Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-361-14.10.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում «երթուղային տաքսի» հասկացությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«օպերատոր՝ Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «(այսուհետ՝ կազմակերպություններ)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում է օպերատորը:» բառերով:

2. 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ Երեւան քաղաքում, որտեղ երթուղիների սպասարկումն իրականացվում է Երեւանի ավագանու կողմից սահմանված փոխադրավարձով:

Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների աճ) կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ Երեւան քաղաքում մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ Երեւանի ավագանու որոշմամբ:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1. «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2. Լրացնել նոր «ը» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ՝

«ը) Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար սահմանված պետական տուրքը հաջորդող յուրաքանչյուր տարվա համար չվճարվելը:»:

2. 2-րդ պարբերությունում «սույն մասի «ա», «բ», «դ», «ե», «զ», «է» կետերով» բառերը փոխարինել «սույն մասի «ա», «բ», «դ», «զ», «է», «ը» կետերով» բառերով.

3. 5-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

1. Անհրաժեշտությունը.

2012 թվականի ապրիլին կայացել է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) նիստ եւ հաստատվել ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի ուսումնասիրության ենթակա հետեւյալ 3 ոլորտները՝ հանրային ծառայություններ, տրանսպորտի եւ կապի ոլորտ, առողջապահության, մասնավորապես, դեղերի որակի հսկողության ոլորտը: Համապատասխան ոլորտների ուսումնասիրությունն ուղղված է դրանք կարգավորող իրավական ակտերի կրճատմանը, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատմանը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Պետական հիմնարկի կողմից տրանսպորտի եւ կապի ոլորտն ուսումնասիրելիս այն բաժանվել է ենթաոլորտների, որոնցից հանդիսանում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտ ուղեւորների կանոնավոր փոխադրումների իրականացման ենթաոլորտը: Գործող օրենսդրությանը համապատասխան ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտ ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններն անցնում են երկու գործընթաց՝ լիցենզավորման եւ մրցույթի մասնակցության: Ընդ որում լիցենզաի ունենալը հանդիսանում է մրցույթի մասնակցության նախապայման: Պետք է նշենք, որ լիցենզավորման ժամանակ կազմակերպություններին գրեթե որեւէ պահանջ չի ներկայացվում, իսկ ներկայացվող մի քանի պահանջը (օրինակ տարիքը) ներառված է մրցույթի անցկացման կարգի մեջ: Ստացվում է, որ կազմակերպությունները հավելյալ անցնում են մեկ լրացուցիչ փուլ: Գործող օրենսդրությամբ ուղեւորների կանոնավոր փոխադրումներ կազմակերպությունները կարող են իրականացնել ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով: Միկրոավտոբուսների առկայությունը մասնավորապես Երեւան քաղաքում առաջացնում է մի շարք խնդիրներ կապված երթեւեկության ծանրաբեռնվածության, ուղեւորափոխադրումների իրականացման հարմարավետության հետ եւ այլն: Բացի այդ մրցույթի ժամանակ տրանսպորտային միջոցների գնահատումն իրականացվում է տեխնիկական չափորոշիչների եւ մի շարք սուբյեկտիվ հանգամանքների վրա, ինչը կյանքում չի ապահովում անվտանգ եւ հարմարավետ տրանսպորտային միջոցներով կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումը: Մրցութային կարգում հստակ սահմանված չեն մրցութային հանձնաժողոների ձեւավորման, մրցույթների անցկացման ժամանակացույցներին, տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը անհրաժեշտ է իրականացնել տրանսպորտի եւ կապի ոլորտում, մասնվաորապես ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտ ուղեւորների կանոնավոր փոխադրումների իրականացման ենթաոլորտ իրականացվող քաղաքականության փոփոխություններ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի նիստի արձանագրությունը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման միջոցով, հաշվի առնելով ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը եւ վերը թվարկված խնդիրները, ի նկատի ունենալով զարգացած եւ զարգացող մի շարք պետությունների ուսումնասիրված փորձը (Ավստրալիա, Լիտվա, Էստոնիա, Հոլլանդիա, Լեհաստան, Ուզբեկստան, Ռուսաստան եւ այլն), որոնց կարգավորումները տարբեր գնահատականների համաձայն համարվում են բարենպաստ տվյալ ոլորտի զարգացման եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների տեսանկյունից՝ առաջարկվում է.

1. ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտ ուղեւորների կանոնավոր փոխադրումների իրականացման համար լիցենզիայի պահանջը հանել.

2. ներդնել մեկ պատուհանի սկզբունքը՝ այսինքն կազմակերպությունը դիմում է մեկ մարմին (մրցութային հանձնաժողովը կազմավորող մարմին) եւ մրցույթում հաղթելու դեպքում վերջինից ստանում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը.

3. հստակ սահմանել տրանսպորտային միջոցներին ներկայցվող չափանիշների գնահատման համակարգը.

4. Երեւան քաղաքում սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտ ուղեւորների կանոնավոր փոխադրումների իրականացման առանձնահատկություններ, մասնավորապես ուղեւորափոխադրման իրականացման հնարավորություն տալ ավագանու կողմից սահմանված փոխադրավարձով, փոխադրումների իրականացման նախապատվություն տալ օպերատորին.

5. սահմանել երթուղու սպասարկման պետական տուրք.

6. սահմանել ավտոբուսներին եւ միկրոավտոբուսներին ներկայացվող ինչպես ընդհանուր (օրինակ՝ հաշմանդամների համար համապատասխան վերասարքավորումներ, տարիք), այնպես էլ կապված փոխադրման տեսակից (օրինակ՝ օդորակիչ) պահանջներ.

7. աահմանել փոխադրումների իրականացման հստակ ժամկետներ

8. կրճատել ավելորդ վարչարարությունը, մասնավորապես ժամանակը եւ փաստաթղթաշրջանառությունը.

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Առաջարկները մշակվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից եւ քննարկվել են ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ առաջարկների մշակման ընթացքում ուսումնասիրվել միջազգային փորձը տրանսպորտի եւ կապի ոլորտում:

6. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկների ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, միաժամանակ փոփոխելով համապատասխան կարգավորումները այնպես, որ կազմակերպությունները տվյալ գործունեությամբ զբաղվել առանց ավելորդ պահանջների եւ ծախսերի: Ամբողջությամբ ներդրվի մեկ պատուհան սկբունքը, կկրճատվի ավելորդ վարչարարությունը եւ փաստաթղթաշրջանառությունը: Հստակ կսահմանազատվի պետական տուրքի վճարման չափերը, ինչը հանարավորություն կտա արդարացի մոտեցում ցուցաբերել տուրքի չափի սահմանման ժամանակ՝ կապված գործարարության շահութաբերության հետ: Սույն փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա անցնել միասնական վճարային համակարգի, ինչը կձերբազատի վարորդների կողմից փոխադրավարձի հավաքման գործընթացից եւ անցում կկատարվի վճարման քաղաքակիրթ եղանակների:

Սույն օրենքների ընդունման դեպքում համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն սույն օրենքներն ընդունվելուց հետո 6-ամսյա ժամկետում: