Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-966-10.05.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 1-ին մասը «ի հայտ են եկել» բառերից հետո լրացնել «նոր հանգամանքներ կամ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «բացարկների,» բառը:

Հոդված 3. Օրենսգրքի 349-րդ հոդվածը «եթե» բառից հետո լրացնել «տվյալ փաստաթուղթը հրապարակելու համար դատավարության մասնակիցներից մեկը միջնորդում է եւ» բառերով, ինչպես նաեւ նույն հոդվածը «հանգամանքներ» բառից հետո լրացնել «Քրեական գործի նյութերում առկա եւ չհրապարակված փաստաթղթերը համարվում են դատաքննության ժամանակ հետազոտված:» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի համաձայն.

«Հոդված 309.1. Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները

1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, եւ եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդես գալ մինչեւ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը՝ անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ:

Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը ձեռք բերված նյութերի հետ ներկայացնում է դատարան:

3. Մեղադրողը կարող է մինչեւ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաեւ՝ խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է:

4. Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին դատարանը նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամանակ է տրամադրում նրանց միջնորդության դեպքում, իսկ ամբաստանյալին եւ նրա պաշտպանին՝ անկախ միջնորդությունից:

5. Եթե դատաքննության ընթացքում պարզվում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ, իսկ մեղադրողը խստացնելու առումով արարքը վերաորակելու որոշում չի կայացնում կամ վերաորակելու համար դատական նիստը հետաձգելու միջնորդություն չի ներկայացնում, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մինչեւ 10 օր ժամկետով հետաձգում է դատական նիստը՝ առաջարկելով գլխավոր դատախազին կամ տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը:

Մեղադրական եզրակացությունը վերահաստատելուց հետո դատարանը, մեղադրական եզրակացությանը համապատասխան, կայացնում է դատական ակտ:

6. Եթե արարքը վերաորակելու արդյունքում փոխվում է քրեական գործի ընդդատությունը, ապա այդ հարցը լուծվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը կարգավորում է, թե որն է «նոր հանգամանք» հասկացությունը, որի մեջ ներառված են.

«1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

2.1) Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ տվյալ գործով արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտման համար.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված այլ նոր հանգամանքների դեպքերում:»:

Վերը նշված քրեական դատավարության հոդվածների համակարգային վերլուծությունից հետեւում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 1-ին մասում օգտագործած «այնպիսի հանգամանքներ» եզրույթը մեկնաբանելիս պետք է առաջնահերթություն տալ նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակին՝ ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, այսինքն՝ «հանգամանք» եզրույթն օգտագործելիս օրենսդիրը նկատի է ունեցել նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված «նոր հանգամանք» հասկացությունը:

Սակայն դատական պրակտիկան ցույց է տալիս, որ դատարանները սխալ են մեկնաբանում վերը նշված օրենքի պահանջը, տալով դրան նեղ մեկնաբանություն, առանց հաշվի առնելու օրենսդրի նպատակը, ուստի եւ առաջարկում ենք՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 1-ին մասը՝ «Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել» բառերից հետո լրացնել «նոր հանգամանքներ կամ» բառերով՝ բացառելու համար կիրառող մարմնի կողմից վերը նշված հոդվածի սխալ մեկնաբանումը:

Ինչ վերաբերվում է Նախագծի կիրառմանը, ապա այն չի հանդիսանում դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաեւ նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող, քանի որ այն սահմանում է բացառապես դատախազի լիազորությունները, առավել եւս, որ դրանք նախատեսված են եղել քրեական դատավարության օրենսգրքում, հետեւաբար այն կարող է կիրառվել եւ՛ օրենքի ընդունումից հետո սկսված վարույթներով, եւ՛ մինչեւ օրենքի ընդունումն սկսած վարույթներով:

Եվրոպական դատարանը, անդրադառնալով օրենքի հետադարձ ուժ տալու ինստիտուտին, հստակ արձանագրել է, որ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերյալ կիրառելի չէ վերը նշված արգելքը՝ tempus regit actum (օրենքի գործողության ժամկետը) կանոնից ելնելով:

Տես՝ Սկոպպոլա ընդդեմ Իտալիա գործը կետ 110, Բոստի ընդդեմ Իտալիա գործը կետ 55 (վկաների ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու վերաբերյալ), Մորաբո ընդդեմ Իտալիա գործը.

Նախագծով առաջարկում ենք, որ դատավորի՝ իրեն հայտնած բացարկի հարցը լուծելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը պարտադիր չլինի: Նման կարգավորումները պայմանավորված են դատավարության մասնակիցների կողմից անհիմն ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնելով՝ նպատակ ունենալով ձգձգելու դատական նիստերը:

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 349-րդ հոդվածը լրացում կատարել, որի արդյունքում այն կունենա հետեւյալ խմբագրությունը.

«Նախաքննության ժամանակ գործին կցված կամ դատական նիստում դատարանին ներկայացված փաստաթղթերը հրապարակվում են, եթե տվյալ փաստաթուղթը հրապարակելու համար միջնորդում է դատավարության մասնակիցներից մեկը եւ դրանցում արտացոլված կամ հաստատված են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ:»:

Նախագիծը պայմանավորված է նրանով, որ դատական նիստի ժամանակ դատարանը ստիպված է լինում հրապարակել բազմաթիվ փաստաթղթեր, որոնց եւ՛ կողմերը եւ՛ դատարանը ծանոթ են, սակայն վերը նշված հոդվածի համաձայն դատարանները ստիպված բավական մեծ ժամանակ են անտեղի ծախսում՝ այդ փաստաթղթերը հրապարակելով:

2. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում, եթե մեղադրողը գտնի, որ դատարանում դատական քննության ընթացքում առկա է նոր հանգամանք, վերջինս առաջադրված մեղադրանքը խստացնելու կամ մեղմացնելու առումով իրավունք կունենա լրացնել կամ փոփոխել:

Դատական նիստերն չեն ձգձգվի՝ պայմանավորված անհիմն ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնելով, ինչպես նաեւ գործի նյութերը հրապարակելով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Գրություն