Հոդված1. «Բաժնետիրական ընկերությունների» մասին Հայաստանի Հանրապետության 2001թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 66-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Ընկերության տարեկան, ինչպես նաեւ սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետով սահմանված դեպքում արտահերթ ժողովը կարող է գումարվել միայն ընկերության գտնվելու վայրի բնակավայրի վարչական տարածքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում: Ընկերության արտահերթ ժողովները, բառառությամբ սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետով նախատեսված դեպքի, որպես կանոն գումարվում են Ընկերության գտնվելու վայրի բնակավայրի վարչական տարածքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում: Ընկերության արտահերթ ժողովները, բառառությամբ սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետով նախատեսված դեպքի, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կարող են գումարվել, եթե ապահովվում է հեռակա կարգով քվեարկության իրականացումը»:
Հոդված 2. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության «ներկայությամբ կամ» բառերը փոխարինել «ներկայությամբ եւ (կամ)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վերստուգող հանձնաժողովի անդամ (վերստուգող) կարող է լինել Ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված եւ Ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց հետ փոխկապակցված անձ չհամարվող ցանկացած ֆիզիկական անձ:Սույն հոդվածի իմաստով կառավարման մարմիններում ընդգրկված անձանց հետ փոխկապակցված անձինք են համարվում նրանց ընտանիքի անդամները, այսինքն՝ հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինը եւ երեխաները»:
Հոդված 34. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բաժնետիրական ընկերությունների կողմից իրականացվող գործունեության առավել հստակ կարագավորման, բոլոր բաժնետերերի իրավունքների եւ օրինական շահերի իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածը սահմանում է, բաժնետիրական ընկերության ժողովի կարգավիճակը, ժողովի անցկացման հաճախականությունը, բայց միեւնույն ժամանակ չի կարգավորում այն հարցը, թե որտեղ պետք է գումարվի ընդհանուր ժողովը: Հարկ է նշել, որ ժողովի անցկացման վայրը չի սահմանում նաեւ Օրենքի 73-րդ հոդվածը, սահմանելով ժողովի նախապատրաստման կարգը, մանրամասն չի կարգավորում այն հարցը, թե մասնավորապես, որտեղ պետք է գումարվի ընկերության ժողովը: Այս հանգամանքը գործնականում առաջացնում է մի շարք խնդիրներ: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածը սահմանում է, որ ընկերության ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 50-ից ավելի տոկոսին: Միեւնույն ժամանակ կատարելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի վերլուծությունը, գալիս ենք այն եզրահանգման, որ ժողովում որոշումների մեծ մասը կայացվում են կաԲմ ժողովին մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, կաԲմ ժողովին մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ շատ հաճախ ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 51 տոկոսին տիրապետող բաժնետերերի ներկայությունը բավարար է ժողովում որոշումներ կայացնելու համար: Ինչպես արդեն նշվել է, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը չի սահմանում այն կոնկրետ վայր, որտեղ պետք է տեղի ունենա ընկերության ժողովը, ինչը հնարավորություն է տալիս ընկերության ժողովը գումարել ցանկացած վայրում, որտեղ ներկա են ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի մի մասը: Այս հանգամանքը շատ հաճախ չարաշահումների հիմք է տալիս, քանի որ ժողովը կազմակերպվում է այնպիսի վայրերում, որտեղ մյուս բաժնետերերը չունեն օբյեկտիվ հնարավորություն ներկա գտնվել, ինչի արդյունքում որոշումները կայացվում են առանց նրանց մասնակցության: Սրանով որոշակիորեն սահմանափակվում է բաժնետերերի` ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունքը: Այս պարագայում չարաշահումներից խուսափելու համար առավել նպատակահարմար է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում սահմանել, թե որն է հանդիսանում ընկերության ժողովի իրականացման վայրը՝ մասանավորապես նշելով. «Ընկերության տարեկան, ինչպես նաեւ սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետով սահմանված դեպքում արտահերթ ժողովը կարող է գումարվել միայն Ընկերության գտնվելու վայրի բնակավայրի վարչական տարածքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում: Ընկերության արտահերթ ժողովները, բառառությամբ սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետով դեպքի, որպես կանոն գումարվում են Ընկերության գտնվելու վայրի բնակավայրի վարչական տարածքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում: Ընկերության արտահերթ ժողովները բառառությամբ սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետով դեպքի, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կարող են գումարվել, եթե ապահովվում է հեռակա կարգով քվեարկության իրականացումը»:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ բաժնետիրական ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամ (վերստուգող) կարող է լինել ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված ցանկացած ֆիզիկական անձ: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ ընկերության վերստուգող հանձնաժողովը իրականացնում է ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը, հետեւում է կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում է ընկերության փաստաթղթերի համապատասխանությանը ՀՀ օրենքներին, այլ իրավական ակտերին, կանոնադրությանը: Հարկ է նշել, որ վերստուգող հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ընկերության ֆինանսական հաշվետվական համակարգը լինի ճշգիրտ եւ ներկայացնի ընկերության ֆինանսական գործունեության իրական պատկերը: Վերստուգող հանձնաժողովը մեծ դեր է խաղում նաեւ ընկերության ֆինանսական միջոցների սխալ տնօրինման, ընկերության տնօրենների խորհրդի, գլխավոր տնօրենի ու վարչության (տնօրինության) անդամների կողմից ժողովին կեղծ ֆինանսկան տեղեկությունների ներկայացան կանխման գործում: Հաշվի առնելով վերստուգող հանձնաժողովի վերոնշյալ գործառույթները՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածը սահմանում է, որ բաժնետիրական ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամ չեն կարող լինել ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձինք, այսինքն՝ վերստուգող հանձնաժողովի անդամ(վերստուգող) չեն կարող լինել ընկերության բաժնետերերը, տնօրենների խորհրդի կամ ընկերության գործադիր մարմնի անդամները: Վերոնշյալ դրույթը նպաստում է վերստուգող հանձնաժողովի առջեւ դրված խնդիրների իրականացմանը, սակայն այդ մարմնի գործունեության առավել արդյունավետության, թափանցիկության եւ օրինականության համար նպատակահարմար է սահմանել, որ վերստուգող հանձնաժողովի անդամ չեն կարող լինել ոչ միայն ընկերության կառավարման մամիններում ընդգրկված անձինք,այլ նաեւ բաժնետիրական ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց հետ փոխկապակցված անձինք (հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինը եւ երեխաները):
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի բաժնետիրական ընկերությունների գործունեության հստակ կարգավորմանը, նրանց կողմից բոլոր բաժնետերերի շահերի զուգակցման հաշվառմամբ քաղաքականության իրականացմանը, բաժնետիրական ընկերության վերստուգող հանձնաժողովի գործունեության արդյունավետության եւ օրինականության բարձրացմանը: