Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-971-12.05.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ (ՎԵԹԻՆԳԻ) ՄԱՍԻՆ

Գլուխ 1.

Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով (այսուհետ՝ «Օրենք») կարգավորվում են՝ Օրենքի նպատակները, Դատական իշխանություն իրականացնող անձանց (այսուհետ նաեւ՝ «դատավորներ») Խոցելիության ստուգման հանձնաժողովի (այսուհետ՝  «Հանձնաժողով» կամ «Ստուգման հանձնաժողով») ձեւավորումն ու գործառույթները, Հանձնաժողովի գործունեության սկզբունքները, դատավորների խոցելիության ստուգման (այսուհետ նաեւ՝ «ստուգում») ընթացակարգը, ստուգման համար ապացույցների ձեռքբերման աղբյուրները եւ եղանակները, ապացույցների գնահատման ընթացակարգերն ու ապացուցողական չափորոշիչները, ինչպես նաեւ՝ Հանձնաժողովի որոշումների ընդունման կարգը եւ դրանց հետեւանքները:

Հոդված 2. Օրենքի կարգավորման նպատակը եւ գործողության հիմնական սկզբունքները

1. Սույն Օրենքի նպատակն է՝ ապահովել դատական իշխանության անկախությունը, արդյունավետությունը եւ ժողովրդավարական հասարակությանը հարիր դերակատարումը Հայաստանի Հանրապետությունում, վերականգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությունը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության հանդեպ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կատարելով Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանություն իրականացնող անձանց, այն է՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների, Սնանկության դատարանի, Վարչական դատարանի, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների, Հակակոռուպցիոն դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների  (այսուհետ նաեւ՝ «դիմորդներ» կամ «դատավորներ») խոցելիության ստուգումը՝ իրենց լիազորությունների կատարման վրա հնարավոր ոչ պատշաճ ազդեցության ռիսկերը (այսուհետ՝ «խոցելիության ռիսկեր») վերհանելու, գնահատելու եւ դատավորների պաշտոնեական գործունեության մեջ այդ ռիսկերի նյութականացումը կանխելու միջոցով:

2. Սույն օրենքի կարգավորման առարկան չի հանդիսանում դատավորների մասնագիտական ձեռնհասության ստուգումը:

3. Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված եւ (կամ) հաստատված փաստերը եւ կայացվող որոշումները չեն կարող հիմք հանդիսանալ դատավորների մասնագիտական գործունեության գնահատման այլ ընթացակարգերի շրջանակներում կատարվող գործողությունների եւ կայացվող որոշումների, այդ թվում՝ դատավորների կողմից կամ նրանց մասնակցությամբ կայացված դատական ակտերի վերանայման, ինչպես նաեւ՝ արդարադատություն իրականացնելիս թույլ տրված խախտումների կապակցությամբ նրանց կարգապահական կամ այլ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայելու համար:

4. Հանձնաժողովի հետ համագործակցելու դատավորների ունեցած պարտականությունն իրականացնելիս նրանց կողմից Հանձնաժողովին տրամադրված ցանկացած տվյալ, տեղեկություն կամ ապացույց կարող է օգտագործվել դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական, վարչական, քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության վարույթներում:

5. Սույն օրենքի շրջանակներում իրականացված ստուգմամբ հաստատված փաստերը Հանձնաժողովի կողմից կարող են ուղարկվել Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար՝ այն դեպքերում, երբ ենթադրյալ խախտումը, Հանձնաժողովի կարծիքով, հիմք չի հանդիսացել Հանձնաժողովի կողմից «Դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայության» մասին եզրակացություն տալու համար, սակայն պարունակում է կարգապահական խախտման առերեւույթ հատկանիշներ:

6. Դատավորների կողմից կամ նրանց մասնակցությամբ կայացված դատական ակտերի հղումները եւ դրանց քննարկումը Հանձնաժողովում հետապնդում են բացառապես այդ ակտերը կայացնելիս դատավորների վարքագիծը, այլ ոչ թե բուն ակտերի օրինականությունը գնահատելու նպատակ: Մասնավորապես, այդ ակտերը կարող են վկայակոչվել դատավորի կողմից որեւէ հիմքով (քաղաքական, կուսակցական, տնտեսական կամ քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ ունեցած կապեր, կոռուպցիոն ռիսկեր) պայմանավորված իր կամ իր մասնակցությամբ կայացված ակտով ենթադրյալ խտրական (այն է՝ նույն դատավորի մյուս այլ որոշումներին կամ դատարանի կայուն հաստատված պրակտիկային ակնհայտորեն հակասող) վերաբերմունք դրսեւորելու փաստը ներկայացնելու եւ հիմնավորելու համար:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները

Սույն Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1. Խոցելիության ռիսկեր. փաստական տվյալներ, տեղեկություններ կամ ապացույցներ, որոնք առանձին կամ միասին վերցված ողջամիտ կասկած են հարուցում դատավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս բացառապես օրենքով սահմանված փաստերով իր կողմից կամ իր մասնակցությամբ կայացվող դատական ակտերը պայմանավորելու օբյեկտիվ կարողության նկատմամբ, այդ թվում՝

1) դատավորի կամ նրա մերձավոր ազգականի խոցելիության մասին վկայող անձնական կամ խմբային, այն է՝ քաղաքական, կուսակցական, տնտեսական կամ քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ ունեցած կապերը, այդ թվում՝ միջնորդավորված, ներառյալ՝ անձնական կամ այլ կախվածությունը այդ կապերից, եւ

2) դատավորի կամ նրա մերձավոր ազգականի խոցելիության վկայող չհիմնավորված կամ ողջամիտ հիմնավորում չունեցող եկամուտները կամ գույքը, դրանց նկատմամբ սեփականության իրավունք ունենալը կամ դրանցից փաստացի օգտվելը.

2. Խոցելիության գնահատման չափորոշիչներ. ապացուցման առարկայի, այսինքն՝ խոցելիության ռիսկերի ապացուցվածության արձանագրման կանոններ, որոնք կիրառվում են Հանձնաժողովի կողմից որոշումների կայացման համար անհրաժեշտ փաստակազմը պարզելու եւ որոշում կայացնելու հնարավորությունն արձանագրելու համար.

3. Ապացուցողական կանոններ. ապացույցների ձեռք բերման, ստուգման եւ գնահատման կանոններ.

4. Խոցելիության ստուգում. դատավորների խոցելիության ստուգում՝ Հանձնաժողովի կողմից խոցելիության ռիսկեր հայտնաբերելու դրանք՝ սույն Օրենքում ամրագրված սկզբունքներին համապատասխան, այդ թվում՝ վիճարկման արդյունավետ հնարավորություն ընձեռող ընթացակարգի շրջանակներում հետազոտելու եւ սույն Օրենքում ամրագրված չափորոշիչներին եւ ապացուցողական կանոններին համապատասխան գնահատելու գործընթաց.

5. Հանձնաժողովի աջակից պետական մարմիններ. Հանձնաժողովին աջակցելու պարտականություն ունեցող մարմիններ, այն է՝ Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի պետական կադաստրը, Արդարադատության նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, Արդարադատության ակադեմիան, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունը, Կենտրոնական բանկը, ինչպես նաեւ՝ միջազգային բազմակողմ եւ երկկողմ պայմանագրերի շրջանակներում տրամադրվող իրավական փոխօգնության հարցումներով այլ պետությունների լիազոր մարմիններ եւ միջազգային կառույցներ.

6. Հանձնաժողովին աջակցող անձինք. սեփական նախաձեռնությամբ Հանձնաժողովին աջակցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ օտարերկրյա եւ միջազգային կազմակերպություններ, որոնք տիրապետում են ապացույց դառնալու հավանականություն ունեցող տվյալների, տեղեկությունների կամ ապացույցների.

7. Դիմորդներ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների, Սնանկության դատարանի, Վարչական դատարանի, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների, Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամներ, որոնք դիմում են ներկայացրել Ստուգման հանձնաժողովին՝ իրենց խոցելիությունը ստուգելու համար.

8. Դիտորդներ. Հանձնաժողովի նիստերը դիտարկելու համար՝ սույն Օրենքով սահմանված կարգով արտոնագրված անձինք, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները.

9. Վարույթի մասնակիցներ. Հանձնաժողովի նիստը նախագահողը, Հանձնաժողովի անդամները (այդ թվում՝ զեկուցողներ), դիմորդները, Հանձնաժողովի աջակից պետական մարմինները եւ աջակցող անձինք, դիտորդները, վկաները (այդ թվում՝ փորձագետները).

10. Ստուգման հանձնաժողովի եզրափակիչ որոշում. Հանձնաժողովի՝ «Դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայության մասին» կամ «Դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության բացակայության մասին» եզրակացությունը.

11.Ստուգման հանձնաժողովի որոշումներ. Խոցելիության ստուգման շրջանակներում Հանձնաժողովի կողմից կայացվող ոչ եզրափակիչ որոշումներ.

12. Դիմորդի գործով վարույթի համար նշանակություն ունեցող փաստեր. գործողություններ, դեպքեր կամ իրավիճակներ, որոնց առկայությունը կամ բացակայությունը պարզելը անհրաժեշտ է Հանձնաժողովի կողմից եզրափակիչ որոշում կայացնելու համար.

13. Ապացույցներ ձեռք բերելը. Հանձնաժողովի կողմից ապացույցներ ստանալը, այդ թվում՝ աջակից պետական մարմիններից փաստաթղթեր ստանալը եւ դիմորդի անշարժ եւ շարժական գույքի գտնվելու վայր մեկնելիս դրանց արտաքին զննությամբ տեղեկություններ ձեռք բերելը եւ փորձաքննություններ նշանակելը, ինչպես նաեւ՝ դրանց արդյունքում ընդունվող եզրակացություններ ստանալը.

14. Դիմորդի մերձավոր ազգականներ.  դիմորդի՝ «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված անձինք.

15. Օր. այլ հստակեցման բացակայության դեպքում՝ օրացուցային օր.

16. Դռնփակ քննարկում կամ քննարկում խորհրդակցական սենյակում. Հանձնաժողովի նիստին հաջորդող քննարկումը՝ հայտնած բացարկների միջնորդությունների առթիվ եւ եզրափակիչ որոշումներ կայացնելու համար.

17. Կեղծ տեղեկություններ եւ ապացույցներ տրամադրելը. Հանձնաժողովին կամ Հանձնաժողովի աջակից պետական մարմիններին այնպիսի տվյալներ, տեղեկություններ կամ ապացույցներ ներկայացնելը, որոնց իրականությանը չհամապատասխանելու փաստը դրանք ներկայացնելու պահին հայտնի է ներկայացնողին:

18. Առավելագույն վերաբերելիության սկզբունք. նույն նորմի կամ նորմերի կիրառման պահանջը հակառակն արգելված կամ տվյալ իրավիճակում անհնար լինելու դեպքում:

Գլուխ 2.

Դիմորդների խոցելիությունը ստուգող Հանձնաժողովի ձեւավորումը, Հանձնաժողովի եւ Հանձնաժողովի անդամների կարգավիճակը  
 

Հոդված 4. Դիմորդների խոցելիությունը ստուգող մարմինը

1. Դիմորդների խոցելիության ստուգման մարմինն է Հանձնաժողովը:

2. Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է դրա ձեւավորման պահից եւ ավարտվում մինչեւ սույն Օրենքն ուժի մեջ մտնելը խոցելիության ստուգման համար վերջին դիմած անձի խոցելիության ստուգման արդյունքներով կայացված եզրափակիչ որոշման կայացման օրը, սակայն ոչ ուշ, քան 2023թ. դեկտեմբերի 31-ը:

3. Սույն Օրենքի՝ Հանձնաժողովին վերաբերող դրույթները առավելագույն վերաբերելիության սկզբունքով, տարածվում են նաեւ Հանձնաժողովի անդամների վրա:

Հոդված 5. Ստուգման Հանձնաժողովի կազմը եւ Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները

1. Հանձնաժողովը բաղկացած է 6 անդամից, որոնցից երեքը՝ առնվազն 10 տարվա մասնագիտական փորձ ունեցող իրավաբաններ եւ երեքը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատանքի առնվազն 10 տարվա փորձ ունեցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամի իրավաբան լինելու հանգամանքը խոչընդոտ չէ Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար:

2. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող եւ վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձինք:

3. Հանձնաժողովի անդամ չի կարող ընտրվել այն անձը, ով չի համապատասխանում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածով դատավոր նշանակվելու համար նախատեսված պահանջներին՝ բացառությամբ մասնագիտական պահանջների, ինչպես նաեւ՝ նույն Օրենսգրքի 4-րդ եւ 5-րդ հոդվածով նախատեսված պահանջներին:

4. Բացի վերը նշված սահմանափակումներից, Հանձնաժողովի անդամ չի կարող ընտրվել այն անձը, ով կամ ում մերձավոր ազգականը՝

1) վերջին 10 տարվա ընթացքում եղել է քաղաքական որեւէ կուսակցության կամ դաշինքի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձ.

2) որեւէ դատական վեճ ունի Հայաստանի Հանրապետության դատարաններում.

3) վերջին 10 տարվա ընթացքում զբաղեցրել է դատավորի, դատավորի օգնականի (խորհրդատուի, խորհրդականի) կամ դատախազի պաշտոն.

4) վերջին 10 տարվա ընթացքում աշխատել է իրավապահ մարմիններում.

5. Միջազգային կառույցների եւ օտարերկրյա պետական մարմինների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները դիմորդների խոցելիության ստուգման շրջանակներում կարող են հանդես գալ բացառապես որպես Հանձնաժողովի աջակից մարմիններ, Հանձնաժողովին աջակցող անձինք կամ դիտորդներ:

Հոդված 6. Հանձնաժողովի անդամության համար դիմումների ներկայացումը

1. Սույն Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պաշտոնական կայքում տեղադրվում է Հանձնաժողովի ձեւավորման մասին հայտարարություն, որում, ի թիվս այլի, ներկայացվում են Հանձնաժողովի հիմնական գործառույթները եւ նպատակը, ինչպես նաեւ՝ արվում է Հանձնաժողովի կազմի համալրման նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու հրավեր: Հայտարարության մեջ նշվում են՝ դիմումին ներկայացվող պահանջները (այդ թվում՝ պահանջվող փաստաթղթերը), դիմումատուներին ներկայացվող պահանջները, դիմումների ներկայացման վերջնաժամկետը եւ դիմումների ընդունման էլեկտրոնային հասցեն, այն է՝ Հայտարարությունը տեղադրողի էլեկտրոնային հասցեն, եւ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների էլեկտրոնային հասցեները:

2. Դիմումները (ներառյալ՝ դրանց կից փաստաթղթերը) դիմումատուների կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին են ներկայացվում Հանձնաժողովի կազմի համալրման մասին պաշտոնական հայտարարությունը տեղադրվելուց հետո 15 օրվա ընթացքում:

3. Դիմումը պետք է պարունակի՝

1) դիմումատուի ինքնակենսագրությունը եւ այն հավաստող փաստաթղթերը..

2) սույն Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը.

3) դիմումատուի ստորագրությունը եւ կոնտակտային տվյալները:

4. Դիմումն ուղարկվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ կցելով լուսապատճենահանված (սկանավորված) դիմումն ու դրան կից փաստաթղթերը: Դիմումը միաժամանակ (այսինքն՝ նույն էլեկտրոնային նամակով) ուղարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության մեջ նշված բոլոր էլեկտրոնային հասցեներին:

5. Դիմումի մեջ կեղծ տեղեկություններ ներկայացնելը կամ կեղծ փաստաթղթեր ներառելը առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Հոդված 7. Հանձնաժողովի անդամների ընտրությունը

1. Հանձնաժողովի անդամների թեկնածուներին առաջարկում են Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունները, ընդ որում՝ յուրաքանչյուր խմբակցություն իրավունք ունի առաջարկելու առավելագույնը 5 իրավաբանի եւ 5 քաղաքացիական հասարակության ներկայացուցչի թեկնածություն:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները ուսումնասիրում են դիմումատուների ներկայացրած դիմումներըեւ կարող են առանձին հարցազրույցներ անցկացնել նրանց հետ: Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությանը ներկայացվելիք ցուցակները գրանցվում եւ հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի՝ Հանձնաժողովի անդամների ընտրության նպատակով հրավիրվող նիստից առնվազն 5 օր առաջ:

3. Հանձնաժողովի անդամներն ընտրվում են Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից՝ արտահերթ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով, երկու փուլով. միասնական (մրցութային), ապա՝ անհատական (հավակնորդային): Ընտրական առաջին փուլում անցկացվում է մրցույթի մասնակից բոլոր թեկնածուների վարկանիշային փակ քվեարկություն՝ իրավաբանական համայնքը եւ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող առանձին վարկանիշային ցուցակներով: Յուրաքանչյուր պատգամավոր կարող է իր ձայնը տալ յուրաքանչյուր ցուցակի առավելագույնը 3 թեկնածուի:

4. Առավել շատ ձայներ ստացած 6 թեկնածուները՝ 3 իրավաբան եւ 3 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, վարկանիշային քվեարկության արդյունքների նվազող հաջորդականության սկզբունքով մասնակցում են Հանձնաժողովի անդամների ընտրության երկրորդ՝ հավակնորդային փուլին, որի ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի տեղի համար հավակնում է մեկական թեկնածու:

5. Հանձնաժողովի անդամների ընտրությունը, այդ թվում՝ հավակնորդների բարեվարքության ստուգումը, կատարվում է Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամների ընտրության համար սահմանված կարգով՝ առավելագույն վերաբերելիության սկզբունքին համապատասխան: Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովի անդամների կողմից՝ Հանձնաժողովի՝ այդ նպատակով գումարվող առաջին նիստի ընթացքում:

6. Հանձնաժողովի անդամի հավակնորդ թեկնածուի կողմից ներկայացված փաստաթղթերը եւ ապացույցները անմիջապես լուսապատճենահանվում են (սկանավորվում) եւ տեղադրվում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պաշտոնական կայքում, որից հետո՝ ուղարկվում են Աջակից պետական մարմիններին՝ ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով:

7. Հանձնաժողովի անդամների վարկանիշային քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով գումարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում հավակնորդները ներկայացնում են իրենց մոտեցումները սույն Օրենքի կարգավորման առարկան հանդիսացող հարցերով: Առաջինը քննարկվում է 6 հավակնորդներից առավել քիչ վարկանիշային միավոր (քվե) ստացած թեկնածուն: Այնուհետեւ, վարկանիշային միավորին համապատասխան, ստացած քվեների աճող հաջորդականությամբ անցկացվում է բաց քվեարկություն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նիստում, ընդ որում՝ հավակնորդ թեկնածուն ընտրված է համարվում, եթե հավաքել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը:

8. Հավակնորդի կողմից բավարար ձայներ չստանալու դեպքում, ինչպես նաեւ այլ հիմքով, այդ թվում՝ հետագայում Հանձնաժողովի անդամի հաստիքը թափուր մնալու դեպքում նույն գործընթացը կրկնվում է վարկանիշային ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ հավակնորդի մասնակցությամբ:

Հոդված 8. Հանձնաժողովի Նախագահի լիազորությունները

1. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովի անդամների կողմից փակ վարկանիշային քվեարկությամբ՝ առանց թեկնածություններ առաջադրելու: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկության ընթացքում ունի 6 ձայն: Ընտրված է համարվում այն թեկնածուն, ով ստացել է առավել թվով ձայներ: Եթե առավել շատ ձայներ ստացած թեկնածուների ձայների թիվը հավասար է, ապա անցկացվում է նոր քվեարկություն: Ձայները կրկին հավասար բաշխվելու դեպքում ընտրված է համարվում Ազգային Ժողովում փակ վարկանիշային քվեարկությամբ առավել շատ ձայներ ստացած թեկնածուն:

2. Հանձնաժողովի Նախագահը՝

1) նախապատրաստում, հրավիրում եւ նախագահում է Հանձնաժողովի նիստերը.

2) իրականացնում է Հանձնաժողովի Քարտուղարության (այսուհետ՝ «Քարտուղարություն») ընդհանուր ղեկավարումը.

3) ներկայացնում է Հանձնաժողովը այլ մարմինների եւ անձանց հետ հարաբերություններում.

4) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

5) ապահովում է Հանձնաժողովի նիստերի եւ դռնփակ քննարկումների ընթացակարգի պահպանումը.

6) կատարում է Հանձնաժողովի անդամի բոլոր լիազորությունները՝ բացառությամբ գործերը նիստում զեկուցելուց:

3. Հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման ժամանակ Հանձնաժողովի Նախագահը իր կարծիքն արտահայտում եւ քվեարկում է վերջում:

Հոդված 9. Հանձնաժողովի նիստում Զեկուցողի լիազորությունները

1. Հանձնաժողովի նիստում զեկուցողը՝

1) ուսումնասիրում է տվյալ նիստի ընթացքում քննության ենթակա վարույթի նյութերը եւ ապահովում իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերի տրամադրումը Հանձնաժողովի մյուս անդամներին.

2) նիստի ընթացքում քննության ենթակա վարույթի նյութերը ոչ բավարար համարելու դեպքում՝ իր անունից դիմում է Աջակից պետական մարմիններին եւ աջակցող անձանց՝ տեղեկություններ եւ պարզաբանումներ ստանալու համար`հետաձգելով նիստը առավելագույնը 5 օր ժամկետով.

3) ունի վարույթի մասնակիցներին առաջինը հարցեր տալու իրավունք:

2. Իր կողմից զեկուցման առարկա վարույթի հետ կապված ոչ ընթացակարգային հարցերով Զեկուցողն անկախ է եւ չի ենթարկվում Հանձնաժողովի նախագահի կարգադրություններին:

Հոդված 10. Ստուգման Հանձնաժողովի եւ Հանձնաժողովի անդամների կարգավիճակը եւ այդ կարգավիճակից բխող պարտականությունները եւ երաշխիքները

1. Հանձնաժողովը գործունեության ամբողջ ժամանակահատվածում ունի «Խոցելիության ստուգման հարցերով» մասնագիտացված մարմնի կարգավիճակ:

2. Հանձնաժողովի անդամների կարգավիճակի, այդ թվում՝ լիազորությունները դադարեցնելու գործընթացի նկատմամբ առավելագույն վերաբերելիության սկզբունքով կիրառվում են դատավորի կարգավիճակից բխող բոլոր երաշխիքներն ու պահանջները, ներառյալ՝ քաղաքական եւ այլ չեզոքությունը (այդ թվում՝ դիմորդների հետ անձնական, տնտեսական եւ այլ շահերի ընդհանրության բացառումը), Հանձնաժողովի բոլոր անդամների կարգավիճակի միասնականությունը (այն է՝ դատավորի կարգավիճակով պայմանավորված իրավունքների եւ պարտականությունների հավասարությունը՝ անկախ իրավաբանական համայնքը կամ քաղաքացիական հասարակությունը ներկայացնելու, ինչպես նաեւ Հանձնաժողովի Նախագահ կամ անդամ լինելու հանգամանքից), կարգավիճակի անհամատեղելիությունը այլ կարգավիճակների հետ, ինչպես նաեւ՝ կարգավիճակի պատշաճ իրացումն ապահովող՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված անվտանգության, նյութական եւ սոցիալական երաշխիքները:

3. Հանձնաժողովի անդամների նկատմամբ կիրառելի՝ սույն օրենքով եւ այլ օրենքներով դատավորների համար նախատեսված վերաբերելի պահանջների միջեւ հակասության դեպքում գործում են առավել խիստ պահանջները:

Հոդված 11.  Հանձնաժողովի նախագահի եւ անդամների լիազորությունների դադարեցման հիմքերը եւ կարգը

1. Հանձնաժողովի նախագահի եւ անդամների լիազորությունները դադարեցվում են Հանձնաժողովի կողմից՝ նրանց ընտրության համար սահմանված պահանջվող ձայների մեծամասնությամբ, հետեւյալ արարքների համար՝

1) Հանձնաժողովի նախագահի դեպքում՝ սույն Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջներից որեւէ մեկը չկատարելը.

2) Հանձնաժողովի նիստերում զեկուցող անդամների դեպքում՝ սույն Օրենքի 9-րդ հոդվածով նիստի զեկուցողի համար սահմանված պահանջներից որեւէ մեկը չկատարելը.

3) Հանձնաժողովի նախագահի եւ անդամների դեպքում նաեւ՝

ա) սույն Օրենքի 10-րդ հոդվածով սահմանված՝ դատավորի կարգավիճակից բխող պահանջներից որեւէ մեկը չկատարելը.

բ) դռնփակ քննարկման գաղտնիությունը խախտելը.

6) իր կամ Հանձնաժողովի մյուս անդամների եւ Նախագահի նկատմամբ գործադրված իրեն հայտնի ճնշումների մասին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին չհայտնելը.

7) Հանձնաժողովի Նախագահի եւ կամ անդամների նկատմամբ ճնշում գործադրելը.

8) վարույթի որեւէ մասնակցի կամ իր պաշտոնեական պարտականությունների նկատմամբ վարքագծի կանոններին ոչ հարիր վարքագիծ դրսեւորելը.

9) Հանձնաժողովի անդամի թեկնածուին ներկայացնող պահանջներին անհամապատասխանության ի հայտ գալը.

10) Հանձնաժողովի նիստում անհիմն ինքնաբացարկ ներկայացնելը.

11) Հանձնաժողովի կողմից դռնփակ քննարկման արդյունքում կայացվող որոշումների կայացման ընթացքում քվեարկությունից հրաժարվելը կամ ձեռնպահ մնալը.

12) Հանձնաժողովի անդամի կողմից իր նկատմամբ տեղի ունեցած կամ մեկ այլ անդամի նկատմամբ ճնշման իրեն հայտնի դարձած փաստի մասին հաղորդում չներկայացնելը:

2. Հանձնաժողովի նախագահի եւ անդամների լիազորությունները դադարեցվում են նաեւ հրաժարական ներկայացվելու դեպքում: Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, սակայն, իրավունք ունի քննության առնել հրաժարականի պատճառները եւ դրա պարտադրված լինելու առթիվ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում՝ մերժել այն բաց քվեարկությամբ՝ ձայների առնվազն երեք հինգերորդով: Նման որոշում չընդունվելու դեպքում հրաժարականը համարվում է ընդունված իրավունքի ուժով՝ հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո 10 օրվա ժամկետում այն հետ չվերցնելու դեպքում:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը կարող է ներկայացվել բացառապես Հանձնաժողովի առնվազն երկու անդամի կողմից:

4. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը ընդունվում է Հանձնաժողովի անդամների մեծամասնությամբ:

5. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու առթիվ Հանձնաժողովի որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Գլուխ 3.

Հանձնաժողովի բնականոն գործունեության իրավական, կազմակերպական եւ նյութական ապահովման երաշխիքները

Հոդված 12. Հանձնաժողովի կողմից իր բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ընդունվող ակտերը

1. Հանձնաժողովը, սույն օրենքով սահմանված իր լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով՝

1) ընդունում է Հանձնաժողովի Ներքին գործավարության կանոնները.

2)  ստեղծում է Քարտուղարություն եւ հաստատում Քարտուղարության հաստիքակազմը եւ Քարտուղարության պաշտոնների անձնագրերը.

3) կազմում եւ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն է ներկայացնում իր գործունեության ապահովման բյուջետային հայտը.

4) դադարենցում է Հանձնաժողովի անդամի լիազորությունները եւ առաջացած թափուր տեղը լրացնելու համար անմիջապես դիմում Ազգային Ժողովի նախագահին:

2.  Հանձնաժողովը սույն Օրենքով նախատեսված այլ մարմիններից իր բնականոն գործունեության, այդ թվում՝ անվտանգության ապահովման համար պահանջվող աջակցությունը չստանալու դեպքում, կարող է դիմել անմիջապես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին՝ համապատասխան գործողություններ ձեռնարկելու միջնորդությամբ:

Հոդված 13.  Հանձնաժողովի Քարտուղարությունը

1. Քարտուղարությունը բաղկացած է Իրավական ապահովման, Հանրության հետ կապերի, Տեխնիկական ապահովման եւ Անվտանգության ապահովման բաժիններից, որոնց աշխատանքային պարտականությունները սահմանվում են սույն Օրենքով եւ Հանձնաժողովի Ներքին գործավարության կանոններով:

2. Քարտուղարության օպերատիվ ղեկավարումն իրականացնում է Քարտուղարության պետը:

3. Քարտուղարության աշխատակիցների աշխատանքային պարտականությունները սահմանվում են սույն Օրենքով, ինչպես նաեւ՝ դրանց համապատասխան հաստատված Հանձնաժողովի Ներքին գործավարության կանոններով եւ Քարտուղարության աշխատակիցների հետ Հանձնաժողովի նախագահի կողմից կնքվող աշխատանքային պայմանագրերով:

4. Հանձնաժողովի եւ Քարտուղարության աշխատակիցների միջեւ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքով:

5. Քարտուղարության բոլոր աշխատակիցները աշխատում են լրիվ դրույքով:

6. Քարտուղարության հաստիքակազմի՝ սույն Օրենքում առանձին հիշատակված բոլոր պաշտոնները համալրելու նպատակով Հանձնաժողովը կազմակերպում է մրցույթ:

7. Քարտուղարության աշխատակից չեն կարող լինել դատական ծառայողները:

8. Քարտուղարության բոլոր աշխատակիցները պետք է տիրապետեն հայերեն լեզվին:

9. Մրցույթների կազմակերպման եւ իրականացման կարգը սահմանվում է Քարտուղարության Ներքին գործավարության կանոններով:

10. Քարտուղարության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետը դադարում է Հանձնաժողովի լիազորությունների դադարման օրը:

Հոդված 14. Հանձնաժողովի ֆինանսական ապահովումը

1. Հանձնաժողովի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից՝ առանձին տողով:

2. Հանձնաժողովի ֆինանսավորումը պետք է ապահովի նրա բնականոն գործունեության համար անհրաժեշտ բոլոր ծախսերի տրամադրումը:

3. Հանձնաժողովի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ բյուջետային հայտի նախագիծը նախապատրաստում է Քարտուղարությունը:

4. Հանձնաժողովի միջնաժամկետ ծախսերի ծրագրի կամ բյուջետային հայտի նախագիծը Քարտուղարության պետը ներկայացնում է Հանձնաժողովի Նախագահի հաստատմանը?

5. Հանձնաժողովի կողմից հաստատված բյուջետային հայտը կամ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ սահմանված ժամկետներում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Կառավարություն:

6. Բյուջետային հայտը Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ընդունում եւ ընդգրկում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում՝ այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ Հանձնաժողով է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների հիմնավորումները:

7. Սահմանված ժամկետում պետական բյուջեն չհաստատվելու դեպքերում մինչեւ դրա հաստատումը ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության պահուստային ֆոնդից:

8. Հանձնաժողովի դիրքորոշումը բյուջետային հայտի կամ միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Քարտուղարության պետը:

9. Չնախատեսված ծախսերը ֆինանսավորելու նպատակով բյուջեի առանձին տողով նախատեսվում է Հանձնաժողովի պահուստային ֆոնդ: Հանձնաժողովի պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատական իշխանության մարմինների համար նախատեսված ծախսերի երկու տոկոսին: Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են Հանձնաժողովի նախագահի որոշմամբ:

10. Պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում լրացուցիչ ֆինանսավորման հատկացման նպատակով Հանձնաժողովի նախագահը դիմում է Հայաստանի Հանրապետության Կառավարություն:

11. Հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար Հանձնաժողովի պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը պակասը լրացնում է Կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

Հոդված 15. Քարտուղարության Իրավական ապահովման բաժինը

1. Քարտուղարության Իրավական ապահովման բաժինը մասնագիտական աջակցություն է տրամադրում Հանձնաժողովին, ներառյալ՝ իրավական հետազոտությունների իրականացումը եւ մասնագիտական եզրակացությունների տրամադրումը:

2. Իրավական ապահովման բաժինը բաղկացած է առնվազն 5 իրավաբան խորհրդատուներից, որոնք պետք է՝

1) ունենան իրավաբանի մասնագիտական որակավորում եւ առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ.

2) չունենան դատվածություն, այդ թվում՝ մարված.

3) չունենան որեւէ ընթացիկ դատական վեճ.

5) չունենան իրենց խոցելի դարձնող անձնական կամ այլ կապեր.

6) չլինեն խոցելի` կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ:

3. Իրավաբան խորհրդատուի պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմած թեկնածուն, սույն հոդվածի 2-րդ մասում նշված պահանջներին համապատասխանության մասին իր դիմումի հետ միասին ներկայացնում է՝

1) հայտարարություն այդ պահանջները բավարարելու մասին.

2) եկամուտների եւ գույքի հայտարարագիր`Հանձնաժողովի անդամների համար կիրառելի կարգավորումներով.

3) համաձայնություն՝ իր անձնական եւ այլ կապերի հայտարարության, ինչպես նաեւ եկամուտների եւ գույքի հայտարարագրում նշված տեղեկությունների ստուգումն իրականացնելու համար:

4. Իրավաբան խորհրդատուն պարտավոր է՝

1) ուսումնասիրել դիմորդի գործը եւ կազմել նախնական եզրակացություն.

2) կատարել գործով Զեկուցողի հանձնարարությունները.

3) կատարել Հանձնաժողովի Նախագահի՝ գործով Զեկուցողի հանձնարարություններին չհակասող հանձնարարությունները:

5. Իրավաբան խորհրդատուն, կոնկրետ վարույթի առթիվ Հանձնաժողովի Նախագահից եւ զեկուցողից իրարամերժ հանձնարարություններ ստանալու դեպքում կատարում է Հանձնաժողովի Զեկուցող անդամի հանձնարարությունը:

6. Իրավաբան խորհրդատուների թիվը չի կարող պակաս լինել Հանձնաժողովի անդամների թվից՝ Հանձնաժողովի նիստերի նախապատրաստման ընթացքում զեկուցողներից յուրաքանչյուրին մասնագիտական աջակցության միաժամանակյա տրամադրումը երաշխավորելու համար:

Հոդված 16. Քարտուղարության Հանրության հետ կապերի բաժինը

1. Քարտուղարության Հանրության հետ կապերի բաժինը հանդիսանում է Հանձնաժողովի լիազորված մարմինը՝ սույն Օրենքից, ինչպես նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող հանրային իրազեկման կարգավորումներին առնչվող բոլոր հարցերով:

2. Հանրության հետ կապերի բաժինը ապահովում է Հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքի գործնական կիրառումը, այդ թվում՝ Հանձնաժողովի նիստին մասնակցելու համար դիտորդների արտոնագրումը:

Հոդված 17. Քարտուղարության Տեխնիկական ապահովման բաժինը

Քարտուղարության Տեխնիկական ապահովման բաժինը ապահովում է Քարտուղարության մյուս ստորաբաժանումների եւ Հանձնաժողովի ընդհանուր գործունեության անխափան աշխատանքը, տեղեկատվական անվտանգությունը եւ այլ տեխնիկական աջակցություն:

Հոդդված 18. Քարտուղարության Անվտանգության ապահովման բաժինը

Քարտուղարության անվտանգության ապահովման բաժինը ապահովում է Քարտուղարության ստորաբաժանումների աշխատակիցների, Հանձնաժողովի Նախագահի եւ անդամների անձնական անվտանգությունը: Հանձնաժողովի Նախագահի, անդամների եւ Քարտուղարության իրավաբան խորհրդատուների, ինչպես նաեւ նրանց մերձավոր ազգականների կյանքը, առողջությունը, գույքը եւ մասնավոր կյանքը գտնվում են պետական հատուկ պաշտպանության ներքո:

Հոդված 19. Հանձնաժողովի Նախագահի, անդամների եւ Քարտուղարության իրավաբան խորհրդատուների գույքի եւ եկամուտների հայտարարագրումը

Հանձնաժողովի Նախագահը, անդամները եւ Քարտուղարության իրավաբան խորհրդատուները համարվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ պարտավոր են ինչպես պաշտոնն ստանձնելիս, այնպես էլ հետագայում՝ Հանձնաժողովի գործունեության ընթացքում եւ Հանձնաժողովի գործունեությունը դադարելուց հետո 5 տարվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ նեկայացնել համապատասխան հայտարարագիր:

Հոդված 20. Հանձնաժողովի Նախագահի եւ անդամների, Քարտուղարության իրավաբան խորհրդատուների աշխատավարձը

Հանձնաժողովի Նախագահն ու անդամները ստանում են հավասար աշխատավարձ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի դրույքաչափով: Հանձնաժողովի Քարտուղարության իրավաբան խորհրդատուների դրույքաչափ է սահմանվում Հանձնաժողովի անդամի համար սահմանված դրույքաչափի 80 տոկոսը:

Հոդված 21. Հանձնաժողովի Նախագահի եւ անդամների, Քարտուղարության իրավաբան խորհրդատուների եւ նրանց մերձավոր ազգականների՝ որոշակի պաշտոններում նշանակվելու արգելքը

Հանձնաժողովի լիազորությունները դադարելուց հետո առնվազն 5 տարվա ընթացքում Հանձնաժողովի Նախագահը եւ անդամները, ինչպես նաեւ Քարտուղարության իրավաբան խորհրդատուները, ինչպես նաեւ նրանց մերձավոր ազգականները չեն կարող նշանակակվել դատավորի, ինչպես նաեւ՝ Բարձրագույն Դատական Խորհրդի ոչ դատավոր անդամի պաշտոնում:

Գլուխ 4.

Հանձնաժողովի գործունեության սկզբունքները

Հոդված 22. Հանձնաժողովի գործունեության սկզբունքները

1. Հանձնաժողովն իր գործունեության մեջ ղեկավարվում է անկախության եւ անաչառության, հրապարակայնության, արդար դատաքննության իրավունքի ապահովման, պետական լեզվի նկատմամբ հարգանքի, իր գործունեության եւ դրա արդյունքների կայունության եւ ողջամիտ կանխատեսելիության սկզբունքներով:

2. Հանձնաժողովի կողմից պետք է ապահովվի սույն հոդվածի 1-ին մասում նշված բոլոր սկզբունքների ոչ միայն իրացումը, այլ նաեւ իրացման տեսանելիությունը դիմորդների, դիտորդների եւ հանրության համար:

Հոդված 23. Ստուգման Հանձնաժողովի անկախության սկզբունքը

1. Հանձնաժողովը անկախ է Հայաստանի Հանրապետության բոլոր պետական մարմիններից, ֆիզիկական եւ իրավաբանական ցանկացած անձից:

2. Հանձնաժողովի անդամները անկախ են Հանձնաժողովի նախագահից եւ մեկը մյուսից:

3. Հանձնաժողովի անդամների նկատմամբ ճնշում գործադրելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:

4. Իրենց գործունեության ընթացքում Հանձնաժողովն առաջնորդվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով եւ սույն օրենքով:

Հոդված 24. Հանձնաժողովի անդամների անաչառության սկզբունքը

1. Հանձնաժողովի անդամները պարտավոր են լինել, գործել եւ երեւալ անաչառ:

2. Հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել գործի քննությանը, եթե շահագրգռված է գործի ելքով: Նման շահագրգռվածության հաստատման համար ապացուցողական չափորոշիչ է հանդիսանում հիմնավոր կասկածը, իսկ այդ կասկածի հիմք՝ հետեւյալ փաստերը՝

1) Հանձնաժողովի անդամը մինչեւ Հանձնաժողովի նիստը եւ նիստի ընթացքում խոսքով կամ գործողությամբ արտահայտել է իր դիրքորոշումը Հանձնաժողովի կողմից քննության եւ լուծման ենթակա որեւէ հարցով.

2) առկա են Հանձնաժողովի անդամի վարքագծով չարտահայտված, սակայն նրա անաչառությունը կասկածի տակ դնող այլ հանգամանքներ:

3. Դիմորդը, սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի առկայության դեպքում, իրավունք ունի բացարկ հայտնել Հանձնաժողովի անդամին: Բացարկը հայտնվում է բացառապես Հանձնաժողովի նիստում: Բացարկ կարող է հայտնվել նիստի ցանկացած պահին՝ ընդհուպ մինչեւ Հանձնաժողովի՝ դռնփակ քննարկման համար խորհրդակցական սենյակ հեռանալը: Նիստի նախապատրաստական մասն ավարտելուց հետո հայտնված բացարկի հիմքում կարող է դրվել միայն նիստի նախապատրաստական մասից հետո Հանձնաժողովի անդամի կողմից դրսեւորված վարքագիծը:

4. Բացարկի միջնորդությունը պետք է լինի պատճառաբանված եւ չլինի դիմորդի կողմից իրավունքի չարաշահման արտահայտություն (այն է՝ ակնհայտ անհիմն, նույն հիմքով, ստուգման ոչ ենթակա հիմքով բացարկ ներկայացնելը):

5. Բացարկի միջնորդության հիմքերը չեն կարող լինել վերացական, այլ պետք է պարունակեն Հանձնաժողովի կոնկրետ անդամի կողմից տվյալ նիստին մասնակցելուն կամ որոշում կայացնելուն խոչընդոտող եւ տվյալ անդամին վերագրելի կոնկրետ փաստեր:

6. Բացարկի միջնորդությունը՝ սույն հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխանելու դեպքում, անմիջապես քննարկվում է Հանձնաժողովի կողմից խորհրդակցական սենյակում: Քննարկմանը մասնակցում է նաեւ Հանձնաժողովի բացարկված անդամը, ով չի մասնակցում քվեարկությանը: Բացարկի միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին որոշումը կայացվում է Հանձնաժողովի տվյալ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ եւ հրապարակվում քննարկումից անմիջապես հետո: Հանձնաժողովի անդամները չեն կարող բացարկի միջնորդություն ներկայացնել մեկը մյուսի նկատմամբ:

7. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի առկայության դեպքում Հանձնաժողովի անդամը պարտավոր է հայտնել ինքնաբացարկ: Ինքնաբացարկի քննությունն ու լուծումը կատարվում է սույն հոդվածում նշված կանոններով:

8. Հանձնաժողովի անդամի կողմից անհիմն ինքնաբացարկ հայտնելը հավասարազոր է արդարադատություն իրականացնելուց հրաժարվելուն: Հանձնաժողովի կողմից ինքնաբացարկի միջնորդությունն այս հիմքով մերժելու դեպքում Հանձնաժողովն անմիջապես անցնում է սույն Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված հիմքով Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը:

9. Հանձնաժողովի անդամների կողմից սեփական նախաձեռնությամբ տեղեկություններ հավաքելը չի հանդիսանում անաչառության սկզբունքի խախտում:

Հոդված 25. Արդար դատաքննության սկզբունքը

1. Հանձնաժողովի անդամները որոշում են կայացնում բացառապես այն տվյալների, տեղեկությունների եւ ապացույցների հիման վրա, որոնք դռնբաց նիստում վիճարկելու արդյունավետ հնարավորություն են ունեցել դիմորդը կամ նրա ներկայացուցիչը:

2. Աջակից պետական մարմինների կողմից Քարտուղարությանը տրամադրված տեղեկությունները դիմորդին են ուղարկվում նրա խոցելիության ստուգման համար գումարվող նիստից առնվազն 10 օր առաջ՝ նիստին նախապատրաստվելու համար դիմորդին պատշաճ ժամանակ եւ հնարավորություն տալու նպատակով: Նշված ժամկետում դիմորդը իրավունք ունի Քարտուղարությանը ներկայացնել սեփական տվյալները, տեղեկությունները կամ ապացույցները, ինչպես նաեւ՝ պատճառաբանված միջնորդությամբ Հանձնաժողովից պահանջել ստանալու սահմանված ժամկետում իր համար այլ կերպ ոչ հասանելի ապացույցները:

3. Դիմորդը Հանձնաժողովի նիստին նախորդող 10 օրվա ժամանակահատվածում եւ Հանձնաժողովի նիստում ունի անձամբ կամ ներկայացուցչի միջոցով հանդես գալու իրավունք:

4. Դիմորդը իրավունք ունի հարցեր տալ իր վերաբերյալ Հանձնաժողովին տվյալներ, տեղեկություններ կամ ապացույցներ տրամադրած Աջակից պետական մարմինների եւ աջակցող անձանց ներկայացուցիչներին, հանդես գալ սեփական փաստարկներով եւ ներկայացնել սեփական տվյալները, տեղեկությունները կամ ապացույցները:

5. Դիմորդը իրավունք ունի բացարկ հայտնել Հանձնաժողովի անդամին՝ մատնանշելով այն հանգամանքները, որոնք իր կարծիքով, ողջամիտ դիտորդի մոտ կասկած են հարուցում Հանձնաժողովի տվյալ անդամի՝ իր գործով մասնակցության անաչառության նկատմամբ: Ամբողջ Հանձնաժողովին կամ Հանձնաժողովի միաժամանակ մեկից ավելի անդամին բացարկ հայտնելն արգելվում է:

6. Դիմորդը, իր պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու նպատակով իրավունք ունի վկայակոչել Հանձնաժողովի ՝ այլ դիմորդների վերաբերյալ նմանատիպ փաստերի առթիվ նախկինում արտահայտած դիրքորոշումները եւ տրված լուծումները:

Հոդված 26. Հանձնաժողովի գործունեության եւ դրա արդյունքների կայունության եւ ողջամիտ կանխատեսելիության սկզբունքը

1. Հանձնաժողովը, փաստերի հետազոտման եւ որոշումների կայացման ընթացքում պարտավոր է ապահովել իր գործունեության, այդ թվում՝ ապացուցողական չափորոշիչների եւ փաստի կանխավարկածների կիրառման եւ կայացվող որոշումների կայունությունն ու ողջամիտ կանխատեսելիությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված սկզբունքից բխում է, որ՝

1) Հանձնաժողովի ապացուցողական գործողությունները, այդ թվում՝ որոշակի ապացույցների ձեռք բերումն անհրաժեշտ համարելը եւ ձեռք բերելը (ներառյալ ձեռք բերման աղբյուրի եւ եղանակի որոշումը), ինչպես նաեւ՝ ապացույցների՝ առանձին-առանձին արժանահավատությանը, թույլատրելիությանը եւ վերաբերելիությանը, իսկ ամբողջության մեջ՝ գործով որոշում կայացնելու համար բավարար լինելուն վերաբերող որոշումները պետք է լինեն հասկանալի.

2) Հանձնաժողովի այդ որոշումները տվյալ դիմորդին, ինչպես նաեւ այլ դիմորդներին պետք է ողջամիտ հնարավորություն տան ըմբռնելու Հանձնաժողովի կողմից կիրառվող նորմերի մեկնաբանման մեթոդները եւ հիմնավորումները, ինչպես նաեւ իրավական նշանակություն ունեցող, այսինքն՝ այդ նորմերի մեկնաբանության տեսակետից նշանակալի փաստերի նմանության դեպքում՝ ողջամիտ ճշգրտությամբ կանխորոշելու կայացվելիք որոշումներն ու համակերպելու սեփական վարքագիծը Հանձնաժողովի որոշումների, գործողությունների եւ մեկնաբանությունների հետ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված կանոնները առավելագույն վերաբերելիության սկզբունքով կիրառվում են բոլոր այլ անձանց նկատմամբ, ովքեր մասնակից են Հանձնաժողովի հետ որեւէ իրավահարաբերության, այդ թվում՝ դիտորդների եւ դիտորդ չհանդիսացող լրատվամիջոցների նկատմամբ:

Հոդված 27. Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը

1. Հանձնաժողովի բոլոր, այդ թվում՝ բացարկի եւ ինքնաբացարկի վերաբերյալ որոշումները, կայացվում են բացառապես տվյալ հարցի՝ նիստի ընթացքում քննարկման առարկա դարձած փաստերի հիման վրա եւ ենթակա են հրապարակման: Բանավոր հրապարակվող որոշումների գրավոր օրինակները տրամադրվում են բանավոր հրապարակումից ոչ ուշ, քան՝

1) մեկ օրվա ընթացքում՝ բացարկի եւ ինքնաբացարկի առթիվ կայացվող, ինչպես նաեւ ընթացակարգային որոշումների հրապարակումից հետո.

2) տաս օրվա ընթացքում՝ այլ որոշումների հրապարակումից հետո:

2. Հանձնաժողովի բոլոր նիստերը դռնբաց են եւ ենթակա են առցանց հեռարձակման: Ընթացակարգային իր բոլոր որոշումները Հանձնաժողովը կայացնում նիստի ընթացքում:

3. Հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքի ապահովումը դրված է Հանձնաժողովի Քարտուղարության վրա, որը հանրության անմիջական իրազեկման եւ լրատվամիջոցների հետ համագործակցության իր լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի պաշտոնական կայքի (www.vetting.am ) միջոցով:

4. Հանձնաժողովը երաշխավորում է իր գործունեությանը վերաբերող ցանկացած տեղեկատվության որեւէ մենաշնորհեցման կանխումը, ինչպես նաեւ՝ բացառում ցանկացած խտրականություն դիտորդների, ինչպես նաեւ դիտորդ չհանդիսացող լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ: Հանձնաժողովի նիստերն անց են կացվում դիտորդների առավելագույն քանակի ներկայությունն ու արդյունավետ աշխատանքն ապահովող դահլիճում՝ Հանձնաժողովի աշխատանքների ձայնագրառման, տեսանկարահանման եւ առցանց հեռարձակման սարքերը նիստը սկսվելուց առաջ նախապես ֆիքսված վիճակում տեղադրելով: Հանձնաժողովի աշխատանքը լուսաբանող լրատվամիջոցները պարտավոր են, իրենց հերթին, չխոչընդոտել Հանձնաժողովի եւ մյուս լրատվամիջոցների, ինչպես նաեւ դիտորդների բնականոն գործունեությունը:

5. Հրապարակայնության եւ օգտագործվող փաստաթղթերի մատչելիության վերաբերյալ սույն Օրենքով չկարգավորված հարցերը կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Հակասությունների դեպքում գործում են դիտորդների, ինչպես նաեւ դիտորդ չհանդիսացող լրատվամիջոցների ներկայացուցիչների համար առավել բարենպաստ նորմերը: Տեղեկատվության ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է նախատեսված լինի օրենքով, հետապնդի իրավաչափ նպատակ, լինի համաչափ այդ նպատակին, Հանձնաժողովի կողմից ենթարկվի բացառապես սահմանափակ մեկնաբանման եւ կիրառվի առանց խտրականության եւ պատճառաբանված որոշմամբ (բանավոր կամ գրավոր):

6. Նիստերի դահլիճից դուրս գտնվող թարգմանիչների կողմից նիստի համաժամանակյա թարգմանությունը կազմակերպելու նպատակով, թարգմանության համար առանձնացված սենյակի հետ կապի համար տեղադրվում է ձայնային կապի համակարգ («sound system»):

Հոդված 28. Վարույթի լեզվի սկզբունքը

1. Հանձնաժողովում վարույթի լեզուն հայերենն է: Հանձնաժողովի բոլոր անդամները պետք է տիրապետեն հայերեն լեզվին՝ մայրենի լեզվի իմացության մակարդակով:

2. Հանձնաժողովի կողմից չեն կարող ուսումնասիրվել կամ օգտագործվել այնպիսի փաստաթղթեր կամ ապացույցներ, որոնց հայերեն պաշտոնական թարգմանությունը բացակայում է: Ցանկացած փաստաթուղթ կամ այլ ապացույց կարող է վկայակոչվել Հանաձնաժողովի կողմից միայն դրա հայերեն թարգմանության առկայության, այն դիմորդին նախապես (մեկ օրում 70 էջի ծանոթանալու հաշվարկով) տրամադրված լինելու եւ վարույթի ընթացքում դիմորդի կողմից այն մրցակցային արդյունավետ վիճարկման ենթարկելու (այդ թվում՝ թարգմանության ճշգրտության կամ լրիվության տեսակետից) հնարավորությունն ապահոված լինելու դեպքում:

3. Վարույթի որեւէ մասնակցի կամ բոլոր մասնակիցների կողմից համապատասխան օտար լեզվին տիրապետելը չի կարող հիմք հանդիսանալ սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված պահանջներից շեղվելու համար:

Գլուխ 5.

Դիմորդների խոցելիության ստուգման ընթացակարգը եւ սահմանները, Հանձնաժողովի եզրափակիչ որոշումների տեսակները եւ հետեւանքները

Հոդված 29. Խոցելիության ստուգման ընթացակարգային փուլերը եւ սահմանները

1. Դիմորդների խոցելիության ստուգման գործընթացը սկսվում է սույն Օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 45 օր հետո:

2. Խոցելիության ստուգման ընթացակարգային փուլերն են՝

ա) ստուգման ենթակա անձի կողմից իր խոցելիությունը ստուգելու խնդրանքով դատավորի կողմից Հանձնաժողովին դիմում ներկայացնելը.

բ) Հանձնաժողովի կողմից դիմորդի խոցելիության ստուգման համար նիստ նախապատրաստելը եւ նշանակելը.

գ) Հանձնաժողովի հրապարակային նիստում դիմորդի խոցելիության ռիսկերը ստուգելը.

դ) Հանձնաժողովի կողմից դռնփակ քննարկում անցկացնելը եւ եզրափակիչ որոշում կայացնելը (եզրակացություն տալը).

ե) Հանձնաժողովի որոշումը հրապարակելը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունների հերթականությունը փոփոխման ենթակա չէ: Մասնավորապես, արգելվում է խոցելիության ռիսկերի ստուգումը վերսկսելը՝ եզրափակիչ որոշում կայացնելու նպատակով դռնփակ քննարկումը սկսելուց հետո:

4. Դռնփակ քննարկման ընթացքում կարող են քննարկվել եւ կայացվող որոշման մեջ կարող են օգտագործվել միայն այն փաստերը, որոնք հետազոտվել են հրապարակային նիստի ընթացքում եւ որոնք վիճարկելու գործնական եւ իրական հնարավորություն է ունեցել դիմորդը:

Հոդված 30. Դիմորդի կողմից խոցելիության ստուգման խնդրանքով Հանձնաժողովին դիմում ներկայացնելը

1. Խոցելիության ստուգման հիմքը ստուգման ենթակա անձի կողմից այդ խնդրանքով Հանձնաժողովին դիմում ներկայացնելն է: Ստուգման ենթակա անձի կողմից սահմանված ժամկետում նման դիմում չներկայացնելը կամ ներկայացված դիմումը հետ վերցնելը իրավունքի ուժով հիմք է հանդիսանում Հանձնաժողովի կողմից սույն Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի (ա) կետով նախատեսված եզրափակիչ որոշումը կայացնելու համար («Դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայության մասին եզրակացություն»):

2. Ներկայացնող դիմումի մեջ նշվում են՝

ա) Դիմորդի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը.

բ) Ինքնակենսագրությունը՝ լրացված Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ձեւին համապատասխան.

գ) Ինքնակենսագրության մեջ նշված տվյալներն հաստատող փաստաթղթերի պատճենները.

դ) Դիմորդի հայտարարագիրը իր եւ իր մերձավոր ազգականների անձնական եւ խմբային, այն է՝ քաղաքական, կուսակցական, տնտեսական կամ քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ ունեցած կապերի վերաբերյալ, որում դիմորդը լրացնում է հետեւյալ հարցերի պատասխանները՝

- արդյո՞ք դուք կամ ձեր մերձավոր ազգականը երբեւէ անձամբ կամ այլ անձանց միջոցով հաղորդակցվել եք կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված անձանց հետ, որը պայմանավորված չի եղել դատավորի կամ այլ դատավարական կարգավիճակից բխող օրենքով սահմանված պարտականությունների կատարման անհրաժեշտությամբ.

- արդյո՞ք դուք կամ ձեր մերձավոր ազգականը երբեւէ անձամբ կամ այլ անձանց միջոցով որեւէ գույք, եկամուտներ, զեղչեր եք ստացել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված անձանց կամ նրանց ներկայացնող անձանց կողմից.

- արդյո՞ք դուք կամ ձեր մերձավոր ազգականը երբեւէ մերժում եք ստացել ԱՄՆ, Կանադա կամ ԵՄ որեւէ երկիր մեկնելու համար արտոնագիր ստանալու համար դիմելիս.

- արդյո՞ք դուք կամ ձեր մերձավոր ազգականը երբեւէ քաղաքական ապաստան եք հայցել այլ երկրում.

- արդյո՞ք ձեր մերձավոր ազգականներից որեւէ մեկը ունի այլ երկրի քաղաքացիություն:

ե) Դիմորդի հայտարարագիրը իր եւ իր մերձավոր ազգականների եկամուտների, գույքի (այդ թվում՝ դիմողի սեփական կամ նրա կողմից փաստացի օգտագործվող) եւ շահերի, ինչպես նաեւ դրանց ծագման աղբյուրների վերաբերյալ՝ կից փաստաթղթերով (ներառյալ՝ հայտարարագրում նշված եկամուտների, գույքի եւ շահերի ծագման հիմքում ընկած դիմորդի կամ նրա մերձավոր ազգականների մասնակցությամբ վերջին 15 տարում կնքված պայմանագրերը, գույքային իրավունքներ եւ պարտականություններ վերապահող ցանկացած այլ փաստաթուղթ).

զ) Դիմորդի գրավոր հայտարարությունը, որում առկա է իր հավաստումն այն մասին, որ նա աներկբայորեն եւ կամովին, ինչպես նաեւ դրա հետեւանքները պարզորոշ գիտակցելով հրաժարվում է՝

- Հանձնաժողովին տրամադրվող տեղեկությունների եւ փաստաթղթերի նկատմամբ գաղտնիության պահպանման իրավունքից եւ չունի այդ տեղեկությունների գաղտնիության պահպանման ողջամիտ ակնկալիք՝ Հանձնաժողովի կողմից դրանց անմիջականորեն ծանոթանալու եւ Աջակից պետական մարմինների եւ աջակցող անձանց կողմից տրամադրված տվյալները, տեղեկություններն ու ապացույցները ստուգելու ընթացքում.

- Հանձնաժողովի կողմից իր խոցելիության ստուգման նպատակով կիրառման ենթակա սույն Օրենքով սահմանված ապացուցողական չափորոշիչները վիճարկելուց.

է) Դիմորդի հայտարարությունը, որում առկա է իր հավաստումն այն մասին, որ նա տեղյակ է Հանձնաժողովի նիստում իր լռելու իրավունքից եւ կարող է հրաժարվել պատասխանել Հանձնաժողովի անդամների հարցերին, որը չի բացառում Հանձնաժողովի կողմից սույն Օրենքով սահմանված ապացուցողական չափորոշիչների կիրառումը՝ ուսումնասիրվող փաստերի հաստատման համար, մասնավորապես՝ որ նա տեղյակ է, որ լռություն պահպանելը այնպիսի փաստական հանգամանքներում, որոնք ողջամտորեն ենթադրում են իր կողմից որոշակի բացատրություն ներկայացնելու անհրաժեշտություն, ինչպես նաեւ իր կողմից հայտնած տվյալների, տեղեկությունների եւ ներկայացված ապացույցների իրականությանը չհամապատասխանելու փաստի ի հայտ գալը կարող են Հանձնաժողովի համար հիմք ծառայել դիմորդի համար ոչ բարենպաստ հետեւություններ անելու համար.

ը) Դիմորդի հայտարարությունը, որում առկա է իր հավաստումն այն մասին, որ նա տեղյակ է, որ իր կողմից դիմումը հետ վերցնելը, ինչպես նաեւ Հանձնաժողովին ակնհայտորեն կեղծ տեղեկություններ եւ ապացույցներ տրամադրելը իրավունքի ուժով հիմք է հանդիսանում Հանձնաժողովի կողմից սույն Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի (ա) կետով նախատեսված որոշումը կայացնելու համար («Դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայության մասին եզրակացություն»).

թ) Դիմորդի հայտարարությունը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու մասին.

ժ) Դիմումի ներկայացման ամսաթիվը, իսկ թղթային տարբերակն ուղարկելիս՝ նաեւ ստորագրությունը:

3. Սույն հոդվածում նախատեսված փաստերի առթիվ կեղծ տեղեկություններ եւ ապացույցներ տրամադրելը առաջացնում է քրեական պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով արդարադատության դեմ ուղղված հանցագործություն կատարելու համար:

Հոդված 31. Հանձնաժողովի կողմից դիմորդի խոցելիության ստուգման համար նիստը նախապատրաստելը եւ նշանակելը

1. Դիմորդների դիմումները ստանալուց հետո երեք օրվա ընթացում Հանձնաժողովը կազմում է դիմորդների խոցելիության ստուգման ժամանակացույցը: Խոցելիության ստուգումը հետեւյալ հերթականությամբ անցնում են՝ Սահմանադրական դատարանի դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր եւ ոչ դատավոր անդամները, Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների, Սնանկության դատարանի, Վարչական դատարանի, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների եւ Հակակոռուպցիոն դատարանի դատավորները:

2. Հանձնաժողովը ստացված բոլոր դիմումները էլեկտրոնային փոստով եւ թղթային տարբերակով , միաժամանակ ուղարկում է բոլոր Աջակից պետական մարմիններին՝ դիմումներում առկա տեղեությունների եւ դրանց հիմքում դրված փաստաթղթերի իսկությունը ստուգելու նպատակով: Յուրաքանչյուր դիմորդի համար յուրաքանչյուր Աջակից պետական մարմնի ուղարկվում է առանձին հարցում: Էլեկտրոնային փոստով նամակներն ուղարկելիս նամակի «Ստացող» դաշտում, բացի Աջակից մարմինների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեներից, նշվում են անհատապես Հանձնաժողովի բոլոր անդամների էլեկտրոնային փոստի հասցեները:

3. Աջակից պետական մարմինները կաշկանդված չեն Հանձնաժողովի կողմից իրենց ուղղված հարցման սահմաններով եւ կարող են Հանձնաժողովին ներկայացնել այլ տվյալներ, տեղեկություններ եւ ապացույցներ:

4. Աջակից պետական մարմինները Հանձնաժողովի հարցմանը պատասխանում են ողջամիտ արագության սկզբունքով, սակայն՝ ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Աջակից պետական մարմինները, Հանձնաժողովի՝ կոնկրետ դիմորդին առնչվող հարցման պատասխանը պատրաստ լինելուն պես, պարտավոր են այն ուղարկել Հանձնաժողովին՝ այդ թվում՝ էլեկտրոնային փոստով, ուղարկելով նամակը «Պատասխանել բոլորին» ձեւաչափով:

5. Աջակցող անձինք Հանձնաժողովին տեղեկություններ են ուղարկում մինչեւ տվյալ դիմորդի գործով Հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 6-րդ մասում նախատեսված գործողություններն սկսելը:

6. Հանձնաժողովը, ստանալով աջակից պետական մարմինների պատասխաններն ու աջակցող անձանց տրամադրած տեղեկություններն ու ապացույցները, դրանք կցում է դիմումատուի գործին եւ դրանք անմիջապես ուղարկում, այդ թվում՝ էլեկտրոնային փոստով, դիմորդին՝ «Ստացող» դաշտում նշելով անհատապես Հանձնաժողովի բոլոր անդամների էլեկտրոնային փոստի հասցեները՝ նշելով Հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը, ժամը եւ վայրը: Նիստը նշանակվում է պատասխան էլեկտրոնային նամակն ուղարկվելուց հետո 15 օրվա ընթացքում:

7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված նամակն ուղարկվելուց անմիջապես հետո Հանձնաժողովում վիճակահանության սկզբունքով որոշվում է առաջին գործով զեկուցողը, որից հետո, պատասխան նամակների ստացման հերթականությամբ, որպես գործերի զեկուցողներ հանդես են գալիս Հանձնաժողովի մյուս անդամները՝ բացառությամբ Հանձնաժողովի նախագահի՝Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից իրենց ըտրվելու հաջորդականությամբ:

8. Հանձնաժողովի նիստը նշանակվելուց հետո դիմորդին տրամադրվում է վճարովի հավելյալ արձակուրդ՝ մեկ ամիս ժամկետով՝ Հանձնաժողովի նիստին նախապատրաստվելու եւ մասնակցելու համար:

9. Խոցելիության ստուգման վարույթի հետ կապված ցանկացած այլ հաղորդակցություն կատարվում է դիմորդի էլեկտրոնային հասցեի միջոցով, որը նա տրամադրել է Հանձնաժողովին ուղարկված իր դիմումի մեջ:

10. Ծանուցման, ինչպես նաեւ ցանկացած այլ հաղորդակցության ստացման պատշաճ հավաստում է համարվում Հանձնաժողովի կողմից ուղարկված էլեկտրոնային նամակը ուղարկվելու անհնարինության մասին ինքնաշխատ ծանուցում չստանալու փաստը:

11. Հանձնաժողովի եւ դիմորդի, ինչպես նաեւ Հանձնաժողովի եւ Աջակից պետական մարմինների եւ աջակցող անձանց միջեւ ցանկացած ելքային եւ մուտքային հաղորդակցություն հանդիսանում է պաշտոեական հաղորդակցություն, որի առնչությամբ այդ հաղորդակցման որեւէ մասնակից չունի գաղտնիության ողջամիտ ակնկալիք:

12. Հանձնաժողովը, դիմորդի գործով վարույթի համար նշանակություն ունեցող, այսինքն՝ անձնական վերաբերելի կապերին եւ գույքային դրությանը առնչվող փաստերը պարզելու համար, իրավունք ունի՝

ա) Աջակից մարմիններից ստանալ նրանց կողմից այդ թվում՝ իր պահանջով ուղարկված ցանկացած վերաբերելի փաստաթուղթ.

բ) Աջակցող անձանցից ստանալ դիմորդի եւ նրա մերձավոր ազգականների վերաբերյալ տեղեկություններ եւ հանձնարարել Աջակից մարմիններին ստուգելու դրանց իսկությունը.

գ) կատարել անմիջական տեղազննություն՝ այցելելով եւ տեղում դիտարկելով դիմորդի անշարժ եւ շարժական գույքը.

դ) նշանակել փորձաքննություններ՝ դիմորդի ունեցած գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով.

ե) պարզաբանումներ պահանջել դիմորդից՝ վերջինիս կողմից Հանձնաժողովին ներկայացրած Գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում առկա տեղեկությունների վերաբերյալ.

զ) համապատասխան փորձագետներին կամ մարմիններին հանձնարարել անցկացնեու դիմորդների եւ նրանց մերձավոր ազգականների կենսակերպի ստուգումներ (lifestyle checks), անհրաժեշտության դեպքում՝ իրավասու մարմինների աջակցությամբ առանց տեխնիկական միջոցների արտաքին դիտում իրականացնելով.

է) նշանակել փորձաքննություններ՝ դիմորդի եւ նրա մերձավոր ազգականների «մաքուր կապիտալի» վերլուծություն («net worth analysis»), այն է՝ որոշակի ժամանակահատվածի համար գումարելով դիմորդի եւ նրա մերձավոր ազգականի բացահայտված եկամուտները եւ դրանցից հանելով նրանց ունեցվածքի, փաստացի օգտագործվող գույքի եւ ողջամտորեն կատարված եւ հայտնի ծախսերը՝ հնարավոր չբացատրված եկամուտների (ապօրինի հարստացման) չափը պարզելու համար:

Հոդված 32. Հանձնաժողովի կողմից դիմորդի խոցելիության ստուգման համար նշանակված նիստը եւ դրա ընթացքում կիրառվող ապացուցողական կանոնները

1. Հանձնաժողովը գործում է ողջամիտ արագության սկզբունքով: Հանձնաժողովի նիստի տեւողությունը չի կարող լինել 10 օրից ավելի: Նշված ժամկետի ավարտին դիմորդի համար անբարենպաստ որոշում կայացնելու անհնարինությունն արձանագրելու դեպքում, Հանձնաժողովը կայացնում է դիմորդի համար բարենպաստ որոշում:

2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, այսինքն՝ Հանձնաժողովի 6 անդամներից 4-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի՝ տվյալ դիմորդի ստուգման առթիվ հրավիրված նիստին մասնակցած, այն է՝ նիստի բացմանը ներկա գրանցված եւ ամբողջ նիստի ընթացքում ներկա գտնված անդամների՝ դռնփակ քննարկման ընթացքում տրված ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է դիմորդի օգտին կայացված:

2. Յուրաքանչյուր դիմորդի խոցելիության ստուգման նպատակով գումարվում է Հանձնաժողովի առանձին նիստ: Հանձնաժողովի նիստերը նախագահում է Հանձնաժողովի նախագահը, իսկ Հանձնաժողովի բոլոր անդամները հաջորդաբար՝ ըստ Ազգային Ժողովի կողմից ընտրվելու հաջորդականության, հանդես են գալիս որպես հաջորդ նիստի զեկուցող:

3. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են ըստ զեկուցողի կողմից ներկայացվող հարցերի հերթականության՝ Նախագահողի կողմից հարց տալու ցանկություն ունեցող Հանձնաժողովի անդամներին հերթագրելուց հետո:

4. Նիստի առաջին մասում քննարկվում են՝ Դիմորդի հայտարարագիրը, վերջինիս առթիվ Աջակից պետական մարմինների կողմից Հանձնաժողովին տրամադրված տվյալները, տեղեկությունները եւ ապացույցները դիմորդի եւ նրա մերձավոր ազգականների անձնական եւ խմբային, այն է՝ քաղաքական, կուսակցական, տնտեսական կամ քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ ունեցած կապերի վերաբերյալ:

5. Նիստի երկրորդ մասում քննարկվում են՝ Դիմորդի հայտարարագիրը, Աջակից պետական մարմինների կողմից վերջինիս առթիվ Հանձնաժողովին տրամադրված տվյալները, տեղեկությունները եւ ապացույցները դիմորդի եւ նրա մերձավոր ազգականների եկամուտների, գույքի (այդ թվում՝ սեփական կամ փաստացի օգտագործվող) եւ շահերի, դրանց ծագման աղբյուրների վերաբերյալ:

6. Տվյալ դիմորդի խոցելիության ստուգմանը նվիրված Հանձնաժողովի նիստին պարտադիր կերպով մասնակցում են այն Աջակից մարմինների ներկայացուցիչները, որոնք տեղեկատվություն են տրամադրել տվյալ դիմորդի վերաբերյալ:

7. Դիմորդներն ու Հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ Աջակից մարմինների ներկայացուցիչներին՝ տրամադրված տեղեկատվությունը պարզաբանելու նպատակով:

8. Աջակից մարմինների նիստին մասնակցող ներկայացուցիչները չեն կարող հարցեր տալ մեկը մյուսին:

9. Աջակից մարմինների ներկայացուցիչների կողմից ներկայացված տվյալների, տեղեկությունների եւ ապացույցների առթիվ Հանձնաժողովի անդամների մոտ որեւէ հարց չլինելու դեպքում Հանձնաժողովը, առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, կայացնում է սույն Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի (բ) կետով նախատեսված որոշումը («Դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության բացակայության մասին եզրակացություն»):

10. Սույն օրենքում վերը նշված կարգավորումներից բացի, սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում նախատեսված հարցերը Հանձնաժողովի կողմից քննարկելիս գործում են հետեւյալ ապացուցողական կանոնները՝

ա) դիմորդները, իրենց եւ իրենց մերձավոր ազգականների եկամուտների կամ գույքի ծագումը նշելիս, պարտավոր են բացահայտել իրենց եւ իրենց մերձավոր ազգականներին նվիրատվություն տրամադրած անձանց ինքնությունը, ինչպես նաեւ՝ նվիրատվության չափը հիմնավորող՝ նվիրատվություն տրամադրած անձանց եկամուտների աղբյուրը, ունեցած գույքը (սեփական եւ փաստացի օգտագործվող), ինչպես նաեւ՝ ապացույցներ ներկայացնել նվիրատուի հետ փոխհարաբերությունների բնույթի վերաբերյալ: Նվիրատուի ինքնությունը դիմորդի կողմից չբացահայտելը, ինչպես նաեւ նվիրատուի եկամուտների աղբյուրի, ունեցած գույքի (սեփական եւ փաստացի օգտագործվող) եւ դիմորդի հետ հարաբերությունների բնույթի մասին տեղեկություններ եւ ապացույցներ տրամադրելուց հրաժարվելը Հանձնաժողովի համար կարող է հիմք ծառայել դիմորդի համար ոչ բարենպաստ հետեւություններ անելու համար.

բ) դիմորդի կողմից լռություն պահպանելը ցանկացած այլ փաստական հանգամանքներում, որոնք ողջամտորեն ենթադրում են իր կողմից որոշակի բացատրություն ներկայացնելու անհրաժեշտություն, ինչպես նաեւ իր կողմից հայտնած տվյալների, տեղեկությունների եւ ներկայացված ապացույցների իրականությանը չհամապատասխանելու փաստի ի հայտ գալը կարող են Հանձնաժողովի համար հիմք ծառայել դիմորդի համար ոչ բարենպաստ հետեւություններ անելու համար.

գ) Հանձնաժողովի անդամները որոշում են կայացնում բացառապես այն տեղեկությունների եւ ապացույցների հիման վրա, որոնք դռնբաց նիստում վիճարկելու արդյունավետ հնարավորություն են ունեցել դիմորդը կամ նրա ներկայացուցիչը.

դ) Հանձնաժողովն իր որոշումները կայացնում է միայն հայտնի աղբյուրներից ստացված, ձեռք բերման եղանակով եւ օգտագործման համար թույլատրելի եւ վերաբերելի ապացույցների հիման վրա.

ե) որոշման հիմքում դրվելու համար հաստատվում է տվյալ որոշում կայացնելու անհրաժեշտ ապացույցների՝ առանձին-առանձին՝ արժանահավատությունը եւ դրանց ամբողջության՝ բավարար լինելը.

զ) որպես Հանձնաժողովի կողմից վերջնական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ապացուցողական հիմք, թե՝ առանձին ապացույցների արժանահավատության եւ թե՝ դրանց ամբողջության բավարարության համար, սահմանվում է ողջամիտ կասկածից վեր շեմը, որը ենթադրում է հակառակը ողջամտորեն պնդելու անհնարինություն.

է) դիմորդի խոցելիության փաստը, դիմորդի կողմից այդ փաստի գիտակցումը, դիմորդի կողմից որեւէ արարք կատարելու կամ դրանից ձեռնպահ մնալու դիմորդի ցանկությունը, համաձայնությունը կամ հետեւանքների գիտակցումը կարող է ողջամտորեն բխեցվել գործի օբյեկտիվ փաստական հանգամանքներից.

թ) ապացուցման վերը նշված կանոնները Հանձնաժողովին չեն արգելում բոլոր ապացույցները գնահատել իրենց ամբողջության մեջ վերցրած սկզբունքի հիման վրա.

ժ) ապացուցման պարտականությունը փոխանցվում է դիմորդի վրա՝ վերջինիս կողմից ի պաշտպանություն իրեն ներկայացված թեզն ապացուցելու համար (affirmative defense) կամ երբ փաստի կանխավարկածը (presumption of fact) կիրառվում է դիմորդի դեմ: Նման կանխավարկածների գործողությունը պետք է լինի ողջամիտ սահմաններում, հաշվի առնի դիմորդի համար «խաղասեղանին դրվածի» կարեւորությունը եւ ապահովի արդար դատաքննության իրավունքը:

11. Հանձնաժողովի անդամները նիստի ընթացքում, մրցակցային վիճարկման բոլոր կանոններով, քննության են առնում խոցելիության ստուգման վարույթին վերաբերելի բոլոր փաստական հանգամանքները՝ անհրաժեշտության դեպքում Աջակից պետական մարմիններից պահանջելով ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հաստատել կամ հերքել քննության համար նշանակություն ունեցող որեւէ փաստ, այն է՝ գործողություն, դեպք կամ իրավիճակ:

12. Դիմորդն ունի բարեխիղճ վարքագծի կանխավարկած, որը կարող է հաղթահարվել միայն Հանձնաժողովի՝ վերը նշված ապացուցողական կանոններով, արդար դատաքննության արդյունքում կայացված եզրափակիչ որոշման հիմնավորվածության կանխավարկածով:

13. Բացառիկ դեպքերում Հանձնաժողովը նիստի ընթացքում, պատճառաբանված որոշմամբ սեփական նախաձեռնությամբ կամ դիմորդի միջնորդությամբ կարող է հրավիրել եւ հարցաքննել վկաների՝ այլ աղբյուրների միջոցով անհրաժեշտ փաստերի առկայությունը կամ բացակայությունը պարզելու անհնարինությունը հիմնավորելու դեպքում:

14. Ապացույցներ ձեռք բերելուն ուղղված վերը նշված գործողությունները Հանձնաժողովի կողմից կարող են կատարվել նաեւ դիմորդի միջնորդության հիման վրա: Հանձնաժողովը, սակայն, կարող է պատճառաբանված որոշմամբ մերժել դիմորդի այդ միջնորդությունը, եթե՝

ա) միջնորդություն է արվում ապացույցներ ձեռք բերել անթույլատրելի կամ անհնարին եղանակով.

բ) միջնորդությունն արվում է այնպիսի ապացույց ձեռք բերելու համար, որը վերաբերելի չէ Հանձնաժողովի կողմից կայացվելիք հնարավոր որոշումներից որեւէ մեկին.

գ) միջնորդությունն արվում է այնպիսի փաստ հաստատելու կամ հերքելու համար, որի հաստատումը կամ հերքումը որեւէ կերպ չի ազդելու Հանձնաժողովի կողմից կայացվելիք հնարավոր որոշումներից որեւէ մեկի ընդունման վրա:

15. Հանրահայտ կամ օրենքի ուժով հաստատված փաստերը ապացուցման կարիք չունեն:

Հոդված 33. Հանձնաժողովի կողմից դռնփակ քննարկում անցկացնելը եւ որոշում կայացնելը

1. Հանձնաժողովի կողմից դիմորդի խոցելիության ստուգման համար նշանակված նիստը ավարտվելուց հետո Հանձնաժողովն անմիջապես հեռանում է հարցի  դռնփակ քննարկման, որի ընթացքում նիստը Նախագահողի կողմից հաջորդաբար քննարկվում եւ քվեարկության են դրվում հետեւյալ հարցերը՝

ա) Արդյո՞ք դիմորդի մոտ առկա են անձնական կամ խմբային, այն է՝ քաղաքական, կուսակցական, տնտեսական կամ քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ ունեցած կապեր (այդ թվում՝ միջնորդավորված), ներառյալ՝ անձնական կամ այլ կախվածությունը (այդ թվում՝ միջնորդավորված) այդ կապերից, որոնք ողջամտորեն վկայում են այդ կապերի հանդեպ նրա խոցելիության մասին.

բ) Արդյո՞ք նշված կապերի կայունությունը եւ ինտենսիվությունը (հաճախակիությունը եւ/կամ ազդեցության աստիճանը) եւ դիմորդի վերաբերմունքը (այդ թվում՝ վարքագծային) խոցելիության նշված ռիսկերի հանդեպ վկայում են դիմորդի պաշտոնեական գործունեության մեջ այդ ռիսկերի նյութականացման բարձր վտանգի կամ անխուսափելիության մասին.

գ) Արդյո՞ք դիմորդի նախկին վարքագծում առկա են անձնական կապերից խոցելիության ռիսկերի նյութականացման փաստեր.

դ) Արդյո՞ք դիմորդը կամ նրա մերձավոր ազգականը ստացել է չհիմնավորված կամ ողջամիտ հիմնավորում չունեցող եկամուտներ կամ գույք եւ արդյո՞ք դրանց նկատմամբ ունի սեփականության իրավունք կամ դրանք օգտագործում է փաստացի.

ե) Արդյո՞ք նշված եկամուտների կամ գույքի չափը, այն ստանալու պարբերականությունը (հաճախակիությունը եւ/կամ չափը) եւ դիմորդի վերաբերմունքը (այդ թվում՝ վարքագծային) խոցելիության նշված ռիսկերի հանդեպ վկայում են դիմորդի պաշտոնեական գործունեության մեջ այդ ռիսկերի նյութականացման բարձր վտանգի կամ անխուսափելիության մասին.

գ) Արդյո՞ք դիմորդի կամ նրա մերձավոր ազգականի դրսեւորած վարքագծում առկա են գույքային դրության հետ կապված խոցելիության ռիսկերի նյութականացման փաստեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «գ» եւ «զ» կետերում նշված փաստերը կարող են հիմնավորվել դիմորդի կողմից կամ նրա մասնակցությամբ կայացված դատական այնպիսի ակտերով, որոնցում արված դիմորդի դատողությունները եւ եզրահանգումները հակասում են իրար, ինչպես նաեւ որոնցում առկա են միեւնույն նյութական օրենքի կիրառմամբ (պատժի նշանակում, փաստի հաստատում) խիստ տարբերվող մոտեցումներ: Այս դեպքերում, ստուգման առարկա է հանդիսանում ոչ թե դատական ակտը, այլ՝ դիմորդի վարքագիծը՝ այն կայացնելիս կամ դրա կայացմանը մասնակցելիս:

3. Դռնփակ քննարկումն անցկացվում է տվյալ դիմորդի գործով վերջին նիստի օրը՝ նիստից անմիջապես հետո եւ տեւում է առավելագույնը 4 ժամ: Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ, այս ժամկետը կարող է երկարացվել եւս 2 ժամով: Դռնփակ  քննարկումը եւ քվեարկությունը տեղի է ունենում նույն օրը հակառակ ավագության սկզբունքով, այսինքն՝ առաջինը դիրքորոշում են հայտնում եւ ապա՝ քվեարկում Հանձնաժողովի առավել երիտասարդ անդամները, իսկ Հանձնաժողովի նախագահը իր դիրքորոշումը հայտնում եւ քվեարկում է վերջում:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի քննարկման եւ քվեարկության արդյունքներով Հանձնաժողովը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝

ա) Դիմորդի՝ դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայության մասին եզրակացություն.

բ) Դիմորդի՝ դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության բացակայության մասին եզրակացություն:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված որոշումներից յուրաքանչյուրը քվեարկվում է առանձին, ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի քննարկումից եւ քվեարկությունից հետո, նախքան սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված որոշումների առթիվ քվեարկություն անցկացնելը, նոր քննարկում չի անցկացվում:

6. Հանձնաժողովի այն անդամը (անդամները), որը համաձայն չէ մեծամասնության որոշման հետ, պարտավոր է ձեռնպահ մնալ այդ որոշումը ստորագրելուց եւ եզրակացության տեսակի հետ համաձայն չլինելու դեպքում՝ հայտարարել հատուկ կարծիք ներկայացնելու մասին:

7. Հանձնաժողովի եզրակացության տեսակի հետ մեկից ավելի անդամների համաձայն չլինելու դեպքում, հատուկ կարծիք կազմելու պարտականությունը նիստը Նախագահողի կողմից դրվում է  այդ անդամներից մեկի վրա՝ փոքրամասնության մեջ մնացած Հանձնաժողովի անդամների կարծիքը լսելուց հետո:

8. Հանձնաժողովի կողմից, առանց հարցը քննարկելու, սույն հոդվածի 4-րդ մասի (ա) կետով նախատեսված որոշումը կայացվում է նաեւ դիմորդի կողմից իր խոցելիության ստուգման մասին Հանձնաժողովին դիմում ներկայացնելուց հրաժարվելու, ինչպես նաեւ դիմորդի կողմից արդեն իսկ ներկայացված դիմումը հետ վերցնելու դեպքում:

Հոդված 34.  Հանձնաժողովի որոշմանն առաջադրվող պահանջները

1. Հանձնաժողովի որոշումը բաղկացած է նկարագրական, պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից:

2. Հանձնաժողովի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ընդ որում՝ Հանձնաժողովը պետք է պարզաբանի, թե ինչու է հանգել այս կամ այն հետեւության եւ ինչպես, այսինքն՝ որ ապացույցների հիման վրա, ինչու է այս կամ այն ապացույցը կամ դրանց ամբողջությունը համարել  ավելի արժանահավատ, ապացուցման ինչպիսի չափորոշիչ է կիրառվել յուրաքանչյուր փաստը հաստատված համարելիս, ինչպես նաեւ՝ ինչով է տարբերվում տվյալ գործը Հանձնաժողովի կողմից քննված այլ գործերից, որոնք ունեին նմանատիպ փաստակազմ, բայց որոնցով Հանձնաժողովը կայացրել էր այլ որոշում:

3. Հանձնաժողովի որոշման նկարագրական եւ պատճառաբանական մասերում կարող են վկայակոչվել բացառապես այն տեղեկություններն ու ապացույցները, որոնք հետազոտվել են Հանձնաժողովի նիստում:

4. Հանձնաժողովի որոշման եզրափակիչ մասը պետք է բխի որոշման պատճառաբանական մասից:

5. Հանձնաժողովի իրավական դիրքորոշում է համարվում միայն այն պատճառաբանությունը, որը դրսեւորվել է որոշման եզրափակիչ մասում: Գործի լուծումը չպայմանավորած դիրքորոշումները իրավաբանորեն առոչինչ են:

Հոդված 35.  Հանձնաժողովի որոշման հրապարակումը

1. Հանձնաժողովի որոշումը, ինչպես նաեւ հատուկ կարծիքի առկայության փաստը հրապարակվում են անմիջապես դռնփակ քննարկումից հետո անցկացվող նիստի ժամանակ: Հրապարակումից անմիջապես հետո Հանձնաժողովի որոշման եզրափակիչ մասը լուսապատճեննահանվում է Հանձնաժողովի նիստերի դահլիճում գտնվող համակարգչային տեխնիկայի օգնությամբ եւ անմիջապես ու միաժամանակ (այսինքն՝ մեկ նամակով) ուղարկվում Հանձնաժողովի լուսաբանման հայտ ներկայացրած լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեների միասնական («Ստացող») դաշտի էլեկտրոնային հասցեներին:

2. Հանձնաժողովի որոշման ամբողջական տեքստը կազմվում է որոշման եզրափակիչ մասի հրապարակումից հետո առավելագույնը 7 օրվա ընթացքում:

3. Հանձնաժողովի որոշման ամբողջական տեքստի հրապարակումից հետո առավելագույնը 8 օրվա ընթացքում Հանձնաժողովի եզրակացության տեսակի կամ դրա պատճառաբանության հետ համաձայն չլինելու դեպքում, Հանձնաժողովի անդամները ներկայացնում են, համապատասխանաբար՝ հատուկ կամ չհամընկնող առանձին կարծիք, որպիսիք անմիջապես հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

4. Որոշումն ու հատուկ եւ համընկնող առանձին կարծիքներն ամբողջությամբ տրամադրվում են դիմորդին:

Հոդված 36. Հանձնաժողովի որոշումների հետեւանքները

1. Հանձնաժողովի կողմից սույն Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի (ա) կետով նախատեսված որոշում կայացվելու դեպքում՝

ա) Սահմանադրական դատարանի դատավորի դեպքում՝ Հանձնաժողովի որոշումն ուղարկվում է Ազգային Ժողովի խմբակցություններին՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված կարգով ՝Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու համար.

բ) Բարձրագույն դատական խորհրդի դատավոր եւ ոչ դատավոր անդամների դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու համար:

գ) Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների, Սնանկության դատարանի, Վարչական դատարանի, առաջին ատյանի դատարանների եւ Կոռուպցիոն դատարանի դատավորների դեպքում՝ Հանձնաժողովի որոշումն ուղարկվում է Բարձրագույն դատական խորհրդին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու համար:

Գլուխ 6. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

Հոդված 37. Խոցելիության ստուգման արդյունքներով առաջացած հաստիքների համալրումը

1. Սույն Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի (ա), (բ) եւ (գ) կետերով նախատեսված հիմքերով, համապատասխանաբար՝ Սահմանադրական դատարանի դատավորի, Բարձրագույն դատական Խորհրդի անդամի, Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների, Սնանկության դատարանի, Վարչական դատարանի, առաջին ատյանի դատարանների եւ Կոռուպցիոն դատարանի դատավորների լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացվելու դեպքում, առաջացած թափուր հաստիքները համալրվում են ընդհանուր կարգով:

2. Սույն Օրենքի դրույթները չեն տարածվում Խոցելիության ստուգման արդյունքներով առաջացած թափուր տեղերում նոր ընտրված Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի դատավորների եւ Բարձրագույն դատական Խորհրդի անդամների, ինչպես նաեւ՝ վերաքննիչ դատարանների, Սնանկության դատարանի, Վարչական դատարանի, առաջին ատյանի դատարանների եւ Կոռուպցիոն դատարանի նոր նշանակված դատավորների վրա:

Հոդված 38. Դատավորների կադրային բազայի ապահովումը

1. Սույն օրենքն ուժ մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության դատական իշխանության թեկնածուների կադրային բազայի առկայության շարունակականությունն ապահովելու նպատակով, «ՀՀ դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի՝ 95-րդ հոդվածով նախատեսված կարգով դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար սահմանվում է 100 թեկնածուի թիվը՝ 2022թ. համար՝ բոլոր մասնագիտացումներով՝ ըստ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշվող մասնագիտացումների համամասնության:

2. Սույն Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի համաձայն, կազմում եւ հաստատում է սույն հոդվածի 1-ին մասերով սահմանված քանակներին համապատասխան դատավորների թեկնածուների ցուցակը 2022թ. համար, ինչպես նաեւ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակը:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված գործողությունները պետք կատարվում են առավելագույն սեղմ ժամկետներում՝ Հանձնաժողովի կողմից օբյեկտիվ որոշումների կայացումը ապահովելու համար՝ այն հաշվով, որպեսզի բացառվի Հանձնաժողովի որոշումների՝ սույն Օրենքի նպատակներից բացի այլ նպատակների իրագործելիությամբ պայմանավորված լինելը (դատավորների ծանրաբեռնվածության աճ եւ այլն), ինչպես նաեւ հետագայում այլ պատճառներով առաջացող թափուր հաստիքները բնականոն կերպով համալրելու համար:

Հոդված 39. Պետական բոլոր մարմինների Հանձնաժողովի հետ համագործակցելու պարտականությունը

1. Սույն Օրենքի պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո պետական բոլոր մարմինները պարտավոր են սկսել իրավաստեղծ եւ իրավակիրառ բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ իրենց իրավասության շրջանակներում Հանձնաժողովի առավելագույն համագործակցությունն ապահովելու համար, եւ դրանք ավարտին հասցնել մինչեւ սույն Օրենքը ուժի մեջ մտնելու օրը: Մասնավորապես, նշված ժամկետում Ազգային Ժողովը եւ Կառավարությունը պարտավոր են ավարտել սույն Օրենքից բխող կազմակերպական, իրավական եւ տեխնիկական միջոցառումների իրականացումը, այդ թվում՝

ա) Ազգային Ժողովը՝ Հանձնաժողովի ձեւավորման հետ կապված.

բ) Կառավարությունը՝ սույն Օրենքի կատարումը երաշխավորող անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման եւ Հանձնաժողովի, այդ թվում՝ Քարտուղարության աշխատանքների կազմակերպական, շենքային, տեխնիկական, սոցիալական եւ նյութական ապահովման հետ կապված, ներառյալ՝ Աջակից պետական մարմինների եւ աջակցող անձանց համագործակցության եւ Հանձնաժողովի տեղեկատվական համակարգի (այդ թվում՝ էլեկտրոնային արխիվի) անվտանգության եւ անխոցելիության մշտական ապահովումը.

գ) Բարձրագույն դատական խորհուրդը՝ դատավորների կադրային բազայի անխափան համալրումը:

Հոդված 40.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Գրություն

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Գրություն