Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-337-26.09.2013-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԾԽԱԽՈՏԻ ԻՐԱՑՄԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-72-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Ծխախոտային արտադրատեսակների իրացման սահմանափակումները

1. Ծխախոտային արտադրատեսակների իրացումը կազմակերպելիս անհրաժեշտ է՝

1) խուսափել ծխախոտային արտադրատեսակի կեղծ, մոլորեցնող բնութագրի, առողջության վրա ծխախոտի ազդեցության, վտանգների կամ արտազատվող նյութերի մասին ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու միջոցով (ներառյալ՝ նկարագրությունը, առեւտրային պիտակը, խորհրդանիշը կամ այլ նշաններ, արտադրատեսակի պակաս վնասակարությունը եւ այլն) ծխախոտային արտադրատեսակի վաճառքից.

2) արգելել ծխախոտային արտադրատեսակը որպես այլ ապրանքատեսակների վաճառքի խթանման միջոց կամ այլ շահադրդման ձեւ առաջարկելը.

3) չնշել ծխախոտային արտադրատեսակների անվանումներն ու ապրանքային նշանները մարզական հանդերձանքի եւ գույքի, խաղալիքների, տիկնիկների, մրցավազքային մեքենաների մանրակերտների, տեսաշարային, ձայնային եւ տեսաձայնաշարային խաղերի, քաղցրավենիքի կամ նմանատիպ այլ առարկաների վրա.

4) արգելել ծխախոտային բոլոր արտադրատեսակների կամ դրանց նմուշների անվճար տարածումը քարոզչության նպատակով.

5) արգելել ծխախոտային ցանկացած արտադրատեսակի անվանումը կամ ապրանքային նշանը կրող ապրանքների (կարճաթեւ վերնաշապիկներ, գլխարկներ, մարզական վերնաշապիկներ, արեւապաշտպանիչ հովարներ, ուսապարկեր, արեւային ակնոցներ, գրենական պիտույքներ, որոնք կրելիս կամ գործածելիս աչքի են զարնում եւ տեսանելի են դիմացինին) տարածումը, վաճառքը կամ որպես պարգեւատրում (մրցանակ) առաջարկելը։

Սույն դրույթը չի արգելում ծխախոտային արտադրատեսակների անվանումների եւ ապրանքային նշանի զետեղումը ծխելու հետ առնչվող այնպիսի պիտույքների վրա, ինչպիսիք են հրահաններն ու մոխրամանները։

Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների հովանավորությունը միջազգային իրադարձությունների, միջոցառումների ժամանակ կամ դրանց մասնակիցների շրջանում։

2. Ծխախոտային ցանկացած ապրանքատեսակ ներառում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) հաստատած նախազգուշացում` մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ:

3. Ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է`

1) 18 տարին չլրացած անձանց.

2) 18 տարին չլրացած անձանց կողմից.

3) բաց տուփերով կամ հատով.

4) առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վայրերի, որտեղ անչափահասների մուտքն արգելվում է.

5) առողջապահական, կրթական, մանկական, դաստիարակչական հաստատություններում, մարզական դահլիճներում, համալիրներում, մարզադաշտերում եւ առողջարաններում.

6) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ակցիզային դրոշմանիշի.

7) եթե ծխախոտի արտադրանքի տուփի վրա չի նշված քանակը (համապատասխանաբար՝ հատերով կամ գրամներով).

8) եթե տուփի վրա փակցված չէ ծխախոտում թունավոր բաղադրիչների պարունակության ծավալը (նիկոտին, խեժ), կամ դրանց պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանաչափը.

9) եթե տուփի վրա զետեղված չէ ծխելու վնասակարության մասին լիազորված մարմնի հաստատած նախազգուշացումը.

10) եթե ապրանքային նշանը կեղծված է, կամ ապրանքների արտադրությունը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

4. Ծխախոտի վաճառքի բոլոր կետերում` դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից տարածքներում, տեսանելի մասում պարտադիր փակցվում են հետեւյալ նախազգուշացումները.

1) 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում.

2) լիազորված մարմնի զգուշացումները` մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ:

5. Ծխախոտային արտադրատեսակների իրացմամբ զբաղվող բոլոր անձինք ծխախոտային արտադրատեսակների վաճառքն իրականացնելիս 18 տարեկանից ցածր արտաքին տեսք ունեցող քաղաքացիներին պարտավոր են ծխախոտ չվաճառել։

Եթե գնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, վարորդական իրավունքի կամ զինվորական ծառայության վկայական), ապա միայն այդ դեպքում ծխախոտային արտադրատեսակի իրացմամբ զբաղվողը կարող է կատարել ծխախոտի վաճառք։»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ֆիլմերի եւ պատրաստվող հեռուստահաղորդումների Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակման ժամանակ արգելվում է ծխախոտի օգտագործման պրոցեսի ցուցադրումը»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ,Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

««Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ,Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ծխելու բարձր տարածվածությամբ պայմանավորված առողջական, սոցիալական, բնապահպանական եւ տնտեսական հետեւանքները կանխելու անհրաժեշտությամբ:

Հայտնի է, որ ծխախոտի օգտագործումը մահվան կանխարգելելի պատճառների շարքում առաջինն է: Այն նպաստում է սրտանոթային, շնչառական հիվանդությունների, քաղցկեղի (առավելապես` թոքի քաղցկեղի) եւ մի շարք այլ քրոնիկ հիվանդությունների զարգացմանը, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված հաշմանդամության եւ մահացության թվի աճին:

Հայաստանում հատկապես մտահոգիչ է ծխելու տարածվածությունը տղամարդկանց շրջանում, որն ըստ վիճակագրական տվյալների, 2010 թ. կազմել է 63.0%: Այս ցուցանիշը զգալիորեն բարձր է տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ (օր` Մոլդովա` 51.0%, Ուկրաինա` 52.0%): Մեր երկրում կանանց շրջանում ծխելու տարածվածությունը կազմում է մոտ 2.0%, սակայն առկա են դրա տարածվածությանը նպաստող միտումներ:

Բազմաթիվ երկրներ ընդունել են հակածխախոտային օրենսդրություն, որը տարբեր արգելքներ եւ պատժամիջոցներ է նախատեսում ծխախոտի գովազդի եւ հանրային վայրերում ծխելու համար: Մեր երկրում գործող «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքն ընդգրկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» հիմնական դրույթները, սակայն ծխելու ցուցանիշները Հայաստանում շարունակում են մնալ բարձր:

Միջազգային փորձը փաստում է, որ հեռուստաեթերով ծխախոտի օգտագործման ցուցադրումն անուղղակիորեն գովազդում է ծխախոտային արտադրատեսակները եւ նպաստում ծխելու տարածվածությանը: Այդ առումով, հատկապես խոցելի են դեռահասները: Հաշվի առնելով Հայաստանում ծխախոտի օգտագործման բարձր ցուցանիշները՝ առաջարկում ենք կատարել լրացում «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ֆիլմերի եւ պատրաստվող հեռուստահաղորդումների ՀՀ տարածքում հեռարձակման ժամանակ կարգելվի ծխախոտի օգտագործման պրոցեսի ցուցադրումը, ինչպես նաեւ սահմանել պատժամիջոցներ այդ դրույթի խախտման համար` կատարելով լրացումներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածների վերնագրերը համընկնում են: Ըստ բովանդակության, օրենքի 7-րդ հոդվածում սահմանված են ծխախոտի իրացման, իսկ 8-րդ հոդվածում՝ ծխախոտի վաճառքին վերաբերող դրույթներ: Հաշվի առնելով այն, որ «վաճառքը» հանդիսանում է «իրացման» տեսակ, եւ այն, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում նշված է, որ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի նրա բովանդակությանը, առաջարկում ենք օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածները վերախմբագրել միասնական հոդվածի տեսքով: