Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-335-23.09.2013-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի`

1. 81 -րդ եւ 9-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«81 ) արհեuտագործական ուuումնարան` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր.

9) քոլեջ` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է միջին մաuնագիտական կրթական ծրագիր».

2. 20-րդ եւ 21-րդ կետերից հանել «(լրիվ) ընդհանուր» բառերը։

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Նախնական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքով։»:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական ատեստավորում անցած շրջանավարտներին շնորհվում է մասնագետի որակավորում:»:

Հոդված 4. Օրենքի 24 հոդվածի 6-րդ մասը «հանրակրթական» բառից հետո լրացնել, «, նախնական (արհեստագործական)» բառով:

Հոդված 5. Անցումային դրույթներ.

Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքների նախագծերը ներկայացնելու նախաձեռնությունը պայմանավորված է կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների եւ իրավական դաշտի ներդաշնակեցման նպատակով, որը կարող է նպաստել նախնական, միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթության յուրաքանչյուր մակարդակում սահմանված ուսումնառության արդյունքի նպատակային օգտագործմանը եւ դրանով՝ աշխատաշուկայի մրցունակության բարձրացմանը։

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաեւ 2011 թվականի հուլիսի 19-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-246 օրենքի ռազմավարական մոտեցումներից եւ գերակայություններից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենսդրական նախաձեռնության միջոցով խնդիր է բարձրացնել մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգում բոլորի համար հավասար կրթության մատչելությունը, մասնագիտական կրթության մեջ ներդրվող միջոցների արդարացվածությունը՝ աշխատաշուկայում արտահայտվածության տեսանկյունից եւ գործադիր կառավարման արդյունավետ գործունեության երաշխիքների ստեղծմանը։ Թվարկված բոլոր խնդրների կարգավորման անհրաժեշտությունը բխում է միջազգային պայմանագրերից եւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից։

1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում նախատեսվում է վերանայել «քոլեջ» եւ «արհեստագործական ուսումնարան» սահմանումները, որը հնարավորություն է տալիս նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շարքում ընդգրկել նաեւ բուհերի կազմում գործող առանձին ստորաբաժանումները, որոնք չեն հանդիսանում իրավաբանական անձ, սակայն իրականացնում են համապատասխան կրթական ծրագիր եւ երբեմն առաջացնում են հակասություններ՝ այս կամ այն գործընթացը դրանցում ներդնելու եւ այլ դեպքում։

2. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ եւ 12-րդ հոդվածներում կատարվող լրացումներով նախնական եւ միջին մասնագիտական կրթության մակարդակներում ամրապնդվում է ներառական կրթության կազմակերպման ձեւը` հնարավորություն ընձեռելով կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց օգտվելու մասնագիտական կրթություն ստանալու իրենց իրավունքից։

3. Օրենսդրական նախաձեռնության փաթեթի հիմքում վերանայվում է մասնագիտական կրթության համակարգ ընդունելության, այսինքն՝ մուտքը կրթական ծրագիր, շարունակությունը, ելքը եւ հաջորդականությունը։

Ներկայիս գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն, ՀՀ կառավարության սահմանած կարգով կրթությունը շարունակել բուհերում` երկրորդ կամ երրորդ կուրսից:

Համաձայն օրենսդրության՝ նախնական եւ միջին մասնագիտական կրթության համակարգ կարող են ընդունվել նաեւ հիմնական կրթության հիմքով, այսինքն՝ 9-ամյա կրթություն ունեցող քաղաքացիները։ Վերջիններիս ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` հիմնական կրթության վկայականի գնահատականների հաշվառմամբ, իսկ հետագայում ամբողջությամբ չեն ուսումնառում ավագ դպրոցի ծրագիրը։ Դիտարկումները ցույց են տվել, որ նշված համակարգ ընդունվածների մեծ մասը ի սկզբանե միտված է կրթությունը բուհում շարունակելու։ Այսինքն՝ ավագ դպրոցում կրթություն ստանալու փոխարեն, հեշտությամբ ընդունվում է ուսումնարան կամ քոլեջ, եւ 3-4 տարի սովորելուց հետո բուհ` ընդհանուր հիմունքներով։ Այս իրողությունը առաջ է բերում ընդունելության անհավասար պայմաններ եւ կոռուպցիոն ռիսկեր։ Սակայն առավել մտահոգիչ է նախնական եւ միջին մասնագիտական կրթության համար ներդրվող պետական միջոցների ոչ նպատակային օգտագործումը: Հիմք ընդունելով բանվորական աշխատուժի եւ սպասարկող մասնագետների նկատմամբ աշխատաշուկայի պահանջարկը՝ ներկայիս կրթական քաղաքականությունը միտված է նախնական եւ միջին մասնագիտական կրթության պետական պատվերի տեղերի ավելացմանը։ Այսինքն՝ այդ մակարդակներում կրթությունը հիմնականում փոխհատուցվում է պետական միջոցների հաշվին՝ ակնկալելով տնտեսական արդյունավետություն։ Մինչդեռ սպասված մասնագետները «հոսում են» դեպի բուհ, ոչ թե աշխատաշուկա։

4. Օրենսդրական նախաձեռնության փաթեթով առաջարկվում է կատարելագործել նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման որակն ու արդյունավետությունը։ Համաձայն առաջարկվող օրենսդրական լրացման՝ նախատեսվում է ներդնել տնօրենների պարտադիր վերապատրաստման եւ հավաստագրման համակարգը, որը կիրառվել է հանրակրթության ոլորտում եւ տվել դրական արդյունք։

Նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագրման պարտադիր պահանջը բնականոն ներդնելու համար օրինագծում սահմանվել է անցումային փուլ, համաձայն որի օրենքի նախագծի 6-րդ հոդվածով սահմանված 18.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ընտրված արհետագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ՝ մինչեւ օրենքով սահմանված նրանց լիազորությունների ժամկետի ավարտը։ Իսկ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենները մինչեւ 2014 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են, ստանում Հավաստագիր եւ մասնակցում տնօրենի ընտրության մրցույթին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի։ Ոչ պետական ուսումնական հաստատությունների կամ բուհական առանձնացված ստորաբաժանումների դեպքում՝ նույն հիմքով կատարվում է նշանակում՝ իրենց կանոնադրությամբ սահմանված կարգի։ Համապատասխան Հավաստագիր չստացած կամ մրցույթում չհաղթած տնօրենի լիազորությունները դադարեցվում են։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենսդրական նախաձեռնությամբ՝ նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր կառույցները իրավաբանորեն ընդգրկվում են միասնական դաշտում։

Ներառական կրթության սկզբունքը Հայաստանում նախատեսվում է ներդնել ամբողջական իմաստով եւ համընդհանուր ընդգրկումով։ Կրթության մեջ եւ կրթության միջոցով հանրային կյանքի մյուս ոլորտներ՝ տարբեր դժվարություններ ունեցող անձանց ներառելու խնդիրը պետությունը կարգավորելու է կրթության եւ ուսուցման, անհատականացված աշխատանքի եւ համագործակցության միջոցով։ Արհեստագործությունը եւ սպասարկման ոլորտները այն աշխատանքային միջավայր են, որտեղ կարող են դրսեւորվել առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք եւ ապահովել իրենց տնտեսական ինքնուրույնությունը։

Նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտին բուհում (երկրորդ կամ երրորդ կուրսում) կրթությունը շարունակելու սահմանափակումը կխթանի նախնական եւ միջին մասնագիտական մասանգիտացված կադրերի հոսքը դեպի աշխատաշուկա եւ կստեղծի հնարավորինս հավասար պայմաններ բուհ ընդունվողների համար:

Օրենսդրական նախաձեռնությունը հնարավորություն է տալիս սահմանել եւ պարտադիր վերապատրաստումների միջոցով ուսումնարանների եւ քոլեջների տնօրենի հավակնորդներին հնարավորություն տալ հասնել ուսումնական հաստատությունը կառավարելու նվազագույն պահանջներին։ Ակադեմիական ազատության եւ ինքնակառավարման իրավունքի պայմաններում՝ շատ հաճախ գործադիր օղակը դժվարանում է արձագանքել կամ ինքնուրույն հաղթահարել աշխատաշուկայի արագ փոփոխություններին։ Մինչդեռ մասնագիտական կրթությունը համարվում է ճկուն եւ արագ արձագանքման համակարգ, որի համար կառավարման հմտությունների կատարելագործումը անհրաժեշտություն է։