Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-328-18.09.2013-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի /այսուհետ` Օրենք/` 28-րդ հոդվածի`

1. 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տաս տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:»:

2. 6-րդ մասի երրորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ. «Բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են սահմանել նաեւ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմ:»:

Հոդված 2. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 1-ից: 
  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտություն

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասի եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերը /այսուհետ` Օրենքների նախագծեր/ ներկայացնելու նախաձեռնությունը պայմանավորված է ՀՀ կրթական համակարգում գործող սկզբունքների եւ մեխանիզմների բարեփոխումների ընդլայնմամբ ու իրագործմամբ եւ վերջիններս ուղղված են` ուսանողների առաջադիմության խթանմանը եւ սոցիալական մի շարք խմբերի աջակցությանը:

««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասի եւ ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»» Օրենքների նախագծերի ընդունումը բխում է նաեւ ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 30-ի նիստի N 25 արձանագրային որոշման հավելված 1-ով հաստատված` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարություն»-ից, որի նպատակներից մեկն է` մեծացնել բարձրագույն կրթության ընդգրկվածությունը եւ ապահովել սոցիալական տարբեր խմբերի համար կրթության հավասար մատչելիությունը, միաժամանակ արդիականացնել եւ ներդնել բարձրագույն կրթության ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ։

Վերը նշված Օրեքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ  բուհերի կողմից սոցիալական միեւնույն խմբերի ուսանողների համար ոչ հավասար պայմանների եւ ոչ հավասար աջակցության իրականացմամբ:

Պետության կողմից ուսման վարձերի առավելագույն շեմի սահմանման անհրաժեշտությունը բխում է ներկա իրավիճակի անհրաժեշտություններից` մասնավորապես տարբեր բուհերում միեւնույն մասնագիտություններով ձեւավորված տարբեր ուսման վարձավճարներից:

Ներկայացված Օրենքների նախագծերի ընդունումը բխում է նաեւ ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի  N 800-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագրից»:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Պետության կողմից բարձր առաջադիմությամբ եւ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների ուսանողներին աջակցության նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 1-ից հաստատվել է ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի հմ. 1323 -Ն որոշումը` համաձայն որի` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած եւ  ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող  անապահովության սահմանային միավորից բարձր միավորները` սահմանվում է ուսման վարձի փոխհատուցում 50-100 տոկոսի չափով:

Սակայն միայն պետության կողմից աջակցության ծրագրերը, մի շարք իրավական ակտերի տեսքով նոր նախաձեռնությունները չեն կարող լիարժեք լուծել սոցիալական տարբեր խմբերի համար ուսումնառության ժամանակ ուսանողների առջեւ ուսման վարձերի պատճառով ծառացած խնդիրները` առանց բարձրագույն ուսումնական հաստատությունների աջակցության:

Հարկ է նշել, որ գործող «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի փոխատուցում  տրամադրվում է վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին, իսկ ներկայացված նախաձեռնությունը ենթադրում է աջակցության մի մեխանիզ, համաձայն որի բարձրագույն ուսումնական հաստատության վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 /յոթ/ տոկոսի չափով իրականացվում է ուսման վարձի մասնակի փոխհատուցում` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը:

Պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության ծրագրերի հետ մեկտեղ, բուհերը իրենց հերթին որոշակի ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ուսանողներին` վարձի մասնակի փոխհատուցում /զեղչեր/ 10-70 տոկոսի չափով: Սակայն տարբեր բուհերի կողմից միեւնույն կարգավիճակում գտնվող ուսանողներին տրամադրվում է տարբեր չափերի ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Հետեւաբար բուհերի կողմից սոցիալական տարբեր խմբերի ուսանողներին աջակցությունը իրականացվում է տարբեր ձեւաչափով եւ ոչ լիարժեք է ծառայում իր նպատակին: Մասնավորապես  բուհերի կողմից միեւնույն կարգավիճակում գտնվող ուսանողներին տրամադրվում է տարբեր չափերի ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Արդյունքում ստացվում է սոցիալական միեւնույն խմբերի ուսանողների համար ոչ հավասար պայմաններ եւ ոչ հավասար աջակցության մեխանիզմներ:

Գործող համակարգի կարեւոր հիմնախնդիրներից մեկն էլ այն է, որ ուսանողների ֆինանսական աջակցության ծրագրերը պետք է ուղղորդված լինեն ոչ միայն պետական, այլ նաեւ մասնավոր աջակցությամբ:

Ներկա իրավիճակը այսօր պարտավորեցնում է նաեւ պետության կողմից սահմանել ուսման վարձերի առավելագույն շեմեր, որի բացակայության պատճառով տարբեր բուհերում միեւնույն մասնագիտություններով գործում են եւ տարբեր չափերի ուսման վարձավճարներ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից որդեգրած ռազմավարության շրջանակներում նախատեսվում է փոխել ուսանողների ֆինանսական աջակցության գործող համակարգի գաղափարախոսությունը` այն է առաջադիմության վրա հիմնված բարձրագույն կրթության առաջարկի կողմի ֆինանսավորման ձեւին զուգահեռ աստիճանաբար ներդնել բարձրագույն կրթության պահանջարկի ֆինանսավորման ձեւը` առավել հասցեական եւ արդյունավետ դարձնելով ուսանողների ֆինանսական աջակցության պետական ծրագրերը:

Ներկայումս պետությունը ներդրել է անապահով ընտանիքների ուսանողների ֆինանսական աջակցության ծրագիր` հիմք ընդունելով վերջիններիս անապահովության սահմանային միավորը եւ բարձր առաջադիմությունը, որը ուժի մեջ է մտնում 2013 թվականի սեպտեմբերի 1-ից: /Հիմք` ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի հմ. 1323 -Ն որոշում/, վերջինիս միջոցով ապահովվելով կրթության մատչելիությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:

Հարկ է նշել, որ ներկայացված Օրենքների նախագծերի ընդունումը ենթադրում է նաեւ ներդնել բուհերի կողմից բարձրագույն կրթության աջակցության հստակ մեխանիզմ` սոցիալական տարբեր խմբերի ուսանողների համար` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն Օրենքների նախագծերի ընդունման դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետության հասարակության սոցիալական տարբեր խմբերի համար բարձր առաջադիմության հենքի վրա կրթության մատչելիությունը, ինչպես նաեւ կկարգավորի տարբեր բուհերի կողմից ձեւավորվող ուսման վարձերի առավելագույն շեմերը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված գերատեսչությունները ինստիտուտներն ու անձինք

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ:

6. Ակնկալվող արդյունքը

ՈՒսանողների ուսման առաջադիմության բարձրացում, սոցիալական տարբերի խմբերի համար կրթության մատչելիության ապահովվում, ֆինանսական նոր մեխանիզմների ներդրում եւ ձեւավորվող ուսման վարձերի առավելագույն շեմերի հստակեցում: