Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-262-22.05.2013,29.08.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-142-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «տեղեկատվությունը.» բառերից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի, երբ օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների եւ փաստերի ընտրությունը, արտահայտման ձեւը հանդիսանում է ստեղծագործական աշխատանքի արդյունք.» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.1-րդ հոդվածով`

«Հոդված 22.1. Լրատվական նյութի օգտագործման պայմանները

1. Առանց հեղինակի համաձայնության եւ վարձատրության տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում իրականացվում է միայն նպատակն արդարացնող ծավալով: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի բուն լրատվական նյութը: Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի եւ լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը:

2. Տպագիր լրատվական միջոցներում, էլեկտրոնային կայքերում այլ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին: Էլեկտրոնային կայքում տպագիր լրատվական միջոցների լրատվական նյութերից քաղվածքներ վերարատադրելիս քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է: Էլեկտրոնային կայքերի լրատվական նյութներից քաղվածքներ մեջբերելիս էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաեւ քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի լատինատառ անվանման նշելը պարտադիր է:

3.Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի համաձայնության դեպքում: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են հեղինակային պայմանագրով:»

Հոդված 3. Օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել«: Սույն օրենքի 22.1-րդ կետի խախտման դեպքում վնասի հատուցումը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը.» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հեղինակային իրավունքների եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում ոչ միայն առավել մանրամասն սահմանել թերթերի, ամսագրերի հոդվածներից քաղվածքների օգտագործման կարգը, այլ նաեւ կարգավորում է ինտերնետային կայքէջերի հոդվածների օգտագործման կարգը: Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ բազմաթիվ լրատվական կայքերի առկայությունը հնարավորություն են տալիս ազատորեն վերարտադրել սկզբնաղբյուր հանդիսացող թերթերի տեղեկատվական, նույնիսկ վերլուծական հոդվածները տարբեր կայքերում: Ընդ որում հոդվածները շատ հաճախ վերարտադրվում են ամբողջությամբ, այլ ոչ թե նպատակը արդարացնող ծավալով, ինչպես դա նախատեսված է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, իսկ երբեմն էլ նույնիսկ չի նշվում հոդվածի սկզբնաղբյուրը: Այս խնդիրը առկա է նաեւ լրատվական կայքէջերի համար, քանի որ շատ հաճախ ամբողջությամբ վերարտադրվում են ոչ միայն թերթերի, այլ նաեւ սկզբնաղբյուր կայքէջերի տեղեկատվական, վերլուծական հոդվածները: Այս պարագայում ընթերցողին ամբողջ լրատվական դաշտում առկա տեղեկատվությանը ծանոթանալու համար բավարար է այցելել միայն մեկ կայքէջ, ինչի հետեւանքով աճում են միայն որոշակի կայքերի այցելությունների քանակը: Ստեղծված իրավիճակում մեծ վնաս է հասցվում հոդվածների սկզբնաղբյուրներին, քանի որ նրանց կողմից հրապարակված հոդվածները կորցնում են իրենց էքսկլուզիվությունը, էականորեն կրճատվում է թերթերի տպաքանակը, կայքէջերի այցելությունների քանակը: ՀՀ օրենսդրությամբ առկա ներկայիս կարգավորումը բավարար չէ հոդվածների սկզբնաղբյուրների իրավունքների եւ օրինական շահերի ամբողջական պաշտպանությունը ապահովելու համար, ուստի նախագծով առաջարկվող լուծումները որոշակի հստակություն կմտցնեն այս ոլորտի կարգավորման հարցում, կնպաստեն հեղինակային իրավունքեների առավել համապարփակ պաշտպանությանը: