Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-325-13.09.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 6.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 6.1. Զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական աջակցությունների տեսակները

Զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական աջակցությունների տեսականերն են՝

1) դրամական օգնությունը,

2) պարենային ապահովության փոխարեն դրամական փոխհատուցումը,

3) ՀՀ բոլոր բժշկական հաստատություններում հետազոտումը եւ բուժումը,

4) առողջարանական բուժումը,

5) բնակարանային ապահովությունը,

6) կոմունալ վճարումների փոխահատուցումները,

7) ուսման վարձերի զեղչումը,

8) մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցումը եւ այլն:»

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 6.2 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 6.2. Զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող դրամական օգնության չափը

Զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող դրամական օգնության նվազագույն շեմը սահմանել նվազագույն կենսապահովման զամբյուղին համարժեք (3-րդ կարգի հաշմանդամների համար):»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ եւ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մակարդակը հեռու է բավարար լինելուց: Այդ խնդրի լուծումն ունի ոչ միայն կենսական եւ սոցիալական, այլեւ բարոյական մեծ նշանակություն:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը համահունչ է նաեւ ՀՀ Կառավարության 2012-2017թթ. ծրագրում սահմանված բնակչության անապահով եւ սոցիալապես առավել խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների մատչելիության բարձրացման դրույթին:

Այս անձանց տրվող պետական աջակցությունը պետք է կայուն եւ շոշափելի լինի, որին հասնելու լավագույն եւ վստահելի լուծումը օրենքով սահմանված պետական համապատասխան պարտավորության ստանձնումն է: