Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Ձկնաբուծական եւ խեցգետնաբուծական գործունեություն իրականացնող վճարողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնում են.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի եւ Արմավիրի մարզերում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 10 տոկոսի հիման վրա,
2.Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված` ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա:»:
Հոդված 2 . Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն ջրօգտագործման թույլտվություն չունենալու (այդ թվում` ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները կամ ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մասին տվյալները չնշվելու) դեպքում, որպես դրույքաչափ, կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`
ա. տասնապատիկը` Հայաստանի Հանրապետության Արարատի եւ Արմավիրի մարզերում,
բ. հնգապատիկը` Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
Անհրաժեշտությունը
«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը բխում է ՀՀ վարչապետի 2011թ. (N գաղտնի) Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հանձնարարականի պահանջներից:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Արարատյան ջրավազանում բավարար չկանոնակարգված ջրօգտագործման արդյունքում ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, որը փոխելու կամ բարելավելու համար առաջարկվում է համապատասխան միջոցառումների կամ քայլերի իրականացում, այդ թվում` Արարատյան ջրավազանում ջրօգտագործման ծավալները կտրուկ նվազեցնելու նպատակով, առաջարկվում է օգտագործել գործող տնտեսական մեխանիզմները (բնօգտագործման վճարները)` ուժեղացնելով դրանց կարգավորիչ դերը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն
Ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում իրականացվող քաղաքականության հիմնադրույթներն ամրագրված են «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքում, որով այն ընդհանրական տեսքով սահմաված է որպես «ներկայում եւ ապագայում մարդու բարեկեցության, հանրապետության uոցիալ-տնտեuական համակարգի զարգացման, տնտեuական եւ էկոլոգիական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի, ռեժիմի եւ որակի ջրային ռեuուրuների մատչելիության ապահովում»:
Կարգավորման նպատակը եւ բնույթը
«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է մայր օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունները`
1) վերանայվում է «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասինե ՀՀ օրենքով սահմանված ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի հաշվարկման գործող կարգը, երբ ջրօգտագործման ամբողջ ծավալի փոխարեն բնօգտագործման վճարի հաշվարկման հիմքում դրված էր օգտագործված ջրի ծավալի միայն 5 %-ը: Օրենքի ներկայացվող նախագծով Հայաստանի Հանրապետության Արարատի եւ Արմավիրի մարզերում բնօգտագործման վճարի հաշվարկման հիմքում դրվող խնդրո առարկա հաշվարկային ծավալը բարձրացվել եւ սահմանվել է արդյունահանված ստորերկրյա ջրերի պաշարի ընդհանուր ծավալի 50 %-ի չափով,
2) ապօրինի ջրօգտագործման ծավալները զգալի չափով նվազեցնելու նպատակով «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասինե ՀՀ օրենքով 0-ական չափաքանակների (սահմանափակումների) կամ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն ջրօգտագործման թույլտվություն չունենալու դեպքում սահմանված բնօգտագործման վճարի գործող դրույքաչափերը բարձրացվել են` եռապատիկ դրույքաչափի փոխարեն Օրենքի նախագծով նախատեսվել է`
ա. տասնապատիկը` Հայաստանի Հանրապետության Արարատի եւ Արմավիրի մարզերի,
բ. հնգապատիկը` ՀՀ մյուս տարածքների համար:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծի մշակման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի եւ մոնիթորինգի վարչությունը համագործակցել է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ:
Ակնկալվող արդյունքը
Արարատյան ջրավազանում կստեղծվի ջրային ռեսուրսների օգտագործման բնապահպանական տեսանկյունից ավելի կանոնակարգված եւ հավասարակշռված իրավիճակ, որտեղ տնտեսական օգուտները կգնահատվեն համադրվելով բնապահպանական իրական վնասների հետ, որոնց ենթարկվում է այսօր Արարատյան ջրավազանը: Բնապահպանական բարդ իրավիճակը Արարատյան ջրավազանում ջրօգտագործման ծավալների նվազեցման կամ աճի դադարեցման հետեւանքով կբարելավվի, որով կապահովվի ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը: