Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է պետական պատվեր՝ ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների, սահմանամերձ, ինչպես նաեւ բարձրլեռնային բնակավայրերի:
Բարձրագույն ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին ըստ առաջադիմության փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած՝ մասնագիտություններին հատկացված տեղերի քանակի:
Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած վճարովի ընդհանուր տեղերի սահմանում բուհերի առաջարկների հիման վրա, ըստ բուհերի եւ մասնագիտությունների, հաստատում է վճարովի ուսուցման տեղերը:
Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:
Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների:
Բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության սահմանում են նաեւ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ:»:
Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածի 10-րդ մասում «2012-2013» բառերը փոխարինել «2016-2017» բառերով:
Հոդված 3. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված դրույթները տարածվում են 2015 թվականին եւ դրանից հետո ընդունված ուսանողների վրա: