Armenian ARMSCII Armenian
Կ-004-17.08.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը՝

ա. 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում,

բ. 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում,

գ. 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ երրորդ գոտում,

դ. 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ սույն կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերում չնշված գոտիներում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծը նպատակ ունի փոխել հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը եւ դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման նշանակություն, ինչպես նաեւ՝ կարգավորմանը տալ ավելի ընդգծված սոցիալական նշանակություն:

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ավելի քան հինգ տարի գործողության մեջ գտնվող կարգավորումը սկզբնապես ընդունվել էր ընդգծված տնտեսական նշանակությամբ: Առանց սահմանափակումների, այն նախատեսում էր վճարված եկամտային հարկը վերադարձնել ֆիզիկական անձանց՝ հիպոտեկային վարկերի դիմաց վճարած տոկոսները փոխհատուցելու նպատակով: 2018 թվականից արտոնության համակարգը փոփոխվել է՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածություն: Սահմանվել է, որ մեկ մարդը կարող է ծրագրից օգտվել միայն մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվելու նպատակով գնվող բնակարանի արժեքը սահմանափակվել է 55 մլն. դրամով:

Արտոնության կիրառության տարիների ընթացքում եւ, հատկապես, վերջին երկու տարիներին Կառավարության ֆինանսական աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը կտրուկ աճել է: Եթե 2015-2017 թվականներին ծրագրի նոր շահառուներ են դարձել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019 թվականներին շահառուների տարեկան աճը կազմել է մոտ 2000, իսկ 2020 թվականին՝ 5200 մարդ: Այս տարիների ընթացքում կտրուկ աճել են նաեւ պետական բյուջեից մեր հայրենակիցներին վերադարձվող եկամտային հարկի գումարները: Եթե 2016-2017 թվականներին պետական բյուջեից այս ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ. դրամ, ապա 2019 թվականին աճը կազմել է 3.3 մլրդ. դրամ, իսկ 2020 թվականին՝ 5.4 մլրդ. դրամ՝ հասնելով 13.3 մլրդ դրամի: Ներկայումս ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17 հազարը, իսկ այս տարեվերջին կկազմի ավելի քան 20 հազ մարդ, որոնց միջին հաշվով պետական բյուջեից վերադարվում է 1.1-ական մլն. դրամ: Այս տարվա բյուեջից վերադարձված եկամտային հարկի հանրագումարը կկազմի մոտ 21 մլրդ. դրամ: Այս ցուցանիշները վկայում են ծրագրային արտոնության՝ տնտեսական եւ սոցիալական ավելացող ազդեցության մասին:

Սակայն փաստ է, որ արտոնության արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակում է իրականացվել Երեւանում, իսկ առաջին տարիների ընթացքում հատկապես իրականացվել է Երեւանի կենտրոնում եւ կենտրոնամերձ հատվածում: Միայն վերջին տարիների ընթացքում է, որ նկատվում է կենտրոնից կառուցապատման հեռացվածության ավելացում: Առավել մտահոգիչ է, որ Երեւանից դուրս բնակարանաշինությունը դեռեւս աննշան չափով է կրում այս արտոնության դրական ազդեցությունը. Երեւանից դուրս իրականացվող կառուցապատման ծրագրերի շահառուների քանակը չի գերազանցում ընդհանուրի 7%-ը:

Հաշվի առնելով այս ծրագրի տնտեսական եւ սոցիալական զգալի ազդեցությունը՝ սույն փոփոխությամբ առաջարկվում է արտոնությանը տալ ուղղորդող այնպիսի նշանակություն, ինչը կխրախուսի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածությանը, ինչպես նաեւ՝ ավելի ընդգծել ծրագրի սոցիալական նշանակությունը: Առաջիկա երեք տարիների ընթացքում այդպիսի ուղղորդումը կազդի Երեւանում բնակարանային շինարարության բաշխվածության վրա, իսկ դրանից հետո կառուցապատման հիմնական ծավալները կտեղափոխեն դեպի Երանից դուրս գտնվող քաղաքային եւ գյուղական բնակավայրեր:

3.  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքի վարչական սահմաններում ըստ գոտիականության եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝

ա. 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքի առաջին գոտում,

բ. 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքի երկրորդ գոտում,

գ. 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքի  երրորդ գոտում,

դ. 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքի այլ գոտիներում:

Այսպիսով, առաջիկա երեք տարիների ընթացքում նոր կառուցապատումները կուղղորդվեն դեպի 4-րդ եւ ավելի բարձր գոտիներ եւ Երեւանից դուրս, իսկ սկսած 2025-ից առանց ժամկետային սահմանափակումների՝ դեպի Երեւանից դուրս գտնվող բնակավայրեր:

Միաժամանակ, հաշվի է առնվել նաեւ ընթացքի մեջ գտնվող կառուցապատման ծրագրերի համար այսօր գործող պայմանները չվատթարացնելու կարեւորությունը: Ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ ներկայումս սահմանված արտոնությունները կշարունակեն կիրառվել այն կառուցապատումների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվությունները ստացված կլինեն մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

Նախագծի ընդունմամբ չի դադարեցվի եկամտային հարկի վերադարձը այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչեւ սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները: Այս շրջանակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարներն այնպես, ինչպես ստացել են մինչեւ սույն օրենքի ընդունումը:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակն ու ժամկետներն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Առաջարկվող փոփոխությունը թույլ կտա պահպանել կառավարության ֆինանսական զգալի աջակցություն կրող այս ծրագրի տնտեսական եւ սոցիալական դրական ազդեցությունը եւ միաժամանակ դրանց կավելացնի մեկ նոր՝ ավելի հավասարաչափ քաղաքաշինական զարգացման ազդեցություն, որն էապես կբարելավի նաեւ այլ քաղաքային բնակավայրերում կյանքի որակը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Գրություն