Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-360-11.10.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-265-Ն օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից եւ 10-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


Հիմնավորում
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը 2010 թվականի դեկտեմբերի 22-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-265-Ն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված` երաշխիքային ֆոնդի կողմից ստացվող եկամուտների գծով արտոնության ուժի մեջ մտնելու ժամկետի վերանայումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. 2010 թվականի դեկտեմբերի 22-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-265-Ն օրենքի 10-րդ հոդվածով սահմանվել են որոշ եկամտատեսակներ (մասնավորապես` կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարված պարբերական եւ միանվագ երաշխիքային վճարներ, երաշխիքային ֆոնդի կողմից մասնակիցներին հատուցված եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ ձեռք բերված պահանջի հիման վրա դրանցից ստացված գումարներ, կատարված ներդրումներից ստացված եկամուտներ), որոնց մասով երաշխիքային ֆոնդը ազատվում է շահութահարկի վճարումից: Միաժամանակ, նույն օրենքով սահմանվել է, որ վերոնշյալ արտոնությունը ուժի մեջ է մտնելու 2014 թվականի հունվարի 1-ից:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2013 թվականի ընթացքում նախատեսվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով երաշխիքային ֆոնդին միանվագ երաշխիքային վճարների կատարում, ինչը նշանակում է, որ 2013 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար այդ գումարների մասով երաշխիքային ֆոնդի մոտ շահութահարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն կառաջանա, քանի որ դրանց գծով 2010 թվականի դեկտեմբերի 22-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-265-Ն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված արտոնությունները ուժի մեջ են մտնելու միայն 2014 թվականի հունվարի 1-ից:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ 2010 թվականի դեկտեմբերի 22-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-265-Ն օրենքի 10-րդ հոդվածի դրույթներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում են 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան 2013 թվականի ընթացքում երաշխիքային ֆոնդի կողմից ստացվող որոշ եկամուտների շահութահարկով հարկման ընթացակարգերն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է երաշխիքային ֆոնդի գործունեության համար ստեղծել նպաստավոր պայմաններ: