Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 69-րդ հոդվածում «վարչական ակտերը,» բառերից հետո լրացնել «այդ թվում զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաեւ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի`
1) «ա» կետում «6 ամսվա» բառերը փոխարինել «2 ամսվա» բառերով.
2) «գ» կետում «3 ամսվա» բառերը փոխարինել «2 ամսվա» բառերով:
Հոդված 3. Օրենքի 82-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 88-րդ հոդվածը շարադրելն նոր խմբագրությամբ`
«Հոդված 88.Դրամական պահանջների կատարման կարգը
1. Դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Եթե վարչական մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռքբերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա մինչեւ գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը վարչական վարույթ իրականացնող մարմինը իրավասու է գումարի գանձման վերաբերյալ որոշումը կայացնելուց ոչ շուտ քան 10 օր հետո ընդունել պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում: Արգելանք դնելու մասին որոշումը սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո, եռօրյա ժամկետում, ուղարկվում է կատարման ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, բացառությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանք դնելու մասին որոշման: Արգելանքը դրվում է անհապաղ՝ պարտավոր անձի հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման սույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Դրամական պահանջները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը եւ կատարման վերաբերյալ գրություն որում նշվում են`
1) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացրած վարչական մարմնի անվանումը.
2) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.
3) վարչական ակտի համարը, որի հիման վրա դրամական պահանջը ներկայացվել է կատարման եւ գանձման ենթակա գումարի չափը.
4) վարչական ակտը ընդունելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.
5) վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը եւ ամսաթիվը.
6) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.
7) վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը:
5. Եթե վարչական մարմինը մինչեւ դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելը հետաձգել է վարչական ակտի կատարումը, ապա գրության մեջ նշվում է դրա կատարումը հետաձգելու ժամկետի ավարտը:
6. Գրությունը ստորագրում եւ կնիքով (առկայության դեպքում) հաստատում է վարչական ակտն ընդունած վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձը:»:
Հոդված 5. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունիսի 1-ից:
3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ընդունված դրամական պահանջի վերաբերյալ վարչական ակտերը կարող են ներկայացվել հարկադիր կատարման սույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո վեցամսյա ժամկետում: