Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի.
1. 1-ին մասի 1-ին պարբերությունը «պայմաններում» բառից հետո լրացնել «, մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը առանձնապես վնաuակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատել է առնվազն 7 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս» բառերով.
2. 2-րդ մասի 1-ին պարբերությունը «պայմաններում» բառից հետո լրացնել «, մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը վնաuակար, ծանր պայմաններում աշխատել է առնվազն 10 օրացուցային տարի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի.
1. 4-րդ կետում «տարիքային» բառը փոխարինել «մահացած կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային» բառով.
2. 5-րդ կետից հանել «կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին» բառերը.
3. 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ կետով.
«5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) եւ չի աշխատում.»,
4. 6-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
5. 6-րդ կետին հաջորդող 3-րդ պարբերությունում «եւ 6-րդ կետերում նշված անձանց եւ 5-րդ կետում նշված` ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի» բառերը փոխարինել «կետում» բառով.
6. 6-րդ կետին հաջորդող 4-րդ պարբերությունում «կետում» բառը փոխարինել «եւ 5.1-րդ կետերում» բառով:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի.
1. 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալի ու կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:
Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի արտադրյալն է:
Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
Կ=ՀXԳ+ՍXԱ, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,
Ա-ն` աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը:
2. Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`
1) մինչեւ 20 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,05.
2) 21-ից մինչեւ 50 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02.
3) 50 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,05:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`
ա) մինչեւ 20 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,05 X Ս բանաձեւով.
բ) 21-ից մինչեւ 50 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,02 X (Ս-20) բանաձեւով.
գ) 50 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1,6+0,05 X (Ս-50) բանաձեւով:».
2. 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
3. 5-րդ մասի «չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենuաթոշակի աշխատանքային մաuի» բառերը փոխարինել «չափի եւ մահացած կերակրողի անձնական գործակցի արտադրյալին գումարվում է աշխատանքային ստաժի տարիների եւ մեկ տարվա արժեքի արտադրյալի» բառերով.
4. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափով:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. Հիմնական կենuաթոշակի չափը, աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը եւ նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափը
1. Հիմնական կենuաթոշակի չափը, աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը եւ նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափը uահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հիմնական կենuաթոշակի չափը, աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը եւ նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափը չեն կարող պակաu լինել հիմնական կենuաթոշակի, աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքի եւ նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափի` նախկինում uահմանված չափերից:»:
Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի 100 տոկոսի չափով:»:
Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«Սկսած 2014 թվականի հունվարի 1-ից, հաշմանդամության աշխատանքային եւ սոցիալական կենսաթոշակին տրվում է հավելում`
1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.
2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1?ին:
Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված աշխատանքային կենսաթոշակները վերահաշվարկվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ սահմանված բանաձեւով, հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը եւ կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
Եթե վերահաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը (ներառյալ՝ սույն հոդվածով սահմանված հավելումը) ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափից:
Տեղեկանք-հիմնավորում
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
Նախագիծը ներկայացվում է ի կատարումն ՀՀ կառավարության գործունեության 2013 թվականի միջոցառումների ծրագրի:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված են պետական կենսաթոշակային ապահովության կառավարմանը եւ ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները: Օրենքը սահմանում է պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու եւ վճարելու պայմաններն ու կարգը:
Օրենքի առանձին դրույթների խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք չեն բխում ոլորտում վարվող քաղաքականության առաջնահերթություններից, չեն համապատասխանում ձեւավորված սոցիալ-տնտեսական իրողություններին եւ միջազգային փորձին:
Միաժամանակ, կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձեւը չի բխում ոլորտում վարվող քաղաքականության առաջնահերթություններից:
Մասնավորապես, 2014 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14000 դրամ, իսկ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը՝ 550 դրամ:
Արդյունքում` աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կկազմի շուրջ 37200 դրամ (2013 թվականին՝ շուրջ 31350 դրամ, աճը՝ շուրջ 18.4 %):
Սակայն հարկ է նկատի ունենալ, որ աշխատանքային կենսաթոշակների համար հատկացված լրացուցիչ շուրջ 29.0 մլրդ դրամ միջոցները համամասնորեն չեն բաշխվելու կենսաթոշակառուների միջեւ:
Կենսաթոշակի չափի աճը կկազմի՝
10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 9.5 %.
20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 12.9 %.
30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 15.4 %.
40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 17 %.
50 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 18.6 %.
60 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 19 %:
Վերը նշվածը չի բխում կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը եւ աղքատության ռիսկը նախ՝ նվազեցնելու, ապա՝ իսպառ բացառելու քաղաքականությունից:
3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները
Հաշվի առնելով առկա խնդիրները՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
Մասնավորապես, առաջարկվում է՝
1. աստիճանաբար վերացնել արտոնյալ պայմաններով կենսաթոշակների համակարգը՝ ի լրումն գործող պայմանների ավելացնել, որ անձն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի, եթե 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունի.
1) առաջին ցուցակի դեպքում՝ 7,5 օրացուցային տարվա արտոնյալ ստաժ,
2) երկրորդ ցուցակի դեպքում՝ 10 օրացուցային տարվա արտոնյալ ստաժ.
2. հստակեցնել կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, մասնավորապես՝
1) հստակեցնել մահացած կերակրողի պապի եւ տատի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը.
2) ծնողներին եւ ամուսնուն կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք վերապահել միայն կերակրողի մահվան պահին տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած լինելու կամ հաշմանդամ ճանաչվելու դեպքում.
3) ընտանիքի այլ անդամին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք վերապահել մահացած կերակրողի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքով զբաղված անձի կամ խնամակալի համար (այսինքն՝ եթե երեխան երկկողմանի ծնողազուրկ է կամ կորցրել է միակ ծնողին).
3. սահմանել, որ անձը երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունի, եթե 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունի երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող պահանջվող աշխատանքային ստաժի կեսը:
Միաժամանակ, առաջարկվում է՝
1) վերանայել աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձեւը եւ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկել Կ=Հ X Գ + Ս X ՍԱ բանաձեւով, որտեղ՝
ա. Կ-ն կենսաթոշակի չափն է,
բ. Գ-ն կենսաթոշակառուի անձնական գործակիցն է,
գ. Ս-ն աշխատանքային ստաժի տեւողությունն է,
դ. ՍԱ-ն աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքն է:
2) վերանայել կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու կարգը.
3) ՀՀ կառավարությանը վերապահել նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափ սահմանելու լիազորություն (նախատեսվում է 2014 թվականին նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափը սահմանել 18200 դրամ):
4. Ակնկալվող արդյունքը
Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում կենսաթոշակային ապահովության համակարգի բաշխողական բաղադրիչը (պետական կենսաթոշակային ապահովության համակարգը) կհամապատասխանեցվի արդի սոցիալ-տնտեսական իրողություններին՝ ապահովելով համակարգի ֆինանսական կայունությունը միջնաժամկետ եւ երկարաժամկետ ապագայում:
Միաժամանակ, կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձեւի վերանայումը այն համահունչ կդարձնի կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականության նպատակադրումներին՝ նպաստելով կենսաթոշակառուների շրջանում աղքատության նվազեցմանը:
Մասնավորապես, բանաձեւի փոփոխության արդյունքում, ի հաշիվ բարձր կենսաթոշակ ստացող (շատ աշխատանքային ստաժ ունեցող) անձանց կենսաթոշակի չափի աճի, ավելանում է ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակի չափը:
Միաժամանակ, կնվազի աղքատությունը կենսաթոշակառուների շրջանում:
Բանաձեւի փոփոխության արդյուքում, 2014 թվականին միչեւ 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուների կենսաթոշակի չափի աճը կկազմի 20-40 տոկոս (բանաձեւն անփոփոխ թողնելու դեպքում այդ ցուցանիշը կկազմի 8-10 տոկոս):
Բանաձեւի փոփոխության արդյունքում 2014 թվականին աշխատանքային կենսաթոշակի չափը`
1) չի աճի շուրջ 943 կենսաթոշակառուի համար (0,84 տոկոս), որոնք ունեն 68 տարուց ավելի աշխատանքային ստաժ (քանի որ նոր բանաձեւով հաշվարկված՝ կենսաթոշակի չափը ավելի ցածր է, ուստի այդ անձանց կվճարվի նախկին չափով` 70000 դրամ եւ ավելի),
2) կաճի մինչեւ 3 տոկոսով՝ շուրջ 1109 կենսաթոշակառուի համար (0,25 տոկոս),
3) կաճի 3-5 տոկոսով՝ շուրջ 3808 կենսաթոշակառուի համար (0,86 տոկոս),
4) կաճի 5-10 տոկոսով՝ շուրջ 52464 կենսաթոշակառուի համար (11,82 տոկոս),
5) կաճի 10-15 տոկոսով՝ շուրջ 93066 կենսաթոշակառուի համար (20,97 տոկոս),
6) կաճի 15-20 տոկոսով՝ շուրջ 180502 կենսաթոշակառուի համար (40,67 տոկոս),
7) կաճի 20-ից ավելի տոկոսով՝ շուրջ 111914 կենսաթոշակառուի համար (25,22 տոկոս):
Բանաձեւի փոփոխության արդյունքում կենսաթոշակի չափի աճը կկազմի՝
10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 23 %,
20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 23,8 %,
30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 19,6 %,
40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 14.3 %,
50 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 6.7 %,
60 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուի համար՝ 3,6 %:
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ: