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
3. Հանձնաժողովն ունի տարածքային մարմիններ` հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովներ:
4. Հանձնաժողովը եւ նրա տարածքային մարմինները գործում են հասարակական հիմունքներով:
Հոդված 32. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ռազմավարություն (համալիր ծրագիր)
1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ոլորտի պետական քաղաքականությունն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ռազմավարությամբ (այսուհետ` Ռազմավարություն) սահմանված ուղղություններով եւ ժամկետներում:
2. Ռազմավարությունը մշակվում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման բնագավառի բարեփոխումները համակարգված, նպատակային եւ արդյունավետ իրականացնելու նպատակով:
3. Ռազմավարությունը ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման, բժշկական, վերականգնման, առողջապահության, տրանսպորտի, հաղորդակցության, կրթության, զբաղվածության, մարդկային ռեսուրսների զարգացման, սոցիալական պաշտպանության եւ այլ բնագավառներում իրականացվող միջոցառումները եւ ծրագրերը:
4. Ռազմավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Ռազմավարությամբ նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները արտացոլվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրում:
6. Ռազմավարությունը մշակում է լիազորած մարմինը:
Հոդված 33. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիրը
1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ տարվող աշխատանքներն իրականացվում են Տարեկան ծրագրով սահմանված ժամկետներում:
2. Տարեկան ծրագրի նպատակն է հաշմանդամության ոլորտում տարբեր նախարարությունների, գերատեսչությունների եւ կազմակերպությունների կողմից իրականացվող բոլոր միջոցառումները ներկայացնել մեկ ընդհանրական փաստաթղթում` դրանց փոխհամաձայնեցված իրականացումը ապահովելու համար:
3. Տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում:
4. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է:
Հոդված 34. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության 2006թվականի կոնվենցիայի դրույթների իրագործման նկատմամբ մոնիթորինգի իրականացում
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության 2006թվականի կոնվենցիայի դրույթների իրագործման նկատմամբ մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը:
Հոդված 35. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար
Սույն oրենքի դրույթների խախտումն առաջացնում է oրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 36. Եզրափակիչ դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում (ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից) նշված ուղղություններով միջոցառումների իրականացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-57 օրենքը:
Իրավական ակտի հիմնավորումը
1. Անհրաժեշտությունը
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` օրենքի նախագիծ) հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակություն ներառելուն ուղղված քաղաքականությունը եւ օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին (այսուհետ` Կոնվենցիա), որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության ԱԺ կողմից եւ ուժի մեջ մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ից:
Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման գործընթացում պետական քաղաքականության հիմնական սկզբունքների, մոտեցումների եւ ուղղությունների ամրագրման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունած Հայաստանի Հանրապետության օրենքով, որով հիմնականում սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության սկզբունքները եւ մոտեցումները: Գործող օրենքում ամրագրված մոտեցումները չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին եւ մոտեցումներին:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը նույնպես լուրջ խոչնդոտ է հանդիսանում նրանց սոցիալական ներառման համար:
Ներկայումս հանրապետությունում հաշմանդամության սահմանման հիմքում դրված է անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանը. հաշմանդամ են ճանաչվում հիվանդության, վնասվածքների կամ խեղման հետեւանքով կենսագործունեության սահմանափակում ունեցող անձինք:
Չնայած նրան, որ Հայաստանում սկիզբ է առել եւ աստիճանաբար արմատավորվում է հաշմանդամների նկատմամբ մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված քաղաքականություն, այնուամենայնիվ, կենսագրոծունեության սահմանափակման հիման վրա հաշմանդամության սահմանումն առավելապես բխում է միայն բժշկական չափանիշներից, այսինքն, հիմնված է բժշկական մոդելի վրա:
Գործող օրենսդրության շրջանակներում չի իրականացվում անձի կարողությունների բազմակողմանի գնահատումը եւ հաշվի չեն առնվում շրջակա միջավայրի գործոնները:
Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել քաղաքականության սկզբունքներն ու ուղղությունները կառուցել հաշմանդամության սոցիալական մոդելի վրա, ինչը ենթադրում է հաշմանդամության դիտարկումը առողջական խնդիրներ ունեցող անհատի եւ սոցիալական ու ֆիզիկական միջավայրի փոխազդեցության համատեքստում:
Մարդու օրգանիզմի ֆունկցիաների կամ կառուցվածքային խանգարումները սահմանափակում են նրա գործունեությունն ու մասնակցությունը հասարակական կյանքին, եթե շրջակա միջավայրը կառուցելիս հաշվի չեն առնվել նրա կարիքները: Մինչդեռ, հավասար հնարավորությունների եւ մատչելի ֆիզիկական, մշակութային, վերաբերմունքային եւ այլ սոցիալական բարենպաստ գործոնների առկայությունը հնարավորինս նվազեցնում է այդ ռիսկը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հաշմանդամության բնագավառում քաղաքականությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն լիարժեք ներառմանը, նրանց համար հավասար պայմանների ապահովմանը, մատչելի միջավայրի, տրանսպորտային միջոցների, շենքերի եւ շինությունների, ինչպես նաեւ նրանց կրթության, զբաղվածության եւ տեղեկատվության մատչելիության ապահովմանը ու այլ հիմնախնդիրների կարգավորմանը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, նպատակները, հասկացությունները, սկզբունքները, պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, ոլորտի պետական կարգավորումը, վերականգնողական օգնության հիմնական ուղղությունները, ոլորտի աշխատանքների ծրագրային ապահովումը, աշխատանքների համակարգման մեխանիզմների ամրագրումը:
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման նպատակով օրենքի նախագծում սահմանված է դրույթ, որով կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձեւից, սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (քվոտա):
Օրենքի նախագծում սահմանված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ռազմավարության վերաբերյալ դրույթ:
Նոր սկզբունքների եւ ուղղությունների ամրագրումն ու ընդունումը պահանջում են նաեւ հիմնախնդիրների լուծման նոր միջոցներ, գործիքներ եւ եղանակներ: Ներկայումս գործող` հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարությունը որոշակիորեն տալիս է այս խնդրի լուծումը, սակայն սոցիալական պաշտպանությունից սոցիալական ներառման անցնելու քաղաքականությունը նոր խնդիրներ եւ պահանջներ է սահմանում: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովելու համար կարեւոր նախապայման է համալիր ռազմավարության առկայությունը` ներդաշնակ եւ կենտրոնացված քաղաքականություն իրականացնելու, համակարգային մեխանիզմներ ստեղծելու, տարբեր ոլորտներում (առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, քաղաքաշինություն, կրթություն, զբաղվածություն, մշակույթ եւ այլն) իրականացվող քաղաքականությունը, ծրագրերն ու միջոցառումները մեկ նպատակի ծառայեցնելու համար:
Օրենքի նախագծով սահմանվում է նաեւ դրույթ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի վերաբերյալ: Հանձնաժողովի նպատակներից են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման գործընթացի վրա համապատասխան իրավական ակտերի ներգործության աստիճանի եւ կիրառելիության ուսումնասիրությունը եւ վերլուծությունը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ռազմավարությունների, տարեկան ծրագրի, հաշվետվությունների եւ դրանց կատարումն ապահովող այլ փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը, հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման եւ դրանց իրականացման գործընթացի մոնիթորինգի իրականացումը: Միաժամանակ հայտնում ենք, որ օրենքի ընդունմամբ պայմանավորված իրավական ակտերը կընդունվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամյա ժամկետում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Օրենքի նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,
2. միջազգային փորձագետ` իրավագիտության դոկտոր Ջանեթ Լորդը, միջազգային փորձագետներ Ռոմաս Լազուտկան, Այլին Զեյցերը (ԱՄՆ ՄԶԳ) եւ Հանս Վրինդը (Համբուրգի ՍԱԼՈ միջազգային հոլդինգի տնօրեն):
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը անհրաժեշտ իրավական հիմքեր կստեղծի Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական ներառմանն ուղղված քաղաքականություն, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու համար: