Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 29.1-ին հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 29.1. Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ եւ այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Մինչեւ գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա կարող է արգելանք դրվել: Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը դրվում է հարկային մարմնի կողմից` սույն օրենքի 30.2 հոդվածով սահմանված դեպքերում եւ կարգով, իսկ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով` «Վարչարարության հիմունքերի եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված դեպքերում եւ կարգով:
Պարտավոր անձի կողմից գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքերի եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:
Գանձման ընթացքում պարտավոր անձի կողմից հարկային պարտավորությունները մարելու դեպքում գումարը գանձելու մասին որոշումը ուժը կորցրած է ճանաչվում եւ գանձումը դադարեցվում է:»:
Եթե մինչեւ «Վարչարարության հիմունքերի եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 10 օրյա ժամկետը լրանալը պարտավոր անձը մարում է պարտավորության ոչ պակաս, քան քսան տոկոսը եւ ներկայացնում է բավարար հիմքեր այն մասին, որ գույքի վրա արգելանք դնելու եւ պարտավորությունը ըստ ժամանակացույցի չմարելու դեպքում ակնհայտորեն կվտանգվի իր գործունեությունը, ապա տեղական ինքնակառավարման մարմինը` «Վարչարարության հիմունքերի եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասով արգելանք կիրառելու համար սահմանված հիմքերի բացակայության դեպքում պարտավոր անձի հետ կնքում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց, որի տեւողությունը կարող է սահմանվել 2 ամսից մինչեւ 6 ամիս ժամկետով: Պարտավորության մարման ժամանակացույց կնքելու դեպքում պարտավոր անձի գույքի վրա արգելանք չի դրվում:
Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց կարող են կնքել նաեւ պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելուց հետո` սույն հոդվածի հինգերորդ պարբերությանը համապատասխան: Գույքի վրա արգելանք դնելուց հետո պարտավորության մարման ժամանակացույց կնքելու դեպքում արգելանք դնելու մասին որոշումը ճանաչվում է ուժը կորցրած:
Պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր վճարման ժամկետն ավելի քան 10 օրով խախտելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը դադարեցնում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը: Պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը դադարեցնելու վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինը ընդունում է վարչական ակտ, որի մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում է պարտավոր անձին: Այդ վարչական ակտն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու օրվանից 30 օր հետո` պարտավոր անձից գումարը գանձելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի եւ պարտավոր անձից գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքերի եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 2 . Օրենքի 30-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենքի 30.2 հոդվածում`
1) 2-րդ պարբերությունում «կազմելու դեպքում» բառերից հետո լրացնել «եթե հարկային մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռքբերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա» բառերը.
2) 3-րդ պարբերությունում «Գույքի արգելանքը» բառերը փոխարինել «Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը» բառերով:
3) 13-րդ պարբերությունում «արգելանք դնելուց հետո՝ 1-ամսյա ժամկետում,» բառերը հանել, «դատարան հայց» բառերը փոխարինել «վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն», իսկ «կամ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության» բառերը հանել:
4) 13-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.
«Արգելանք կիրառած անձինք եւ մարմինները պարտավոր են անհապաղ վերացնել իրենց կողմից կիրառած արգելանքը, եթե հարկ վճարողը ներկայացնում է պարտավորությունը լրիվ չափով վճարելը հավաստող անդորրագիրը:»
5) 14-րդ պարբերության առաջին նախադասությունից առաջ լրացնել նոր նախադասություններ հետեւյալ բովանդակությամբ.
Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել գումարը գանձելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետում: Արգելանք դնելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի հարկ վճարողից գումարը գանձելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու հետ միաժամանակ:
Հոդված 4. Օրենքը լրացնել նոր 29.2 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 29.2. Սույն օրենքի իմաստով պատշաճ ծանուցում է համարվում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը:
Եթե հարկ վճարողը դիմել է հարկային մարմնին առաջարկելով սույն օրենքի 29.1 հոդվածի 1-ին եւ 7-րդ, ինչպես նաեւ 30.2 հոդվածի 4-րդ եւ 5-րդ պարբերություններում նշված վարչական ակտերն իրեն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ իր կողմից հարկային մարմնին տրամադրված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցով, ապա ատշաճ ծանուցում է նաեւ հարկ վճարողի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կատարված ծանուցումը, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը:
Հոդված 5. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: