Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
3.Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարվա հունվար ամսին Ազգային ժողով է ուղարկում եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է ընթացիկ տարվան նախորդող եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագիրը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
1. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի՝մինչեւ մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագիրը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող դրամավարկային քաղաքականության ծրագիրն Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում: Միաժամանակ չի սահմանվում նշված ծրագիրը Ազգային ժողովում քննարկելու որեւէ ժամկետ:
Ստացվում է այնպես, որ կենտրոնական բանկի ընթացիկ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրը Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվում է տվյալ տարվա առաջին կիսամյակի վերջում: Նման իրավիճակում տարեկան ծրագրի քննարկումը դառնում է անարդյունավետ եւ կրում ձեւական բնույթ:
2. Կարգավորման նպատակը
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նպատակը կայանում է կենտրոնական բանկի կողմից ներկայացվող ընթացիկ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրն Ազգային ժողովում քննարկելու ժամկետների հետ կապված անհեթեթ իրավիճակի վերացումը եւ ծրագրի քննարկումն առավել արդյունավետ եւ առարկայական դարձնելու անհրաժեշտությունից ելնելով, դրա քննարկման ժամկետը տեղափոխելու ընթացիկ տարվա առաջին եռամսյակ՝ այն հնարավորինս մոտեցնելով տվյալ տարվա պետական բյուջեի ընդունման ժամկետին: