Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-362-14.10.2013-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի «հավաքակայան» հասկացության մեջ «գիծ» բառը փոխարինել «ուղերթ» բառով:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի`

1. 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են կատարել տվյալ փոխադրումների եւ տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները եւ (կամ) անհատ ձեռնարկատերերը եւ (կամ) ֆիզիկական անձիք` լիցենզիայի առկայության դեպքում: Ֆիզիկական անձիք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են իրականացնել մեկ ավտոմոբիլով:»:

2. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն`

ա) տաքսամետրով (սակաչափիչով).

բ) զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչներով, իսկ տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձեւ դեղին գույնի տարբերանշան.

գ) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության եւ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվությունով.

դ) թափքի կողային մասում եւ ուղեսրահում գնացուցակ, որը առնվազն պետք է ներառի՝ ուղեւորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղեւորափոխադրման սակագինը, նստելավարձի եւ/կամ սպասելավարձի մասին տեղեկատվություն (առկայության դեպքում):

Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները թափքի կողային մասում պետք է ունենան շախմատաձեւ տարբերանշմամբ գծանշում:»:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի՝

1. 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Տաքսու ուղեսրահում դռների բացումը, դռների ապակիների իջեցումը, երաժշտության միացումը թույլատրվում են ուղեւորների եւ ավտովարորդի փոխհամաձայնությամբ: Տաքսի ավտոմոբիլներում ծխելն արգելվում է:

2. 5-րդ մասի «3-րդ եւ 4-րդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պատվերի եւ ուղեւորության համար վճարումը կատարվում է կանխիկ կամ անկանխիկ (փոխադարձ համաձայնության դեպքում)՝ տաքսամետրի ցուցմունքով:

Տրամադրված տաքսի-ավտոմոբիլի ծառայությունից հրաժարվելու դեպքում պատվիրատուից կարող է գանձվել ուղեւորափոխադրման նվազագույն արժեքը կամ նստելավարձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում

1. 3-րդ մասի «է» կետն ուժը կորցրած ճանաչել

2. 4-րդ մասը լրացնել ներ «զ» կետով հետեւյալ բովանդակությամբ՝

«զ) ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական եւ ավտովարորդների առողջական վիճակի ամենօրյա զննումը:»:

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտովարորդների էթիկայի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: