Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-321-03.09.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿՈՒՄ ԱՎԱՆԴԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ Հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների (այսուհետ՝ Ավանդներ) դիմաց փոխհատուցման տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Սույն օրենքի գործողությունը տարածվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ավանդատու (այսուհետ` Ավանդատու) հանդիսացող անձանց Ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման հարաբերությունների վրա:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը Ավանդների դիմաց փոխհատուցում ստացած անձանց Ավանդների փոխհատուցման տրամադրման հարաբերությունների վրա:

Հոդված 2. Խնայողությունների դիմաց փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խնայողական ավանդների դիմաց փոխհատուցման նոր կարգը (այսուհետ՝ Կարգ):

Հոդված 3. Կարգը մշակվում է ելնելով հետեւյալ հիմնական սկզբունքներից.

1)ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակականության ապահովումը 2014թ.-ից հետո

2) ավանդների փոխհատուցման գործընթացներում ավանդատու հանդիսացող բոլոր անձանց ընդգրկումը` փոխհատուցման առաջնահերթությունը տալով սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերում նշված անձանց

3) ավանդների մարման առաջին հերթում 60 տարին լրացած ավանդատուների ընդգրկումը

4) ավանդատու հանդիսացող զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամների, Հայրենական Մեծ Պատերազմի վետերանների, 1-ին կարգի հաշմանդամների եւ փախստականների համար ավանդների փոխհատուցման ժամկետային արտոնությունների սահմանումը

5) ավանդների փոխհատուցումը ընտանեկան նպաստ ստացող անձանց թվաքանակի կրճատմանն ուղղորդումը

6) ավանդատու հանդիսացող անձի մահվան դեպքում թաղման ծախսերը հոգալու նպատակով նրա ավանդի մասնակի փոխհատուցումը, իսկ ավանդի գումարի` վերը նշված ծախսերի գումարից փոքր լինելու դեպքում` ավանդի ամբողջությամբ փոխհատուցումը:

Հոդված 4. Փոխհատուցման տրամադրման մեխամիզմները, մեթոդիկան, փոխհատուցման ենթակա ընդհանուր գումարը, դրա մարման համամասնությունները, Ավանդների մարման սկզբնական ու վերջնական ժամկետները, փոխհատուցման հաջորդականությունը, առաջնայնությունները, արտոնությունները եւ ժամկետները` ըստ Ավանդատուների առանձին կատեգորիաների սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հոդված 5. Փոխհատուցման ենթակա գումարը համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսային մասում արտացոլվում է առանձին տողով` որպես պաշտպանված հոդված:

Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակներով այդ նպատակով տվյալ տարում նախատեսված հատկացումները պետք է համահունչ լինեն բյուջեի ծախսային մասի աճին եւ բազմապատկվեն նախորդ տարվա պետական բյուջեի ծախսային մասի նկատմամբ տվյալ տարվա պետական բյուջեի ծախսային մասի աճի գործակցով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿՈՒՄ ԱՎԱՆԴԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Օրենքի նախագիծն ուղղված է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդադրված խնայողական ավանդների փոխհատուցման օրենսդրական հիմքերի ապահովմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2013թ. ավարտվելու է 2006թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի Հավելված 8-ում սահմանված անապահով ընտանիքներում հաշվառված ավանդատուների ավանդների փոխհատուցումը, ինչպես նաեւ այն, որ 2014թ. համար սահմանվելու է մինչեւ 1993թ. հունիսի 10-ը նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդադրված խնայողական ավանդների փոխհատուցման նոր կարգ, անհրաժեշտություն է առաջանում այս խումբ հարաբերությունների կարգավորող օրենսդրական հիմքերի ստեղծումը, քանի որ գործող օրենսդրական եւ նորմատիվ իրավական ակտերը մասնակիորեն են լուծում ավանդների փոխհատուցման խնդիրները:

Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա ավանդների փոխհատուցման գործընթացներում ընդգրկել ավանդատու հանդիսացող բոլոր անձանց` միաժամանակ ապահովելով ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցների` ազատամարտիկների, 60 տարին լրացած ավանդատուների ավանդների փոխհատուցման ստացումը առաջնահերթության կարգով:

Օրենքի նախագիծը հնարավորություն կտա նաեւ ՀՀ պետական բյուջեի ծախսային մասի ավելացմանը զուգահեռ՝ մեծացնել ավանդների փոխհատուցմանը տարեկան հատկացվող գումարի չափը՝ նպաստելով ավանդների փոխհատուցման ժամկետների կրճատմանը: